Փետրվար ամսին Լոս Անջենլեսի Pasadena civic auditorium սրահում՝ ավելի քան 2000 ունկնդրի առաջ, կայացել է սիրված երգչուհի Մոնիկա Նազարյանի մեծ մենահամերգը, որի տոմսերը նախապես սպառվել էին: Երգչուհին 2,5 ժամ շարունակ երգել է սիրելի ունկնդրի համար, որը վաղուց էր սպասում այս համերգին։
Երեկոն անցել է անմիջական մթնոլորտում: Համերգին մասնակցել է նաեւ Կարեն-Սեւակ բենդը:
Մոնիկա Նազարյանը կատարել է հին ու նոր սիրված ժողովրդական, աշուղական երգեր, քաղաքային ֆոլկլյոր, երկու պարսկական երգ եւ երկու զուգերգ: Հանդիսատեսի խնդրանքով նա երկու երգ էլ ակապելա է կատարել:
ԱՄՆ-ում կայացած այս բացառիկ մենահամերգը նվիրված էր Մոնիկա Նազարյանի բեմական գործունեության 10 եւ ծննդյան 30-ամյակներին:
Ավելի վաղ երգչուհին համերգներ է ունեցել Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում: Մոնիկա Նազարյանը Գլենդելի քաղաքապետի կողմից շնորհակալագիր է ստացել՝ ժողովրդական, աշուղական երգը լավագույնս ներկայացնելու, տարածելու, պահպանելու համար: Երգչուհին իր այցեքարտային կատարումներն է համարում «Մայրը սուրբ է» եւ գուսան Աշոտի «Ինչ անեմ» երգերը: Վերջին ստեղծագործությունը նա սովորաբար կատարում է դաշնամուրի նվագակցությամբ:
Մոնիկա Նազարյանն ասում է, որ Pasadena civic auditorium-ում կայացած համերգով ինքն իրեն յուրօրինակ նվեր է մատուցել ծննդյան 30-ամյակի առիթով, իսկ ավելի վաղ տարեդարձը նշել էր հարազատների հետ: Համերգը Pasadena civic auditorium-ում կազմակերպել էր ARTN հեռուստաընկերության սեփականատեր Ռոբերտ Օղլաղչյանը, մենահամերգի կազմակերպչական եւ այլ հարցերում երգչուհուն աջակցել է ամուսինը՝ Դավիթը:
orer.eu