Երվանդ Քոչարի տարածանկարը՝ Փարիզի Պիկասոյի թանգարանում

  • 01.02.2024
  • 0
  • 316 Views

Երեւանի Երվանդ Քոչարի թանգարանը տեղեկացնում է, որ Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-30-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված “Dans l’appartement de Léonce Rosenberg : De Chirico, Ernst, Léger, Picabia…” ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում է նաև Երվանդ Քոչարի 1934թ. ստեղծած տարածանկարը:

Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ, Ռոզենբերգը վերափոխեց իր փարիզյան տունը՝ ի պատիվ այն արվեստագետների, որոնց այդքան սիրում էր: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորեց մեկ նկարչի աշխատանքներով: Ընդհանուր առմամբ, 12 նկարիչներ և քանդակագործներ արժանացան այդ պատվին, նրանց ստեղծագործությունները ցուցադրվեցին ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում… Այս աշխատանքները զուգակցելով նաև կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծեց ժանրերի անսովոր խառնուրդ :

Ընտրյալ արվեստագետների շարքում էր նաև Երվանդ Քոչարը. նրա 1934թ. ստեղծած տարածանկարը, որն այժմ պատկանում է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուին, նույնպես ներառված է այս ցուցադրությունում:

Ցուցադրությունում կան նաև Մաէստրո Քոչարի արվեստին նվիրված այլ հղումներ և հիշատակություններ…

Ցուցահանդեսը բաց է 2024 թ. հունվարի 30-ից մայիսի 19-ը:

Ցուցահանդեսի ՓԱԿ բացման արարողությանը ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը։

Ցուցահանդեսի կազմակերպմանը մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Աղբյուր՝ Երվանդ Քոչար թանգարան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում