Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան հանդես եկավ բեռլինահայ աշակերտների համար

  • 30.01.2024
  • 0
  • 278 Views

Հունվարի 28–ին՝ հայոց բանակի տոնի օրը և Բարեկենդանին ընդառաջ, Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան ինտերակտիվ ներկայացմամբ հանդես եկավ Բեռլինի «Գիտելիք» կիրակնօրյա դպրոցի աշակերտների համար։  

«Առցանց այս աշխատաոճը մենք վաղուց ենք որդեգրել, երբ Շուշի քաղաքում առաջին անգամ ծանոթացանք թատրոնին։ Մի շարք ներկայացումներ ենք կազմակերպել դպրոցականների համար։ Պատերազմի օրերին ընդհատումներ եղան, բայց հիմա նորից վերսկսեցինք։ Ուրախ եմ, որ կկարողանանք համագործակցել։ Այս հանդիպումը համընկավ Բարեկենդանի տոնի հետ, դրա համար էլ  ընտրեցինք «Բարեկենդան» համանուն ներկայացումը»,– մեզ հետ զրույցում նշեց «Գիտելիք» կիրակնօրյա դպրոցի տնօրեն տիկին Լիլիթ Հակոբյանը։  

«Այս և նման մշակութային միջոցառումները շատ եմ կարևորում։ Նախորդ բոլոր ներկայացումներից իմ երեխաները շատ տպավորված էին, վստահ եմ այս մեկից ևս։ Տանն անգամ հաճախ կրկնօրինակում են տեսածն ու սովորածը։ Սա յուրօրինակ կապ է հայրենիքի հետ, իսկ արցախցու համար ոգու բարձրացում, որ զգա մշտապես՝ ինքը մենակ և մոռացված չի»,– նշեց ծնողներից մեկը և հավելեց․ «Մենք պարտավոր ենք անդադար նրանց աջակցել, մինչև հաղթական Արցախը վերածնվի»։

Արմեն Գաբրիելյանը Շուշիի Խանդամիրյանի անվան թատրոնի դերասաններից մեկն է։ 44 օրյա պատերազմից հետո հաստատվելով Ստեփանակերտում, նա բացել է «Ծիլ» տիկնիկային ստուդիան և մոնոներկայացումներով է հանդես եկել՝ խաղալով միաժամանակ մի քանի կերպար։ Հաճախ շրջագայել է ողջ Արցախի գյուղերով։ Թատրոնի մնացած անձնակազմը հաստատվել է Գյումրիում, քանի որ իրենց ծրագրերի ղեկավարը՝ Լիլիթ Մկրտչյանը, գյումրեցի է և նրանց օգնել էր ապաստան գտնել իր քաղաքում։

«Քսան թվի պատերազմից հետո իրենք արդեն Գյումրիից  գնում–գալիս էին Ստեփանակերտ։ Այդ ժամանակ իրենց բյուջեն կար, տրամադրվում էր, որ անձնակազմը պահպանվեր։ Հանդես էին գալիս նաև Գյումրիում։ Այդ ընթացքում մեր դպրոցն էլ հովանավորեց։ Մեր աջակցությամբ հինգ ներկայացում տեղի ունեցավ Ստեփանակերտի մանկապարտեզներում։ Արցախի բռնի հայաթափումից հետո լսեցի, որ գեղարվեստական ղեկավարը՝ Աշխեն Հարությունյանը, կարծեմ մեր ԿԳՄՍ նախարարության որևէ բաժնում է արդեն աշխատում»,– մեզ հետ զրույցում պատմեց տիկին Հակոբյանը։

Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի հիմնադիր Արմեն Գաբրիելյանն այժմ Երևանում է հաստատվել։ Ակտիվ աշխատում է, տարբեր տեղերում է հանդես գալիս։ Հիմա ևս տիկնիկները հաճախ վերցնում, գնում է շրջաններ։ 

«Շատ պրոֆեսիոնալ և ազնիվ տեսակ է։ Օրինակ՝ այս անգամ ձայնի հետ կապված տեխնիկական որոշակի խնդիր ունեինք, ինքը վարպետորեն կարողացավ վարել։  Ներկայացումը, ինչպես գիտեք, ինտերակտիվ էր, տեսաք՝ թե ինչ հմուտ ձևով նա կատարեց ամբողջ ընթացքը։ Ծրագրում ենք զարգացնել համագործակցությունը ստուդիայի հետ»,– հավաստիացրեց տիկին Հակոբյանը։

Տիկնիկային ներկայացումը դիտելուց հետո դպրոցի սաներն իրենք հանդես եկան Բարեկենդանի տոնի մասին պատմող միջոցառմամբ, որի գեղարվեստական ղեկավարն էր  տիկին Նարինե Դավթյանը։ 

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում