
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան խորհրդարանական պատվիրակության գլխավորությամբ կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Ուղևորությունը տեղի կունենա հունվարի 31-ից փետրվարի 2-ը։
Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Նախագահ Պեկարովա Ադամովան Երևանում, ի թիվս այլոց, կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, իսկ Բաքվում՝ նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Չեխիայի խորհրդարանի պատվիրակության այց ԵՄ դիտորդական առաքելության Լեռնային Ղարաբաղի սահմաններ։
Բացի այդ, խորհրդարանական պատվիրակությանը կուղեկցեն ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք մտադիր են ներթափանցել երկու կովկասյան երկրների շուկաներ կամ խորացնել արդեն գործող չեխ-հայկական կամ չեխ-ադրբեջանական գործարար համագործակցությունը։
Հիշեցնենք, որ Մարկետա Պեկարովա Ադամովան ԹՈՓ 09 կուսակցության նախագահն է ։ Կուսակցությունը հիմնադրել էր երջանկահիշատակ նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը։ Տիկին Պեկարովա Ադամովան Պատգամավորների պալատի նախագահ է 2021 թվականի նոյեմբերից՝ հինգ կուսակցությունների կոալիցիոն կառավարություն կազմելու արդյունքում։
orer.eu