«Կլիմա՞, թե՞ ժողովրդավարություն». Չեխական օրաթերթի ուշագրավ վերլուծականը

  • 15.01.2024
  • 0
  • 244 Views

«…Այս իրականությունը չի փոխվի անգամ հաջորդ COP 29 կլիմայական համաժողովով, որը տեղի կունենա այս տարվա վերջին Ադրբեջանում։ Մի երկիր, որի հարստությունը, ինչպես նաև ռազմական հզորությունը հիմնված են նավթի և գազի արտադրության վրա։ Եվ հենց այդ դաժան ռազմական ուժի կիրառմամբ է այն Լեռնային Ղարաբաղից վտարել հայերին». չեխական մամուլ

«Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Դուբայում անցկացվեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի, այսպես կոչված, Կողմերի 28-րդ (COP28) համաժողովը»,- գրել է հունվարի 12-ի չեխական ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ պարբերականը «Կլիմա՞, թե՞ ժողովրդավարություն» հոդվածի նախաբանում՝ անդրադառնալով մարդկության համար ոչ պակաս գոյաբանական խնդիր հանդիսացող կլիմայի փոփոխության սպառնալիքին։

«Երբ Ուկրաինան պաշտպանվի մեր օգնությամբ, կլիմայի պաշտպանությունը նույնպես կլինի Եվրոպայի օրակարգում» ենթավերնագրի ներքո հեղինակը՝ (բնապահպան և ԲՈՒՀ-ի դասախոս) Պավել Նովաչեկը, միաժամանակ զուգահեռներ է անցկացրել ճգնաժամային երկու խնդիրների միջև՝ հիշեցնելով հետևյալը.

«Տարեվերջին ռուսներն իրականացրին Ուկրաինայի քաղաքների մինչ այժմ ամենաինտենսիվ օդային ռմբակոծությունը՝ (սկսած Լվովի արևմտյան հատվածից, անցնելով Կիևով դեպի Օդեսա և հասնելով Դնեպրից մինչև Խարկովի արևելք)։ Թիրախավորված հարձակումները շարունակվել են նույնիսկ այս տարվա սկզբին։ Ինչո՞վ են այս երկու իրադարձությունները միմյանց կապակցված։ Կարելի է ասել՝ ավելի շատ հանգույցներով, քան տեսանելի է»,- համեմատել է հեղինակը, որի վերլուծությամբ Դուբայի գագաթնաժողովին մասնակցող պետությունների կեսից ավելիի գլխավոր պահանջներից մեկն եղել է էներգետիկ նպատակներով հանածո վառելիքներից փուլային հրաժարվելու հարցը, ինչին անզարմանալիորեն դեմ են հանդիսացել նավթ արտահանող ոչ ժողովրդավարական պետությունները՝ (Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրաքը և այլն):

Նովաչեկի դիտարկմամբ. «Մասնակիցներին ընդունող երկիրն ինչ-որ առումով մանևրել է այս հակասական պահանջների միջև, եթե հաշվի առնենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունները յոթերորդ խոշորագույն նավթարդյունահանողն է աշխարհում։ Ուստի, համաժողովի նախագահ Սուլթան Ահմեդ ալ-Ջաբիրը որոշակիորեն հայտնվել է շիզոֆրենիկ վիճակում, քանի որ նա նաև Աբու Դաբիի ազգային ADNOC նավթային ընկերության ղեկավարն է»։

Ինչպես հավաստում է օրաթերթը, գրեթե հարյուր երկրներ, Եվրամիության բոլոր երկրները ներառյալ, պահանջելով աստիճանաբար դադարեցնել նավթի, գազի և ածուխի արդյունահանումն ու օգտագործումը, բախվել են ընդդիմության՝ մասնավորապես Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ (ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ)-ի կողմից։

«Այդպիսով խնդիրը դարձել է անվերջ քննարկումների առարկա. «հեռացու՞մ» հանածո վառելիքներից, թե՞ պարզապես «անցում» հանածո վառելիքներից այլ միջոցների»,- կշռադատելով առաջարկվող տարբերակները՝ ընդգծել է չեխ բնապահպանը և հավելել. «ՕՊԵԿ-ի երկրները, Ռուսաստանի հետ միասին, նույն անհեթեթությամբ պնդում էին, որ համաժողովը պետք է կենտրոնանա արտանետումների կրճատման վրա, այլ ոչ թե կլիմայի փոփոխություն առաջացնող ջերմոցային գազերի աղբյուրների վրա: Դե իհարկե, երբ հարմար է, կարող ենք պատճառը փոխարինել հետևանքով»։

«Խոսքերն ու գործողությունները հակասում են միմյանց» վերնագրով պարբերության ներքո օրաթերթը նշել է հետևյալ կարևորությունը.

«Հավաստի տվյալներով՝ 97,372 պատվիրակներ գրանցվել են COP 28-ին, ևս 3,074 մասնակիցներ միացել են վիրտուալ համացանցի միջոցով: Սա բավականին պարկեշտ ներդրում է կլիմայի փոփոխության հարցում, եթե հաշվի առնենք օդային տրանսպորտի, մարդկանց բնակեցման, նիստերի սենյակների օդորակման և այլնի էներգետիկ պահանջները»։

Հոդվածագիրն անտարբեր չի եղել նաև այն փաստի նկատմամբ, որ համաժողովին մասնակից քաղաքական ներկայացուցիչների հայտարարություններն ու վերաբերմունքը երբեմն կտրուկ հակասել են միմյանց՝ հանգամանալից ներկայացնելով առաջարկների և հակադրությունների ընթացքըը։

«Դուբայում COP 28-ը պետք է նշանակի հանածո վառելիքի օգտագործման ավարտի սկիզբը։ Մենք պարզապես պետք է ազատվենք հանածո վառելիքից»,– կոչ է արել հանուն կլիմայի գործողությունների Եվրամիության հանձնակատար Վոպկե Հոկստրան։ Ի հակադրություն այդ հայտարարության, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և փոխարտգործնախարար Վինայ Մոհան Կվատրան արձագանքել են խստագույնս անկեղծ հայտարարությամբ.«Ածուխը հանդիսանում է և կմնա Հնդկաստանի էներգետիկ կարիքների կարևոր մասը»:

Գործնականում նույն դիրքորոշումն ունի և հարևան Չինաստանը, միայն թե այն չի հայտարարում այդպես բացահայտորեն։ Այս երկու երկրներն էլ ունեն մեծ ուժային հավակնություններ, անցնում են արդյունաբերականացման գործընթացով և ներկայացնում են մոլորակի երեք միլիարդ բնակչության թվաքանակ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դա նույնիսկ դիտարկում է այլ տեսանկյունից. «Արտանետումների համաշխարհային գագաթնակետին պետք է հասնենք մինչև 2025 թվականը։ Պետք է աստիճանաբար հրաժարվենք հանածո վառելիքից և պետք է նվազեցնենք մեթանի արտանետումները»,– մեջբերումների հերթականությամբ քննարկումները նկարագրել է օրաթերթը։

Հոդվածագրի մեկնաբանությունից ակնհայտ է, որ եվրոպական և հնդկական պահանջները հայտնված են խիստ հակադրության մեջ: «Հավասարապես հակասական են նաև այն պետությունների խոսքերն ու գործողությունները, որոնց հարստությունը հիմնականում բխում է հանածո վառելիքի արդյունահանումից։ Այս իրականությունն, ամենայն հավանականությամբ, չի փոխվի անգամ հաջորդ COP 29 կլիմայական համաժողովով, որը տեղի կունենա այս տարվա վերջին Ադրբեջանում։ Մի երկիր, որի հարստությունը, ինչպես նաև ռազմական հզորությունը հիմնված են նավթի և գազի արտադրության վրա։ Եվ հենց այդ դաժան ռազմական ուժի կիրառմամբ է այն Լեռնային Ղարաբաղից վտարել հայերին։ Ահա նման մի բան, թերևս ավելի մեծ մասշտաբով, Ռուսաստանը փորձում է իրականացնել Ուկրաինայում»,- շեշտադրել է չեխ վերլուծաբանը՝ վերհիշելով Արիզոնա նահանգի սենատոր Ջոն Մաքքեյնի «Ռուսաստանը գազալցակայան է, որը փորձում է իրեն որպես երկիր ձևացնել» երբեմնի հայտարարությունը։

Open photo

«Այս տարի Ռուսաստանը մտադիր է պետական ​​ծախսերի մեկ երրորդը հատկացնել զինված ուժերին: Ուստի Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորում է Սիբիրում ունեցած իր հանքային հարստությունից, և իրեն ամենևին չի հետաքրքրում, որ այդպիսով ջերմոցային գազերի արտանետումները կշարունակեն աճել: Ընդ որում, խոսքը վերաբերվում է ոչ միայն հանածո վառելիքին և զենքի արտադրությանն ու կիրառմանը, այլ նաև Ուկրաինայում ոչնչացված ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի ապագա վերակառուցումը կպահանջի հսկայական քանակությամբ պողպատ և ցեմենտ (ի թիվս այլ բաների), որի արտադրությունը նույնպես առաջացնում է ահռելի քանակությամբ ջերմոցային գազեր»,- ընդգծել է բնապահպանը։

«Պաշտպանությունն առաջնային է» եզրափակիչ պարբերության ներքո օրաթերթը ներկայացրել է հետևյալ եզրահանգումը. «Այսպիսով, եթե տնտեսապես ու տեխնոլոգիապես զարգացած աշխարհը (և հատկապես Եվրամիությունը, որն առաջին հերթին է մտահոգված) ցանկանում է ինչ-որ կարևոր բան անել կլիմայի պաշտպանության համար, ապա պետք է կտրուկ ավելացնենք ռազմական և այլ տեսակի աջակցությունների ցուցաբերումը Ուկրաինային, դրա հետ մեկտեղ նաև՝ մեր սեփական սպառազինության ծախսերը (թեև այն չի կարող կազմել բյուջեի ուղիղ մեկ երրորդը, ինչպես Ռուսաստանում կամ Հյուսիսային Կորեայում)։

ԵՄ-ն նպաստում է ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների մոտ յոթից ութ տոկոսին և ձգտում է, այսպես կոչված, «ածխածնային դաշտում» հնարավորինս շուտ լինել չեզոք՝ այդպիսով ցանկանալով օրինակելի դեր խաղալ այլ երկրների և տարածաշրջանների համար։ Անշուշտ, դա լավ է։ Բայց չեմ կարծում, որ հիմա դա պետք է լինի մեր առաջնահերթությունը, երբ դեռ թիկունքում ունենք ագրեսիվ Ռուսաստանին:

Եթե ​​Ուկրաինան մեր օգնությամբ պաշտպանի իր ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունը, Եվրոպան ապագայում նույնպես կկարողանա իրականացնել կլիմայի պաշտպանության իր հավակնոտ նպատակները։ Իսկ եթե ​​հաղթի Ռուսաստանը, մնացած Եվրոպան կունենա բոլորովին այլ մտահոգություններ և առաջնահերթություններ երկարաժամկետ հեռանկարում։ Դեռ ավելին, այդպիսով Ռուսաստանը կդառնա մյուս ավտորիտար և տոտալիտար ռեժիմների համար ոգեշնչող ուժ և իրեն հետևելու արժանի օրինակ, որոնք արհամարհում են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և միջազգային կոնվենցիաները (ներառյալ կլիմայական պարտավորությունները)՝ ճանաչելով միայն «հզորներից հզորի» իրավունքը»,- այսպես է վերջացնում իր հոդվածը Լիդովե Նովինի ազդեցիկ պարբերականի հեղինակը։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում