«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանսիական Դեսինում. կմեկնարկի Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

  • 12.01.2024
  • 0
  • 96 Views

Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում կայանալիք «Նռան գույնը» պարային ներկայացմամբ, հունվարի 19-ին Ֆրանսիայում կմեկնարկի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակն է Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին։

Ներկայացման գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։

Նախագծի համակազմակերպիչ պրոդյուսերներն են Բրոն քաղաքի «Պոլ-ան-Սցեն» կազմակերպությունը, «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, ինչպես նաև Դեսինի «Տոբոգան» և Մոն-դը-Մարսանի «Գասկոն» թատրոնները: Միջոցառման իրականացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ֆրանսիայի մասնաճյուղը։

Նախագծի առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կայացել է 2023 թվականի ամռանը՝ Երևանում։

Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան: Ներկայացման մեջ ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանից։

Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը և Սերգեյ Փարաջանովի թանգարանը՝ Տոբոգան թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության և Դեսինի քաղաքապետարանի հետ համատեղ, կազմակերպել են Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որում ներկայացված են արտիստի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները և այլն: Ցուցահանդեսը կգործի Տոբոգան թատրոնում հունվարի 12-ից փետրվարի 4-ը:

Ներկայացման առաջնախաղի օրը՝ հունվարի 19-ին, տեղի կունենա ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ:

Սույն թվականի մարտի 15-ին և 16-ին «Նռան գույնը» պարային ներկայացումը կներկայացվի Հայաստանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանյան հյուրախաղերը կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում