Աշխարհաքաղաքական վայրիվերումներով, Արցախի պարպումով ու անասելի կորուստներով հրաժեշտ ենք տալիս 2023 թվականին։ Թվում է, թե հուսահատությունն ու անտարբերությունը վերջանականապես հաղթահարել են իրենց ճանապարհը, այլեւս բարեկեցիկ ու խաղաղ ապագայի հանդեպ հույսի նշույլ իսկ չի մնացել։ Սակայն դա միայն արտաքնապես է թվում։ Մարդիկ շարունակում են ապրել ու արարել, ստեղծում են մշակութային գլխուգործոցներ, ի հայտ են գալիս գիտական հայտնագործություններ, գրում են հրաշալի գրքեր ու նկարահանում՝ ֆիլմեր։ Փրկում են մարդկանց կյանքեր ու օգնության հասնում կարիքավորներին, ստեղծում են, արարում են ու վայելում են բնության ընձեռած հնարավորությունները։ Այս ամենի մասին մենք գրել ենք 24 տարի շարունակ, լուսաբանել ենք եվրոպահայության առօրյան, մշակութային ու քաղաքական, հասարակական ու միութենական կյանքը։ Մեր ընթերցողներին ենք հասցրել թե՛ օրվա կարեւոր լուրերը, եւ թե ՛ բացառիկ համարների միջոցով անդրադարձել ենք ամենաարդիական թեմաներին՝ ցույց տալով հայկական աշխարհի ձեռքբերումներն ու նաեւ կորուստները։
2024 թվականին լրանում է ոչ միայն ՕՐԵՐ-ի 25 ամյակը, այլեւ լույս կտեսնի մեր ամսագրի 100-րդ հոբելյանական համարը, որի փորձնական առաջին համարը լույս է տեսել 1999 թվականի ապրիլին։ Լինելով եռամսյա հանդես, ՕՐԵՐ-ն այս տարիների ընթացքում դարձել է ոչ միայն եվրոպահայ սփյուռքի տարեգրության վավերագրողը։ Հետադարձ հայացք նետելով անցած տարիներին, նկատում ենք այն ծանրակշիռ հետքը, որ թողել ենք եվրոպահայ, եւ ինչու չէ, սփյուռքահայ մամուլի պատմության մեջ։
Եվրոպայի հայկական համայնքների պատմությանը, ներկային ու ապագային նվիրված մեր հոդվածաշարը մեծ արձագանք է ունեցել մեր համայնքներում, անդրադարձել ենք մոտ 25 երկրների հայերի պատմական ներկայությանը, նրանց հաջողություններին ու ապագայի ծրագրերին։ 2014 թվականի աշնանից սկսյալ Գալուստ Կիւլպենկեան հիմնադրամի Հայկական բաժանմունքի ֆինանսական աջակցությամբ անդրադարձել ենք Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Դանիայի, Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Մակեդոնիայի, Մալթայի, Լյուքսեմբուրգի, Սերբիայի, Սլովենիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի եւ ոչ եվրոպական՝ Իսրայելի հայկական համայնքներին՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը։ Բացահայտել ենք ոչ միայն հայտնի հայկական համայնքների նոր դեմքերին, այլեւ մինչ այդ անհայտ նորաստեղծ համայնքներ։ Գրել ենք հայկական կազմակերպությունների, միությունների, եկեղեցիների, երիտասարդական ու մարզական ակումբների, մշակութային օջախների ու հայկական դպրոցների մասին։ Հարցազրույցներ ենք տպարգել 1000ից ավելի հայ գործիչների հետ, լուսաբանել հայկական աշխարհի կարեւոր անհատների ձեռքբերումները, վեր հանել Հայաստան-Սփյուռք կապերին առնչվող խնդիրները։
Ապագա մի քանի տարիներին պետք է անդրադառնանք նաեւ Գերմանիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանիսայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ալբանիայի, Նիդերլանդների հայկական համանյքներին։
Դրան զուգահեռ կշարունակենք նաեւ ՕՐԵՐի բացառիկ համարների ավանդույթը։ Այս տարիներին մեր հրատարակած թեմատիկ համարները նույնպես ունեցել են աննախադեպ հաջողություն, ինչպես օրինակ Հայ արդի արվեստին, կինոյին, Հայաստանի ու Արցախի անկախություններին, հայ տպագրությանը, հայ մամուլին ու խոսքի ազատությանը, Եվրոպայի հայկական մշակույթին, Արցախյան վերջին պատերազմից հետո լույս տեսած գեղարվեստական գրականությանը եւ այլն։ Մեր վերջին բացառիկը նվիրված էր Եվրոպայում հայագիտական կրթության խնդիրներին եւ ունեցավ մեծ արձագանք թե՛ հայագետների, եւ թե՛ մեր ընթերցողների կողմից։ Առաջին անգամ մոտ 50 հայագետներ եվրոպական տարբեր երկրներից ներկայացրեցին հայագիտության ներկա վիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները։ «Ապագա Հայկականը» նախագծի միջոցով ներկայացրեցինք Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ապագային նվիրված լուրջ քննարկումների արդյունքները։
Կորոնավիրուս համավարակի օրերին հատուկ համարով անդրադարձանք Եվրոպական տարբեր երկրներում տիրող իրավիճակին՝ Հայաստանի Եվրոպայում ներկայացված 20 դեսպանների միջոցով։ Եվ այսպես շարունակ….
Սիրելի հայրենակից, 25 ամյակը ոչ միայն անցյալի վերագնահատման մի հանգրվան է, այլեւ նոր ծրագրերի ու նպատակների իրականացման սկիզբ։ Առայժմ չեմ ուզում բացահայտել մեր գլխավոր ծրագրերը, որոնք դեռեւս քննարկման փուլում են, բայց ՕՐԵՐ մատենաշարով կշարունակենք գրքերի հրատարակումը, կմասնակցենք Չեխիայի եւ Եվրոպայի համահայկական ձեռնարկներին, orer.eu կայքէջի միջոցով կշարունակենք ամենօրյա ռեժիմով տեղեկացնել կարեւոր իրադարձությունների ու դեպքերի մասին, հատուկ ձեռնարկներով կնշենք ՕՐԵՐի 25 ամյակը։ Բայց այս ամենի համար պետք է նաեւ ընդլայնել ամսագրի աջակցության շրջանակները։ Այդ նպատակով էլ սկսում ենք համաեվրոպական բաժանորդագրության եւ աջակցության եռամսյա ծրագիր։ Մեր խնդրանքն է՝ տարծե՛ք ձեր համայնքներում այս հաղորդագրությունը եւ նպաստեք ՕՐԵՐի տարածմանը ոչ միայն Եվրոպայում։
Բաժանորդագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ Կապ մեզ հետ – Orer
Բաժանորդագրությունը Եվրոպայում 50 եվրո է, Չեխիայում՝ 500 կրոն։
ICKVE-ORER MAGAZINE
EURO-ով բաժանորդագրություն
Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP
Uni Credit Bank Czech Republic a.s.
Չեխիայում բաժանորդագրությունը
Account number: 68041001 / 2700
IBAN CZ 23 2700 0000 0000 6804 1001
SWIFT CODE – BACXCZPP
Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների շեմին ջերմորեն շնորհավորում ենք մեր բոլոր ընթերցողներին, մաղթում խաղաղ ու արգասաբեր տարի, ընտանեկան երջանկություն եւ նվիրական նպատակների իրականացում։
Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ։
Հակոբ Ասատրյան
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր
Պրահա, Չեխիա
Հ.Գ. Ի գիտություն գերմանահայերի, հաջորդ ամսվանից սկսելու եմ Գերմանիայի հայ համայնքին նվիրված համարի պատրաստումը, եթե կան գովազդատուներ, որոնք կցանական այդ համարում գովազդ տեղադրել,կարող են կապվել ինձ հետ՝ hakob@orer.cz հասցեով։