Դեկտեմբերի 12-ի չեխական ՄՖ ԴՆԵՍ պարբերականի «Չեխերեն չգիտեին, բայց ամեն դեպքում անցան» հոդվածը օրինախախտումից զերծ մնալու թերևս լավ նախազգուշացում է ինչպես հանրապետության բոլոր օտարերկրացիների, այնպես էլ տեղի հայ համայնքի նորեկ ներկայացուցիչների համար։ Ստորև ներկայացվող հոդվածի հեղինակը օրաթերթի թղթակից Կարել Հռուբեշն է։
«Չեխիայի Հանրապետության լեզվի թեքումով ուսումնական հաստատությունները խաբեություն են ցուցաբերել օտարերկրացիների համար նախատեսված դասընթացներում։ Դատարանը կազմակերպչին տուգանել է 600 հազար չեխական կրոնով» ենթավերնագրի ներքո հեղինակը խնամքով ներկայացրել է օրինազանցության մանրամասնությունները։
«Չեխիայում մշտական բնակություն ստանալու համար, օտարերկրացիներին անհրաժեշտ է լեզվի թեստ հանձնելու և չեխերեն լեզվի իմացության վկայական։ Այսօր այդ թեստի դիմում կարող են ներկայացնել միայն հատուկ ընտրված կրթօջախներում, որոնց թիվը երեք տասնյակից էլ քիչ է։ Նախկինում վկայականներ շնորհվում էին նաև մասնավոր լեզվի դպրոցների կողմից։ Այնինչ, որոշների կողմից նշյալ վկայականները հնարավոր է եղել ձեռք բերել նույնիսկ առանց չեխերենի իմացության, որի համար բավական է եղել ընդամենը հինգ հազար գումարանոց կաշառքի զոհաբերումը։ Դեպքերը վերաբերվում են ՉՀ-ի Մորավիա-Սիլեզիայի Կարվինա շրջանի Օրլովա և Կենտրոնական Բոհեմի շրջանի Մլադա Բոլեսլավ քաղաքների զույգ դպրոցներին, որոնց հիմնական հաճախորդները եղել են վիետնամցիները, ուկրաինացիներն ու հայերը»,- նշել է օրաթերթը։
ՄՖ ԴՆԵՍ-ի տեղեկացմամբ, մի քանի տասնյակ «ուսանողներին» հատկացվող վկայականների առքուվաճառքը սկսվել է 2012-2013 թվականներից։ Որոշ ժամանակ առաջ, Կարվինայի շրջանային դատարանի Հավիրովի մասնաճյուղը դատապարտել է մի ուկրաինացու, ով իր օժանդակությունն է ցուցաբերել կաշառման և հանրապետության տարածքում օտարերկրացիների չարտոնված մնալու այդ ողջ համակարգը կազմակերպելու հարցում։ Վերջինս ստացել է մեկուկես տարվա ազատազրկում՝ երկուսուկես տարվա պայմանական փորձաշրջանով՝ արժանանալով 600 հազար չեխական կրոնի հասնող տուգանքի։ Գործով դատապարտվածների թվում է նաև Օրլովա քաղաքի Յան Շաբրշուլայի գիմնազիայի ու լեզվի թեքումով մասնավոր դպրոցի նախկին տնօրեն, նաև «ČSSD» Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից Օրլովայի երբեմնի խորհրդական՝ Ռիխարդ Ադամուսը։
«Չներկայանալով անգամ՝ եղել են հաջողակ» ենթավերնագրով պարբերության ներքո, Հռուբեշը նկարագրել է կայացած գործարքի ընթացքը, մեթոդներն ու դատական արդյունքները. «Դատավճռից պարզվել է, որ կաշառքից ստացված ընդհանուր գումարը, որը գոյացել է չեխերեն լեզվի կեղծ քննություններից, կազմել է գրեթե մեկուկես միլիոն չեխական կրոն։ Դատարանի վճռի համաձայն, Օրլովայի լեզվի դպրոցի տնօրենն անձամբ վաստակել է ավելի քան 660 հազար չեխական կրոնի գումար։ Ըստ դատարանի՝ քննությունների թեստի կեղծումը եղել է մի քանի ձևով. «Դիմորդները կամ ֆիզիկապես ընդհանրապես չեն մասնակցել քննությանը, կամ եթե նույնիսկ մասնակցել են, բարեհաջող հանձնելու համար նրանցից չի պահանջվել չեխերենի անհրաժեշտ իմացություն, որոնց ի վերջո շնորհվել է լեզվի իմացության վկայական՝ անկախ քննության գրավոր կամ բանավոր արդյունքներից»,- մեջբերելով դատավճռի ամփոփումը՝ ընդգծել է հեղինակը։
Հոդվածագրի հավաստմամբ, օտարերկրացիներից ոմանց թեստային առաջադրանքները տրվել են նախօրոք։ Դրամական փոխհատուցմամբ իմացության վկայական ձեռք են բերել նույնիսկ նրանք, ովքեր ձախողել են քննության թեստը՝ չհավաքելով անհրաժեշտ թվով միավորներ։ Եղել են նաև այնպիսիները, որոնք վկայականը ստացել են՝ առանց քննության թեստն ընդհանրապես տեսնելու ու դրա բովանդակությանը ծանոթանալու։ Այսպիսով, հուլիսյան դատավճիռն արդեն Հավիրովի դատարանի չորրորդ վճիռն է եղել՝ լեզվի «կեղծված» քննությունների հարցում։
Հիշեցնենք, որ այս դատական գործընթացին, դեռևս վեց տարի առաջ, չեխական մամուլն արդեն անդրադարձել էր «deník.cz»-ի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի կայքէջում, որում նույնպես մատնանշվել է «մի քանի հայերի» մասնակցությունն այս գործում։
«Օրինակ՝ 2020 թվականի փետրվարին, համապատասխանաբար կես և երեք քառորդ տարվա ազատազրկման պայմանական պատիժ են ստացել երկու կին, որոնք իրենց մասնակցությամբ նպաստել են օտարերկրացիների համար քննության թեստերը մանիպուլյացիայի ենթարկելուն»,- հավելել է ՄՖ ԴՆԵՍ-Ը։
Հոդվածի «Ոստիկանական փորձաքննություն» ենթավերնագրի վկայությամբ. «Հավիրովյան դատարանի այս տարվա վճիռը, «լիգա» ծածկանունով իննամյա վաղեմության գործի գագաթնակետն էր: 2014 թվականի փետրվարին Չեխիայի ոստիկանության կողմից իրականացված ռեյդի ժամանակ ձերբակալվել և բերման է ենթարկվել 15 անձ, հիմնականում՝ օտարերկրացիներ, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել վերոհիշյալ թեստային կեղծիքներում»,- գրված է պարբերությունում, որում ընդգծվում է, որ հետախուզության տրամադրած ապացույցներով օտարերկրացիներն իրականում չեն տիրապետում չեխերենին։ «Լեզվի իմացության վկայականը հաջողությամբ ձեռք բերելու օրը, ոստիկանությունը վերջիններիս բերման ենթարկելով հանձնել է Կարելի համալսարանի Լեզվաբանության և մասնագիտական ուսուցման ինստիտուտի աշխատակիցների վերաքննությանը։ Արդյունքում ոչ ոք միանշանակորեն չի հանձնել «Կրկնվող» քննության թեստը, ինչն արագացրել է օտարերկրացիների լեզվի թեստավորման կանոնների փոփոխությունը»,- նշել է օրաթերթը։
Հոդվածագրի մեկնաբանությամբ, մասնավոր ուսումնական հաստատություններում կասկածելի քննություններ վաղուց են շահարկվում, ինչի հետևանքով 2016 թվականից մասնավոր լեզվի դպրոցները զրկվել են նմանատիպ քննության թեստեր անցկացնելու լիազորությունից։ Իրավիճակը հանգեցրել է նաև քննությունների ընդհանուր խստացմանը։ Միևնույն է, խարդախությունը չի վերացել։ «Օրինակ՝ երեք տարի առաջ Չեսկե Բուդեյովիցեում օտարերկրացիների ոստիկանությունը բացահայտել է մի դեպք, երբ մի օտարերկրացու փոխարեն, ով ըստ փաստաթղթերի պետք է հանձներ լեզվի թեստը, իրականում քննության է ժամանել մեկ ուրիշը»,- փոքր-ինչ տխրեցնող և նույնքան ծիծաղելի վերջաբանով է ամփոփում հեղինակն իր հոդվածը երեքշաբթի օրվա պարբերականում։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար