ԵՄ-Հայաստան. Արարատ Միրզոյանի մասնակցությունն ԱլԳ նախարարական հանդիպմանը

  • 12.12.2023
  • 0
  • 51 Views

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը։ Նախարարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացված է ստորև.

«Ձերդ գերազանցություններ,

տիկնայք և պարոնայք

հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք հանդիպելու և անկաշկանդ քննարկում ունենալու ԱլԳ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և կիսվելու այս ձևաչափի ապագայի վերաբերյալ մեր գաղափարներով։ Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում Արևելյան գործընկերության տարածաշրջանի առջև ծառացած տարբեր մարտահրավերները՝ ներառյալ անվտանգության ճարտարապետության ցնցումները և հումանիտար խնդիրները, ԱլԳ նախարարական հանդիպումների կազմակերպման հարցում հետևողականությունը ողջունելի է:

ԱլԳ մեկնարկից ի վեր այն նպատակ է հետապնդել ամրապնդել գործընկերների կապերը ԵՄ և և ԵՄ անդամ պետությունների հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների, տնտեսական ու քաղաքական համագործակցությունը խորացնելու և բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակների վրա:

Արևելյան գործընկերությունը նպաստել է իմ երկրում ժողովորադավարական անցման գործընթացին: Հայաստանը հստակ որոշում է կայացրել ընտրել ժողովրդավարացման և բարեփոխումների անշրջելի ուղին: Չնայած վերջին տարիներին մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին՝ ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի վայրկյան կանգ չի առել: Եվ Հայաստանը վճռական է շարունակելու այս ուղին Եվրոպական միության զգալի աջակցությամբ: Մեր վճռականության վերջին դրսևորումը Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումն էր: Միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը:

Մեր կառավարությունը ողջունում է Եվրոպական հանձնաժողովի որոշումը առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ: Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որը նույնպես ունի  եվրոպական ձգտումներ:

Մենք կարծում ենք, որ այս նոր զարգացումները չպետք է հանդիսանան ԱլԳ նկատմամբ հետաքրքրության հետագա նվազման պատճառ, այլ պետք է ծառայեն այս եռյակի ողջունելի առաջընթացը լրացուցիչ կամուրջի փոխակերպելուն այն գործընկերների համար, որոնք ունեն հաստատակամ մտադրություն և վճռականություն առավել մերձենալու Եվրոպական միությանը:

Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես տեղյակ եք, Հայաստանը ներկայումս առերեսվում է լրջագույն մարտահրավերների: Մեր կառավարության և բոլոր պատկան մարմինների ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ. ուժի կիրառման արդյունքում նրանք մեկ շաբաթվա ընթացքում ստիպված էին լքել իրենց տները:

Այս առումով մենք երախտապարտ ենք ԵՄ և ԵՄ անդամ պետություններին Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ներհոսքը կառավարելու հարցում Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության համար:

Հարգելի գործընկերներ,

տիկնայք և պարոնայք,

Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք: Մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմվելով ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքերի վրա: Նույն այն սկզբունքների, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանների փոխադարձ ճանաչմանը, հաղորդակցությունների, տրասպորտային ենթակառուցվածքների բացմանը, որոնք մենք նախկինում ընդունել էինք Բրյուսելում ղեկավարների եռակողմ հանդիպումների ժամանակ:

Բազմաթիվ առիթներով մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունն ու վճռականությունը մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով տևական խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում,  որտեղ բոլոր երկրները կապրեն բաց սահմաններով և կապված կլինեն ակտիվ տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերով։ Մեր կառավարությունը վերջերս ներկայացրել է ապագայի մեր տեսլականը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»՝ որպես խաղաղության օրակարգի մաս: Այս ծրագրի հիմքում ընկած է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրական գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով: Ավելին, Ադրբեջանի հետ վերջերս ընդունված համատեղ հայտարարությունը գերիների ու պահվող անձանց փոխանակման և COP29 համաժողովի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեր վճռականության ևս մեկ դրսևորում է: Մենք հույս ունենք, որ այս դրական ազդակից հետո Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին։

Հարգելի գործընկերներ,

Մենք կարծում ենք, որ այս ձևաչափն ու նախաձեռնությունները, որոնցում մենք ներգրավված ենք, պետք է ծառայեն մեր գործընկերների և հարևանների հետ մեզ ավելի մոտեցնելու վերջնական նպատակին։ Անհրաժեշտ եմ համարում վերահաստատել, որ ԱլԳ գործընկեր բոլոր երկրները պետք է հավատարիմ լինեն նույն արժեքներին և սկզբունքներին, քանի որ առանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, առանց ապահով և խաղաղ միջավայրի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման:

Շնորհակալություն:»

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում