Այս տարի հայաստանցի մարզիկները տարբեր միջազգային մրցույթներում արժանացել են 426 մեդալի, որը 37 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը՝ 307-ը։ Այս մասին կառավարությունում կայացած խորհրդակցությունոմւ հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը։
Նշված մեդալներից 315 մեդալ ստացել են Եվրոպայի առաջնություններում և 111 մեդալ՝ աշխարհի առաջնություններում: ԿԳՄՍ նախարարը հավելել է, որ այս տարվա ցուցանիշը դեռ կավելանա, քանի որ այս օրերին անցկացվող Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցած վեց մարզիկներն առնվազն արծաթե կամ ոսկե մեդալակիր են դառնալու:
Ժաննա Անդրեասյանի խոսքով. «Այս տարի մենք արդեն հյուրընկալել ենք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությունը: Ինչպես նշեցի, հենց այս օրերին բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Աշխարհի առաջնությունն է անցկացվում: Ընդհանուր առմամբ, մենք ունեցել ենք ավելի քան 2200 մարզիկներ, որոնք այս տարի առաջնություններին մասնակցելու համար այցելել են Հայաստան, և սա նույնպես ցույց է տալիս, որ սպորտի ոլորտում մեր աշխատանքներն իրենց արդյունքներն ունենում են»:
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է, որ 2021թ. աշխարհի առաջնություններում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 49 մեդալ, իսկ այս տարի՝ 111 մեդալ: 2021-ին Եվրոպայի առաջնություններում գրանցվել է 150 մեդալ, իսկ այս տարվա արդյունքներով՝ 315 մեդալ: «Առանձին վարվում է վիճակագրություն, թե քանի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ ենք գրանցել: Այս տարվա արդյունքներով ունենք 117 ոսկե, 118 արծաթե և 191 բրոնզե մեդալ: Համեմատության համար, նախորդ տարի գրանցել էինք 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալ: Այսինքն, ինչպես տեսնում եք, թե՛ ընդհանուր առմամբ մեդալների թիվն է ավելացել և թե՛ նաև մեդալների հարգը: Այսինքն՝ ոսկե և արծաթե մեդալները նույնպես իրենց կշռով ավելի շատ են»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:
orer.eu