Կրիպտոարժույթները և բլոկչեյն տեխնոլոգիաները կարող են դառնալ տնտեսության խթան․ Արտյոմ Հարությունյան

  • 05.12.2023
  • 0
  • 98 Views

Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ տուժել է՝ ոչ ճիշտ օրենսդրական կարգավորումների հետևանքով։ Այս մասին «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովին նշեց բանախոս, Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։ Նա ներկայացավ «Կրիպտոարժույթները և Բլոկչեյն տեխնոլոգիաները որպես տնտեսության խթան» թեմայով։

«Ճիշտ և արդյունավետ օրենսդրական կարգավորումների դեպքում բազմաթիվ միջազգային ընկերություններ, բիզնեսներ կգան Հայաստան, այնպես, ինչպես արված է, օրինակ, հարևան Վրաստանում։ Մենք ունենք մեծ շանս՝ բերելու մեծ ընկերություններ, արտերկրի կապիտալ Հայաստան։ Հիմա Ճապոնիան և Սինգապուրն են ոլորտում առաջատարներից, սակայն մենք նույնպես մեծ հնարավորություններ ունենք այս ոլորտում առաջ գնալու»,-նշում է Արտյոմ Հարությունյանը։

Շահույթ չհետապնդող Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիրը փաստում է՝ ամբողջ աշխարհում մարդիկ իրենց կապիտալը բերում են այն երկրներ, որտեղ կրիպտոն չի հարկվում․ եթե փորձում ես կրիպտոն հարկել, մարդիկ իրենց բիզնեսը տանում են այնպիսի երկիր, որտեղ ավելի նպաստավոր օրենսդրական կարգավորումներ են։ Նրա խոսքով՝ Հայաստանը ևս այս համատեքստում կարող է ճիշտ քայլերով օգուտներ քաղել։

Հարությունյանի հավաստմամբ՝ կրիպտո ոլորտը ստեղծվել է բանկային գերշահույթների դեմ պայքարելու համար, որպեսզի մարդիկ շահեն բանկերի փոխարեն։ Նա ցավով նկատում է՝ այսքան ժամանակ Հայաստանի տնտեսությունը շատ գումարներ է կորցրել, քան կողքի փոքր երկրները հենց կարգավորումների պատճառով։ Եվ իրենք իրենց աշխատանքով ամեն ինչ անելու են՝ նպաստելու այդ ոլորտի ճիշտ կարգավորմանը  և ճիշտ օրենսդրական կարգավորումների ընդունմանը մեր երկրում։

Հիշեցնենք, որ Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որին մասնակցելու համար  Հայաստան էր ժամանել հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։

Համաժողովն անցկացվում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունի: «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ իրականացվեց 2022 թվականին: Միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան  1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում