Դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի ելույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ դեկտեմբերիի 5-ին

  • 02.12.2023
  • 0
  • 620 Views

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերիի 5-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի համերգը։ Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի Կոչնակները «Գայանե» բալետից, Դաշնամուրի կոնցերտը և Թիվ 3 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Մեր հայրենակից Ժան-Պոլ Գասպարյանը մեծ ճանաչում է վայելում երաժշտական աշխարհում։ Նրա կատարմամբ Շումանի երկրորդ սոնատը Ալդո Չիկոլինիի վերջին մենահամերգի հետ ընդգրկվել է Նոանի փառատոնի առաջին սկավառակում, իսկ ֆրանսիական հեղինակավոր  “Classica” ամսագիրը նրան ընդգրկել է 10 ամենախոստումնալից երիտասարդ դաշնակահարների ցանկում:  2018-ին նա թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ: Արդեն այս տարի նա թողարկել է իր հինգերորդ ալբոմը, որը նվիրված է Դեբյուսիի արվեստին։

2019-ին Évidence Classics ապրանքանշանը թողարկել է Ժան-Պոլ Գասպարյանի կատարմամբ Շոպենի բոլոր մենանվագ ստեղծագործությունների ձայնասկավառակը: 2020-ի փետրվարին Գշտադի փառատոնի (Շվեյցարիա) շրջանակներում արժանացել է Թիերի Շերցի մրցանակի՝ լավագույն մենահամերգի համար և առաջարկ ստացել “Claves” ապրանքանշանի ներքո ձայնագրվելու նվագախմբի հետ: 

Նոյեմբերի 16-ին մեկնարկած Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում