«Չեխովն ու Շեքսպիրը Գազայում». Յան Ֆինգերլանդ

  • 27.11.2023
  • 0
  • 230 Views

«Միմյանց փոխադարձաբար ոչնչացնելու ձգտումով կողմերը համաձայնել են անցնել զինադադարի։ ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի առևանգվածների մի մասին, իսկ Իսրայելը՝ պաղեստինցի բանտարկյալների մի մասին։ Մարդասիրական օգնությունը կհասնի Գազա: Միանշանակ դրանից կշահեն միայն երկու խումբ՝ ՀԱՄԱՍ-ը և ազատ արձակվողները»,- գրել է չեխական ՊՐԱՎՈ օրաթերթն անցյալ հինգշաբթվա «Չեխովն ու Շեքսպիրը Գազայում» վերնագրով հրապարակախոսության նախաբանում։ Հոդվածին ծանոթացեք ստորև.

Իսրայելցի գրող և ցմահ «խաղաղասեր» Ամոս Օզն ասել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը կարող է լինել շեքսպիրյան կամ չեխովյան ոճով. կամ «բարին» մինչև վերջ կպայքարի «չարի» հետ, բայց բոլորը կմեռնեն՝ ինչպես Շեքսպիրի ողբերգություններում, կամ սյուժեն կզարգանա ըստ Չեխովի՝ բոլորը տխուր կլինեն, բայց կմնան ողջ: Որոշակիորեն դա վերաբերվում է նաև առաջիկա զինադադարին։

Իսրայելի տեսանկյունից այս հաշվարկն ամենաբարդն է։ Նրա կառավարությունը չէր կարող իրեն թույլ տալ երկար դիմակայել ամերիկյան դաշնակիցների ճնշմանը, ովքեր ցանկանում էին ցույց տալ իրենց արաբ դաշնակիցներին, թե ինչ-որ բան անում են պաղեստինցի խաղաղ բնակիչների համար։

Կառավարությունը չէր կարող դիմակայել նաև առևանգվածների ընտանիքների ճնշմանը, որոնք, ըստ սովորության, ապավինում են ժամանակների ընթացքում փորձված էթոսին՝ այն համոզմամբ, որ ոչ մի իսրայելցի չի մնա բախտի քմահաճույքին՝ նույնիսկ եթե հազար ահաբեկիչ ազատ արձակվի: Առավել ևս, որ պատանդները Գազա են հասել նաև սեփական պետության ձախողման պատճառով։

ՀԱՄԱՍ-ի դեպքում շատ ավելի հեշտ է։ Եթե ​​նույնիսկ ազատ արձակի մի քանի տասնյակ գերիների, դեռ նրանցից շատերը կմնան իր մոտ՝ հետագա օգտագործման նպատակով։ Իհարկե, ո՞վ է այդ բոլոր երեխաների ու տարեցների մասին հոգալու։ Այնինչ, զինադադարի շնորհիվ կկարողանա վերախմբավորվել ու շունչ քաշել։ Այդպիսով նաև ավելի լավ համբավ ձեռք կբերի Գազայի և այլ պաղեստինցիների շրջանում, ինչն արդեն բավականին արատավորել է: Պայմանագրի գաղտնի հոդվածների թվում միգուցե գրառված լինի և իսրայելցիների խոստումը, որ անգամ ապագայում չեն հարձակվի Քաթարում աքսորված ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների վրա։ Եգիպտոսն ու Քաթարը նույնպես կարող են հրադադարը դիտարկել որպես փոխանակում, այսպես կոչված, «դրական հաշվեկշռի մնացորդի հետ»։ Թեև Կահիրեն ամենևին ուրախ չէ այդ ճգնաժամից, այնուհանդերձ շահում է այն փաստից, որ շնորհիվ ընդհանուր սահմանի և հզոր անվտանգության ուժերի, կարող է օգնել կամ վնասել ՀԱՄԱՍ-ին՝ գործարքի իր մասնաբաժնի համար բոլոր շահագրգիռ կողմերից՝ (Իսրայելից, ՀԱՄԱՍ-ից, ԱՄՆ-ից, հնարավոր է՝ սաուդցիներից և այլն), անկասկած պահանջելով երախտագիտություն և բարեհաճություն։

Այստեղ առավել բարվոք վիճակում է Քաթարը՝ մինչ այժմ ՀԱՄԱՍ-ի (նաև Ալ Ջազիրա հեռուստաընկերության) ֆինանսիստ-խորհրդատուն, որին կարծես վիճակված էր դառնալու թվացյալ «պարիա»: Եվ հենց քաթարցիներն են, որոնք եգիպտացիների կողքին հնարավորություն ունեն բանակցելու ՀԱՄԱՍ-ի հետ, պարտավորեցնելու կամ դրդելու նրան՝ ինչ-որ բան անելու։ Հավակնոտ մինի-պետություն, որը խմում էր իր շրջապատի բոլորի արյունը և տարիներ շարունակ գտնվում Սաուդյան Արաբիայի շրջափակման մեջ, չվտանգեց ոչինչ և շահեց ամեն ինչ։

Ի վերջո, ամենամեծ գլխացավանքը մնաց Իսրայելի ղեկավարությանը, որը որոշակի առումով խոստովանում է պատանդների որոնման և ՀԱՄԱՍ-ի ոչնչացման գործում իր ձախողումը: Ուստի, կարող է մտավախություն ունենալ, որ զինադադարի ավարտից հետո շատ դժվար կլինի վերսկսել պատերազմը, որը համարում է անհրաժեշտ։ Հետևաբար, Ամոս Օզի դիտարկումը վերաբերվում է նաև այս ենթակետին. բոլորը տխուր կլինեն, բայց կմնան ողջ»,- հոդվածն այսպես է ամփոփում ՊՐԱՎՈ պարբերականը, որի հեղինակը Չեխական ռադիոյի մեկնաբան Յան Ֆինգերլանդն է։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում