Բեռլինի հայկական համայնքը նոյեմբերի 18–ին նշեց իր հիմնադրման 100 ամյակը։ Միջոցառումը տեղի ունեցավ Բեռլին Սուրբ Երրորդություն ավետարանական եկեղեցում (Trinitatiskirche), ուր ի դեպ շուրջ 40 տարի է աշխատում է պարսկահայ գեղանկարիչ Ավո Առաքելյանը։
Երեկոյին ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ Արմենուհի Թադևոսյանը, Գայանե Չոբանյանը, Նաիրա Սաֆարյանը և գնդապետ Կարեն Մուրադյանը։ Դեսպան պարոն Ենգիբարյանն աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում։
Հյուրերի շարքում էին նաև «Բեռլինի եկեղեցական և մշակութային համայնքի» ատենապետ տիկին Սոնա Չուգասզյան–Այպերը, «Բեռլինի հայկական համայնքի» խորհրդի անդամները, «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» նախագահ պարոն Ջոնաթան Շպանգենբերգը, «Հայ ակադեմիականների միություն 1860» նախագահ պարոն Ազատ Օրդուխանյանը, համայնքի հիմնադիր դր․ Ջեյմս Գրինֆիլդի ծոռը և կոռը՝ Քայ և Դեննիս Գրինֆիլդները, Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան պարոն Հանս–Յոխեն Շմիդտը, բազմաթիվ գերմանացի և այլազագի հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ։
Երեկոն վարեց երիտասարդ հայուհի Անի Մանուկյանը։ Նախ ողջույնի խոսքով հանդես եկավ Բեռլինի հայկական համայքնի անդամ, պարսկահայ բժիշկ պարոն Հենդրիկ Իսայանը։ Նա իր ողջույնի խոսքում հիշեց արցախյան պատերազմի հերոսներին և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց անմոռաց հիշատակը։
Նույն համայնքի նախկին ղեկավար պարոն Վարդգես Ալյանակն իր ելույթում պատմական ակնարկ արեց Բեռլինի հայկական համայնքի մեկդարյա անցած ուղու մասին, թե ինչպես է այն ձևավորվել, ինչ զարգացման փուլերով է անցել։
Ներկայացնելով իր մեծ պապիկին՝ պարոն Քայ Գրինֆիլդը հպարտորեն պատմեց նրա անցյալը և հայ համայնքի ձևավորման համար նրա մեծ ներդրումը։ Անգլիացի դր․ Ջեյմս Գրինֆիլդը (1873-1939) ծնվել է Թավրիզում։ Դպրոց հաճախել տեղում, կրթություն ստացել Գերմանիայում։ Բաքվում ամուսնացել է հայազգի Կատարինա Թումանյանցի հետ, ով մեծահարուստի աղջիկ էր։ 1916–ին, երբ Յոհաննես Լեփսիուսը աքսորավայրում էր, հայերի հիմնական օգնականն այստեղ պարոն Գրինֆիլդն է դառնում։ Իսկ արդեն 1919-20 թվականներին Հայաստանի առաջին դեսպանը Գերմանիայում։ 1923-տեղի հայերի հետ միասին հիմնել հայկական համայնքը, «Բեռլինի հայկական գաղութ» անվանումով, որը հարյուր տարիների ընթացքում մի քանի անգամ անվանափոխվել է։ Իսկ 1998 թվականին վերակազմավորվելով՝ հանդես է գալիս երկու կառույցներով։
Քայ և Դեննիս Գրինֆիլդները ուրախությամբ պատմեցին նաև իրենց ընտանիքում տեղի ունեցած տարաբնույթ հիշարժան և հետաքրքրաշարժ իրադարձություններ, որոնք բնութագրում էին մեծ պապիկին ու հայուհի տատիկին, նրանց ամուր կապը հայկականին ու Հայաստանին։ Ջեյմս Գրինֆիլդը հուղարկավորվել է Թեհրանի հայկական գերեզմանատանը։
Գերմանիայում ցայսօր հայտնի տվյալներով հայերի կողմից ստեղծված և գրանցված առաջին կառույցը «Գերմանաիայի հայ ակադեմիականների միությունն» է, որը ստեղծվել է 1860 թվականին այստեղ ուսանելու եկած երիտասարդների կողմից։ 2001 թվականին այն վերագրանցվել է Բոխում քաղաքում։ Միության նախագահ պարոն Օրդուխանյանն իր խոսքում կարևորեց կառույցի հայրենանվեր ու հայապահպան գործունեությունը։ Շեշտեց, որ բազմաթիվ են այն բեռլինահայ գործիչներն ու գիտնականները, ովքեր մեծ հետք են թողել գերմանիայի մտավորական կյանքում՝ Մարինա Ղամբարյան/Ղամբարով, Վերա Մովսիսյան, Անգելիկա Բադալ և այլն․ «Գրականությունն իրականում շատ մեծ է»։
Որպես իր խոսքի ապացույց նա Բոխումից բերել էր ցուցադրելու մի շարք գրքեր և ամսագրեր․ «Բնականաբար գերմանահայ գրադարանը շատ մեծ է, հնարավոր չէր ամբողջը այստեղ բերել ցուցադրելու, դրա համար փոքրիկ ծաղկաքաղ արեցի։ Կարևոր է, որ մամուլ ևս ունեցել ենք, այդ թվում նաև գիտական ամսագիր։ Օրինակ՝ «Արեգ»–ը գիտական, գրական ամսագիր է, կոմունիստական է, բազմաթիվ հատորներ կան, սովետական կարգերի գովքն են արել հիմնականում, բայց շատ հետաքրքիր գրական վերլուծություններ կան։ Իսկ գրքի այս հատորյակում շատ հետաքրքիր տեղեկության ենք հադիպում, որը մտորելու տեղիք է տալիս։ Հեղինակը պատմում է՝ 1913 թվականի հոկտեմբերին Բեռլինում տեղի ունեցած միջոցառման մասին՝ սգահանդես և տոնահանդես է միաժամանակ։ Այս ձեռնարկը կազմակերպել է 35 անդամ ունեցող «Բեռլինահայ բանվորների միությունը», որին մասնակցել են անդամները, դր․ Գրինֆիլդը, բանախոսել է դր․ Ա․ Հայրանյանը։ Ինչևէ, սա խոսում է այն մասին, որ եղած, գործող միությունն ըստ էության գրանցված չի եղել և լավ հող է նախապատրաստել արդեն տասը տարի անց այն պաշտոնապես ստեղծելու և գրանցելու համար։ Իսկ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդն էլ ստեղծվեց 1969 թվականին՝ համակարգելու բոլոր միությունների ու կառույցների գործունեությունը և նրանց ձայնը լսելի դարձնելու։ Բեռլինի համայնքը լուրջ դերակատարություն է ունեցել հայ–գերմանական հարաբերությունների պատմության մեջ»,– մեզ հետ զրույցում պատմեց պարոն Օրդուխանյանը։
Հետաքրքիր է նշել, որ Գերմանիայում ՀՀ առաջին դեսպանն էլ, ներկայիս դեսպանն էլ ակադեմիական միության անդամներ են եղել»։
Հոբելյանական երեկոյին մի շարք երաժշտական կատարումներով հանդես եկան ջութակահար Նաիրա Արզումանյանը և դաշնակահար Զառա Ստամբոլցյանը։ Հանդիսատեսն ունկնդրեց Կոմիտասի, Էդուարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատուրյանի ստեղծագործություններից։
Գայանե Առաքելյան
Բեռլին