20.11.2023 թ., Բեռն
Հարգելի պարոն Խաչատուրյան,
Վերադառնալով անցյալ ուրբաթ Ձեր իրավաբանական բաժնի ղեկավար տիկին
Անի Մուրադյանի հետ իմ հեռախոսային խոսակցությանը՝ կապված
«Քաղաքացիության մասին» օրենքի 13.2-րդ հոդվածի փոփոխությանը, ստորեւ
հայտնում եմ իմ մտահոգություններն այդ կապակցությամբ՝ քանզի դեռ ունեք
ժամանակ եւ Ձեր ստորագրության վերջնաժամկետը լրանում է սույն թվականի
նոյեմբերի 21-ին։
Պարոն Նախագահ, վերոնշյալ օրենքի մեջ փոփոխությունը սահմանում է, որ
այսուհետ «ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ քաղաքացիություն չունեցող
այն անձը, ով ունի քաղաքացի զավակ կամ ծնող»։ Փոփոխությունն այստեղ
«կամ ծնող» հավելումն է։ Ըստ իս, առանց այն էլ գործող խնդրահարույց
օրենքում նմամատիպ հավելումը բերելու է լուրջ ազգային անվտանգության
մարտահրավերների։ Բացատրեմ.
Ակներեւ անհերքելի փաստ է, որ վերջին մի քանի տարիներին եւ առավելապես
ընթացիկ տարում Հայաստանում օտարազգի միգրանտների թվի կտրուկ աճ է
առձանագրվել։ Նրանց մեծ մասը եկել է ահռելի ազգաբնակչություն ու
մեծաքանակ թվով ընտանիքներ ունեցող այսպես կոչված «զարգացող
երկրներից»։ Ըստ հայաստանյան տարբեր հեռուստաընկերությունների
բազմաթիվ ռեպորտաժների, հարցազրույցների՝ այդ մարդիկ Հայաստան են եկել
աշխատելու եւ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Հարկ եմ
համարում հիշեցնել, որ աշխատանք գտնելու դեպքում միգրանտները կարող են
հեշտությամբ ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, որն էլ իր
հերթին ամեն տարի կարող է երկարացվել։ Ընտանիքի միացման դրույթի
համաձայն ժամանակավոր կացության կարգավիճակը միգրանտներին
իրավունք է տալիս իրենց հետեւից ՀՀ բերել նաեւ իրենց ծնողներին,
կանանց/ամուսիններին եւ երեխաներին։ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի
13.1 հոդվածի համաձայն՝ այդ մարդիկ կարող են ընդհամենը երեք տարի անց
դիմել եւ ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Եթե Դուք ստորագրեք
քաղաքացիության մասին օրենքի այս նոր լրացումը, ապա կստացվի, որ Դուք
այսուհետ հնարավորություն եք ընձեռում տասյակ-, հարյուրհազարավոր
օտարազգի միգրանտների առանց տարիքային սահմանփակման եւ «ծնողզավակ» կամ «զավակ-ծնող» կարգավիճակից ելնելով հեշտացված
ընթացակարգով եւ շատ կարճ ժամանակում ստանալ ՀՀ քաղաքացիություն։
Կներեք, բայց սա ուղղակի աբսուրդի ժանրից է եւ աշխարհի ոչ մի «նորմալ»
երկրում նման օրենք չի գործում։ Այն փաստարկները, որ այդ օրենքի շահառուն
2
ՀՀ բնիկ ազգային փոքրամասնությունների ազգակցականներն են լինելու, մեղմ
ասած համոզիչ չեն։ Իմ խորին համոզմամբ, այդ օրենքի թիվ մեկ շահառուն
զարգացող երկրների բազմանդամ ընտանիքներով քաղաքացիներն են լինելու,
ում համար Հայաստանը բոլոր տեսանկյուններից համեմատաբար ավելի
բարեկեցիկ երկիր է։
Որպես աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկի՝ Շվեյցարիայի բնակիչ, ես
ինքս ժամանակին անցել եմ միգրացիոն ինտեգրման ճանանարհով, մեծացել եմ
բազմամշակույթ հասարակության մեջ, ունեմ բազմաթիվ օտարազգի ընկերներ
եւ ըմբռնումով եմ մոտնում այդ երեւույթին։ Սակայն լինելով մասնագիտությամբ
պատմաբան, միեւնույն ժամանակ հետեւողական եմ այն քաղաքական
պրոցեսներին, որոնք կործանում են փոքր պետությունները։ Ուստի երբ խոսքը
վերաբերում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային անվտանգությանը՝ ապա
Հայաստանի եւ այլ եվրոպական երկների միջեւ զուգահեռներ տանելը
պարզապես տեղին չէ։
Պարոն Նախագահ, ցեղասպանությունից ի վեր հայ ժողովուրդը Հայաստանում
եւ Սփյուռքում այս օրերին ապրում է իր նորագույն պատմության ամենախորը
ճգնաժամը։ Արցախի կորստով պայմանավորված՝ այսօր վտանգված է ոչ միայն
ՀՀ-ն, այլեւ Սուրբ Երկրի ամենահին քրիստոնեական համայնքը՝ Երուսաղեմի
հայկական պատրիարքարանն իր տասնվեցդարյա բացառիկ նշանակության
կալվածքներով։ Դուք՝ որպես ՀՀ նախագահ, այսօր պատասխանատու եք ողջ
հայ ժողովրդի առաջ՝ երաշխավորելու մեր մի բուռ մնացած հայրենիքի եւ նրա
հայկականության պահպանումը: Իսկ մեր անկայուն տարածաշրջանում
հայկական պետականություն ունենալու թիվ մեկ նախապայմանը Հայաստանի
միատարր հասարակության պահպանումն է։ Կարծում եմ Դուք եւս քաջ
գիտակցում եք դա։ Ոչ մի զինատեսակ եւ ոչ մի միջազգային կառույց չի կարող
պաշտպանել մեր երկիրը թշնամուց, եթե այն ներսից խոցելի դառնա։ Դրա վառ
ապացույցը մեր հարեւան Վրաստանն է։ Դրա վառ ապացույցն են նաեւ այսօրվա
բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող, ռազմականապես հզոր եւ
տնտեսապես գերզարգացած Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան կամ Գերմանիան։
Ժամանակը եւ փորձը ցույց տվեցին, որ մուլտիկուլտուրալիզմը Եվրոպայում
ցավոք սրտի տապալվեց, եւ ազգամիջյան կամ կրոնական կոնֆլիկտները
վերոնշյալ հզոր պետություններին այսօր կանգնեցրել են լուրջ անվտանգային
խնդիրների առջեւ։ Ուստի բոլոր եվրոպական երկրներն այսօր
հետեւողականորեն խստացնում են իրենց քաղաքացիության, կացության
կարգավիճակի եւ առհասարակ միգրացիայի հետ կապված
քաղաքականությունը։ Եվրոպական բոլոր երկրներում, այդ թվում անհամեմատ
անվտանգ Շվեյցարիայում, միգրացիոն քաղաքականությունը դարձել է
ներքաղաքական ընտրապայքարի թիվ մեկ թեման եւ աջակողմյան ուժերը
հերթով հաջողություններ եւ նույնիսկ հաղթանակներ են գրանցում։ Առանց լուրջ
խնդիրների առկայության, նմամատիպ բեկումնային քաղաքական պրոցեսներ
լիբերալ եւ հանդուրժող Եվրոպայում չէին կարող տեղի ունենալ։
Ռազմական, տնտեսական, տարածքային, ազգաբնակչության թվի եւ մնացած
այլ առումներով տասնյակ անգամներ ավելի թույլ եւ փոքր Հայաստանը՝
գտնվելով անհամեմատելի ավելի բարդ գոյաբանական մարտահրավերների
առջեւ, չգիտես ինչու, այսօր անում է ճիշտ հակառակը։ Սա իսկապես նոնսենս է
եւ տանելու է մեզ ինքնաոչնչացման։
3
Պարոն Նախագահ, երեք միլիոնից քիչ բնակչություն ունեցող, պատերազմում
հինգ հազար զինվոր կորցրած, թշնամիներով շրջապատված, անվտանգությունը
կորցրած, արցախահայերի չլուծված սոցիալ-տնտեսական, աշխատանքային
խնդիրներով ծանրաբեռնված եւ հետեւաբար բազմակողմանի թիրախավորված
Հայաստանն ուղղակի իրավունք չունի գնալու նմամատիպ օրենսդրական
արկածախնդրության եւ օտարազգիներին հեշտացված ընթացակարգով ՀՀ
քաղաքացիություն շնորհի։ Վստահ եղեք, որ հայկական պետականությունն այս
պարագայում շատ կարճ ժամանակում կկործանվի, քանզի առաջ են գալու
ազգամիջյան բախումներ եւ արհեստածին ինքնավարության կամ
անջատողական խնդիրներ։
Վերջին հարյուր տարում իր պատմական հայրենիքի իննսուն տոկոսից
բռնագաղթված եւ այս մի փոքր հողի վրա ՀՀ ստեղծած հայ ժողովուրդն այլեւս
չունի ռեսուրս եւ իրավունք իր ազգային եւ պետական անվտանգության հաշվին
ուրիշ պետություններին եւ ազգերին հաճոյանալու համար։ Այսօրվա
հրամայականն է, որպեսզի այս մի կտոր Հայաստանն առավելագույնս
հայկական մնա։ Հավաստիացնում եմ Ձեզ, որ իմ ահազանգը խտրականության
կամ ազգայնականության մոտիվներ չունի, այլ բխում է ՀՀ ազգային եւ
պետական շահերից եւ ավելին՝ նույնիսկ միտված է կանխարգելելու մոտ
ապագայում ազգամիջյան բախումները ՀՀ-ում։
Պարոն Նախագահ, ելնելով վերոնշյալ պատճառաբանություններից՝ ես
հորդորում եմ Ձեզ՝ որպես հայկական պետության գլուխ, որպես ՀՀ
սահմանադրության պահպանման թիվ մեկ երաշխավոր, ոչ մի դեպքում
չվավերացնել այդ հակահայկական եւ հակասահմանադրական օրենքը։
Հակառակ դեպքում Դուք եք կրում ՀՀ-ն ներսից քանդման գործընթացի
անմիջական պատասխանատվությունը։ Համոզված եմ, որ սերունդները, այդ
թվում Ձեր իսկ թոռները Ձեզ դա չեն ների։ Թույլ տվեք հիշեցնել, որ ըստ ՀՀ
սահմամադրության 1-ին հոդվածի «հայ ժողովուրդն» է «հիմք ընդունելով
Հայաստանի անկախության մասին հռչակգրում հաստատագրված հայոց
պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները»
ընդունել ՀՀ սահմանադրությունը։ Ուստի միայն հայ ժողովրդին է վերապահված
ՀՀ ժողովրդագրությունը փոփոխելու բացառիկ իրավունքը։
Ուզում եմ հավատալ, որ կգիտակցեք հարցի լրջությունը, չեք անտեսի հայ
ժողովրդի եւ հայկական պետության գերակա շահն ու որպես պետության գլուխ
խոհեմ գտնվելով՝ չեք գնա անպատասխանատու քայլի։
Միեւնույն ժամանակ հորդորում եմ Ձեզ քաղաքացիություն շնորհելու Ձեր
սահմանադրական իրավունքից օգտվելիս՝ լինել չափազանց խստապահանջ եւ
հետեւողական։
Հարգանքով՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացի
Մանուկ Մալխասյան
Շվեյցարիայի Համադաշնություն