
Նոյեմբերի 14-ին, Ռումինիայի Կրոնից նախարարության կազմակերպմամբ և Ռումանիոյ հայոց թեմի նախաձեռնությամբ Բուխարեստում տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված Արցախի պատմա-մշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանն ուղղված ջանքերին, ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի վերացմանը միտված Ռումինիայի կառավարության և եկեղեցական համայնքների ներգրավմանը։

Հանդիպումը ղեկավարում էր Ռումինիայի Կրոնից նախարար տիար Չիպրիան Օլինիչը, մասնակցում էին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Արցախի թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգշ․ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ գերշ․ Տ․ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեշտիանուն, Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս և Բուխարեստի մետրոպոլիտ գերշ․ Աուրել Պերկան, Գրեկո-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլը, Հունգար Լութերական եկեղեցու ներկայացուցիչ Մարտոն քահանա Իլիեշը, Հունգար Բողոքական եկեղեցու եպիսկոպոս Կատո Բելայի ներկայացուցիչը, Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Նեվսկի քահանա Էվերետը, Ռումանիոյ հայոց թեմի թեմական խորհրդի անդամներ, քահանաներ։



Բացման խոսքով հանդես եկավ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Իր խոսքում Սրբազան Հայրն ի դեմս Ռումինիայի Կրոնից նախարարության շնորհակալություն հայտնեց ռումին կառավարությանը հանդիպման կազմակերպման համար։ Այնուհետև Տաթև Սրբազանը մասնակիցներին ներկայացրեց արցախահայերի ծանր կացությունը և առկա մարտահրավերները՝ ընդգծելով վերջիններիս օժանդակելու անհրաժեշտությունը։
Հոգշ․ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը անդրադարձավ Արցախի հոգևոր և պատմամշակութային հարուստ ժառանգությանը՝ ներկայացնելով Արդրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության փաստագրված ապացույցներ։
Արցախի թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 100․000-ից ավելի բռնի տեղահանված արցախահայության սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակը և այս ուղղությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից իրականացվող ծրագրերը։

Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ գերշ․ Տ․ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեշտիանուն ներկաներին փոխանցեց Դանիել պատրիարքի ողջույնի խոսքը, ապա ելույթներով հանդես եկան մասնակից բոլոր եկեղեցիների ներկայացուցիչները՝ իրենց աջակցությունը հայտնելով արցախահայությանը և պատրաստակամություն հայտնելով նպաստելու սոցիալական նախաձեռնություններին։
Ռումինիայի Կրոնից նախարարությունը, համագործակցությամբ Ռումանիոյ հայոց թեմի հետ, անգլերենից ռումիներեն էր թարգմանել և հրատարակել Արցախի հոգևոր, պատմամշակությանին ժառանգության և Արցախի մասին տեղեկատվական գրքույկ, որը բաժանվեց բոլոր մասնակիցներին։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան
