Կարլի համալսարանում նշվեց Ուսանողության օրը նվագախմբի ու երգչախմբի ոգեշունչ համերգով՝  Մաեստրո Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ

  • 18.11.2023
  • 0
  • 169 Views

Նոյեմբերի 17-ին Պրահայի Կարլի համալսարանի՝ Կարոլինիումի մեծ դահլիճում հանդիսավոր պայմաններում նշվեց ոչ միայն Ուսանողության միջազգային օրը, այլեւ՝ Ազատության եւ ժողովրդավարության պայքարի օրը։  Համալսարանի ռեկտոր պրոֆ. Միլենա Կրալիչկովան դիմելով պրոֆեսորա-դասախոսական կազմին, ուսանողությանը եւ Չեխիայի հարբեր համալսարաններից ու արտասահմանից ժամանած հյուրերին կարեւորեց օրվա խորհուրդը, ուսանողության դերը երկրի ազատության ու անկախության համար պայքարում եւ ողջունեց բրիտանական Օքսֆորդի համալասարանի ռեկտոր պրոֆ. Այրինի Թրեյսին։ Վերջինս իր ծավալուն ելույթում անդրադարձավ չեխ-բրիտանական հարաբերություններին, Կարլի եւ այլ չեխական համալսարանների եւ Օքսֆորդի համալսարանի միջեւ ձեւավորված համագործակցությանը։ Պրոֆեսորի ասելով, դեռեւս 1415 թվականից՝ Յան Հուսի ժամանակներից մինչեւ մեր օրերը այդ կապերը եղել են, ավելին 1939 թվականից նացիզմի տարիներից սկսած, Օքսֆորդի համալսարանը մոտ 50 չեխ ուսանողների հնարավորություն է տվել ուսանելու Օքսֆորդի համալսարանի քոլեջներում, հիմնականում բժշկության ֆակուլտետում։ Մինչ օրս էլ բազմաթիվ ուսանողներ են շարունակում  ուսանել Օքսֆորդի համալսարանում։  Ռեկտորն անդրադարձավ կրթության, գիտության դերին, ուսանողության առաքելությանը եւ շնորհակալություն հայտնեց Յոզեֆ Հլավկայի անվան հուշամեդալով պարգեւատրվելու կապակցությամբ։

Ողջույնի խոսքեր ասացին նաեւ Հլավկայի հիմնարկի ներկայացուցիչը, այլ դասախոսներ եւ ուսանողներ, որին հետեւեց Կարլի համալսարանի ռեկտորի կողմից լավագույն ուսանողական ուսումնասիրություների հեղինակների պարգեւատրումը։

Այնուհետեւ Կարլի համալսարանի երգչախմբի եւ նվագախմբի հիմնադիր դիրիժոր, դոկտոր Հայկ Ութիջյանը անգլերեն եւ չեխերեն համաժամանակյա ելույթով ներկայացրեց կատարվելիք ստեղծագործությունները, որոնք նույնպես ինչ որ չափով կապված էին Չեխիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Նախ կատարվեց Հայդնի թիվ 92 -րդ՝ «Օքսֆորդի» համանվագը,  ապա չեխ կոմպոզիտոր եւ դիրիժոր  Վիլեմ Տաուսկի Լարային գործիքների համար գրված Meditation for Strings “Coventry” գործը։ Տաուսկին 1940-Ի նոյեմբերին արտագաղթել էր Մեծ Բրիտանիա եւ ապա իր ողջ գիտակացկան կյանքը մինչեւ մահ ապրել ու ստեղածգործել  Լոնդոնում։ 1941  թվականին գրված վերը նշված գործը ժամանակին նույնիսկ BBC -ն հրաժարվել է հեռարձակել։

Վերջին գործը Հայդնի հայտնի Te Deum-ը, կատարեցին համալսարանի երգչախումբն ու նվագախումբը։  Կարոլինիումի հանդիսատեսը ոգեւորիչ ծափահարություններով ողջունեց կատարումները, նաեւ գնահատելով այն հանգամանքը, որ Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ առավոտյան վաղ ժամերից արդեն Պրահայի մի քանի  վայրերում ելույթ էին ունեցել՝ Ազատության եւ ժողովրդավարության պայքարի օրվա շրջանակներում կազմակերպված մի շարք միջոցառումների շրջանակում։ Հայկ Ութիջյանին էր վստահվել տարբեր համալսարանների հինգ երգչախմբերի ղեկավարումը։

Նոյեմբերի 17-ը հարգեցին նաեւ Չեխիայի  նախագահն ու վարչապետը՝ մասնակցելով Պրահայի տարբեր  մասերում կազմակերպված միջոցառումներին։

Օրեր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում