«Ես իմ կյանքը կզոհաբերեմ, միայն թե երիտասարդները չզոհվեն»,- ասել է 73-ամյա հայուհի Անահիտը չեխ լրագրողուհուն

  • 03.11.2023
  • 0
  • 241 Views

Չեխ լրագրուհի Լենկա Կլիցպերովան, ներկա պահին գտնվելով Հայաստանում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Անահիտ անունով մի ծեր կնոջ։ Իհարկե, հասկանալի պատճառներով, հեղինակի կողմից որոշ ստույգ տվյալներ քողարկված են, այնուամենայնիվ ծանոթանանք գրառմանը.

«Անահիտը յուրահատուկ կին է։ Նա ապրում է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող մի գյուղում։ Այդ գյուղի կեսը գրավել են ադրբեջանցիները՝ վերջինիս վռնդելով իր տնից։ Մի քանի մետր հեռու իր բնակավայրի հարևանությամբ, Անահիտը պատուհանից տեսնում է ադրբեջանցի զինվորներին։ Հստակ գիտի, թե որտեղ քանիսն են տեղաշարժվում։ Ցանկացած հետախուզություն կնախանձեր ունենալ տեղում իրավիճակին հետևելու նման դիտարան։ Նա նույնիսկ իննսունականներին կռվել է Ղարաբաղյան պատերազմում։ Տիրապետում է Կալաշնիկով ու նռնականետ զենքերին»,- գրում է չեխուհին՝ մեջբերելով 73-ամյա հայուհու խիզախ հայտարարությունը. «Ես նրանցից չեմ վախենում։ Եթե ​​Սյունիքի մարզում նորից պատերազմ սկսվի, (և այն հավանաբար կսկսվի), կմնամ այստեղ և չեմ տեղափոխվի իմ գյուղից։ Վախենալու ոչինչ չունեմ։ Ես տեսել եմ այնպիսի բաներ, որոնք քչերն են տեսել իրենց կյանքի ընթացքում»։

Ներկայացնելով դեռ այդ տարիքում տարեց կնոջ անկոտրում մարտական ոգին և թշնամուն ծնկի բերելու վճռականությունը՝ Կլիցպերովան հետևյալ տողերով է ամփոփում իր մեկնաբանությունը. «Ասում են՝ եթե զենք տան ձեռքը, կկռվի։ Նա նախընտրում է իր կյանքը զոհաբերել, միայն թե երիտասարդ զինվորները ստիպված չլինեն շարունակ մահանալու: Այստեղ գրեթե բոլորը սպասում են պատերազմի։ Ըստ տեղացիների՝ դա ընդամենը ժամանակի հարց է»։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Լուսանկարը՝Լենկա Կլիցպերովայի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում