Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում խոսել է Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման և Ռուբեն Վարդանյանի անօրինական ձերբակալության մասին

  • 02.11.2023
  • 0
  • 506 Views

Ամերիկյան Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ի լրագրող Քրիստիան Ամանփուրի հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աֆեյանն անդրադարձել է 2020 թ․-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին, դրանից 2 տարի անց Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակմանը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, իսկ հայերը ստիպված եղան զանգվածային կերպով լքել իրենց պատմական հայրենիքը։

Why Moderna’s co-founder is sounding the alarm on Nagorno-Karabakh | CNN

«Երբ մենք խոսում ենք 120 հազար մարդու մասին, որոնք լքում են իրենց հայրենի հողը, դա էթնիկ զտում է՝ դասական սահմանմամբ։ Եվ դա իմ կողմից տրված սահմանումը չէ։ Դա սահմանում է՝ տրված միջազգային փորձագետների մեծ մասի կողմից, որոնք բարձրաձայնել են այս մասին վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունենում, նախ՝ շրջափակումը, այնուհետև դրան հաջորդող իրադարձությունները, էթնիկ զտում են», – ասել է Աֆեյանը։

Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը Ադրբեջանի կողմից։

«Սա, իսկապես, չափազանց անձնական և ցավալի իրավիճակ է», – նշել է Աֆեյանը՝ հիշելով տարբեր մարդասիրական նախագծերում Ռուբեն Վարդանյանի հետ իր 23 տարվա համատեղ աշխատանքի մասին, նաև ասելով, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից հեռանալուց հետո էլ մնացել է Լեռնային Ղարաբաղում և տեղում մարդասիրական նախագծեր իրականացրել։

Moderna-ի ղեկավարը նշել է, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են, և հույս է հայտնել, որ միջազգային տերությունները ինչ-որ բան կձեռնարկեն ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի մյուս ձերբակալված պաշտոնյաների հարցով, քանի որ անգործությունը և անպատժելիությունը խրախուսում են նման անարդարությունները։

Խոսելով այս ամենի մասին ահազանգելու իր անձնական պատճառների մասին՝ Աֆեյանը հիշեցրել է, որ իր նախնիները մազապուրծ են եղել Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունից, իսկ իր ընտանիքը փախել է Լիբանանից քաղաքացիական պատերազմի ժամանակ։

COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծած ընկերության համահիմնադիրը հիշեցրել է վերջին 25 տարիներին Հայաստանում տարբեր ծրագրերում ներգրավված լինելու, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը ստեղծելու մասին։ Աֆեյանի խոսքով՝ իրեն գոհացնում էր այն, որ Հայոց ցեղասպանությունից 1 դար անց հնարավորություն ուներ այդ նախագծի միջոցով օգնել ճնշումների ենթարկված տարբեր մարդկանց և այնպես անել, որ նման բան այլևս երբեք տեղի չունենա։

«Երբ աշխարհը մի կողմ կանգնած դիտում է անարդարությունները և ոչինչ չի անում, ապա ոչ միայն դժվար է հասնել արդարության, այլև դժվար է հասնել խաղաղության», – ասել է Նուբար Աֆեյանը։ 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում