Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում:
Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին և իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Համերգները կկայանան հետևյալ հեղինակավոր համերգասրահներում՝ նոյեմբերի 12-ին Աթենքի Megaron համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի Քարնեգի Հոլլում, Նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի Ռոյ Թոմսոն հոլլում, նոյեմբերի 19-ին՝ Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության համերգասրահում (La Maison Symphonique), նոյեմբերի 21-ին՝ Բոստոնի Սիմֆոնիկ հոլլում: Ծրագրում ընդգրկված է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ ‹‹Սպարտակ›› բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 5-ը:
Համերգների մենակատարներն են համաշխարհային մեծ համբավ ունեցող հայ երաժիշտներ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Նոյեմբերի 21-ին Բոստոնի Սիմֆոնիկ Հոլլում կայանալիք համերգը բարեգործական է, որի տոմսերից գոյացած հասույթը որպես մարդասիրական օգնություն կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցությանը, որը տեղի է ունեցել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով: Համերգի աջակիցներն են Pan Armenian Council of New England, AGBU New England District-ը, Armenian Relief Society, Friends of Armenian Cultural Society, YerazArt հիմնադրամը և Tekeyan Cultural Association: Հունաստանում կայանալիք համերգներն իրականացվում են Հունաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925թ.-ին: Գրեթե 100-ամյա այս նվագախումբն ունի հարուստ երաժշտական ավանդույթներ ու պատմություն: Հանդես է եկել բազում անվանի դիրիժորների ու մենակատարների հետ, աշխարհի տարբեր հեղինակավոր համերգասրահներում: 2000թ-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը, ում օրոք նվագախումբը գրանցել է բարձր կատարողական մակարդակ և ամենուրեք արժանացել հանդիսատեսի ու երաժշտաքննադատների բարձր գնահատականին:
orer.eu