
Հոկտեմբերի 21-ին Բուխարեստի քաղաքային թանգարանում անցկացվեց «Հայկական ինքնություններ. Հայրենիքներ և Սփյուռքներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ռումինացի հայտնի պատմաբան, էսսեիստ Սորին Անտոհիի «Գաղափարներ Ագորայում/Ideas in the Agora» քննարկումների շարքում` Ռումինիայի հայերի միության (նախագահ՝ Վարուժան Ոսկանյան), Բուխարեստի քաղաքային թանգարանի և «Orbis Tertius» ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Երկօրյա գիտաժողովը նվիրված էր հայկական ինքնությունների միջմշակութային և անդրազգային ուսումնասիրությանը։

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն իր բացման ելույթում մասնավորապես, նշեց․ «Զարգացումները, որոնց բախվել են Հայաստանը և Սփյուռքը վերջին տարիներին՝ ներառյալ վերջերս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումները և բռնի տեղահանումները, որակապես նոր խնդիրներ են առաջ քաշում ակադեմիական հանրության համար։
Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը շատ կարևոր ու արդիական է մեր օրերում, երբ Ադրբեջանը նախաձեռնել է պատմությունը վերաշարադրելու և հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելու կամ յուրացնելու քաղաքականությունը: Այս առումով, այժմ, առավել քան երբևէ, պատմաբանների ու հայագետների ուսումնասիրություններն անհրաժեշտ ու կարևոր են՝ միջազգային հանրությանը գիտական հիմունքներով ներկայացնելու ինչպես հայ ժողովրդի պատմական հարուստ ժառանգությունը, այնպես էլ հայերի ֆիզիկական բնաջնջման և պատմական ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման ու ոչնչացման վտանգները, որոնք իրականացնում է Ադրբեջանը՝ երրորդ երկրների անմիջական աջակցությամբ»։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտնականներ և ուսումնասիրողներ Հայաստանից, Ռումինիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Պորտուգալիայից, որոնց թվում էին հայտնի արվեստագետ, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը, Կիւլպէնկեան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, լրագրող և հետազոտող Ավեդիս Հաջյանը, պատմաբան Հակոբ Մաթեւոսյանը և այլք։


