Արցախն ու Հայաստանը Պրահայի կենտրոնում. Գարիկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը բաց է մինչեւ հոկտեմբերի 17-ը

  • 14.10.2023
  • 0
  • 339 Views

Հոկտեմբերի 2-ից Պրահայի կենտրոնում՝ Վացլավի հրապարկից ոչ հեռու, Յունգմանի հրապարակ 18 հասցեում  գտնվող  Սուրբ Աստվածամոր եկեղեցու վանքային ամբիտում բացվել է հայտնի լուսանկարիչ, Չեխիայի ֆոտոարվեստի ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը։  Այստեղ ներկայացված են տարբեր տարիներին աշխարհի զանազան երկրներում կատարած լուսանկարչական աշխատանքները։ Դրանց թիվը 92 է։ Բարձր պրոֆեսիոնալիզմով արված լուսանկարները ներկայացնում են Արցախն ու Հայաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, Ղրղզստանն ու Բանգլադեշը եւ այլ երկրներ։ Հատկանշական է, որ ցուցահանդեսում ներկայացված ամենահին լուսանկարը արվել է 1990ականների սկզբին Արցախում։ Այսօր այդ լուսանկարների հերոսները կամ այլեւս չկան, կամ էլ բռնագաղթել են հայրենի եզերքից։

Ցուցահանդեսի սրահում վաճառվում է նաեւ «Արցախ» պատկերագիրքը, որտեղ տեղ է գտել  Գարիկ Ավանեսյանի եւ իր լուսանկարիչ 21 ընկերների  Արցախում  2006-2008թթ  արված լուսանկարների ընտրանին(2008, Պրահա)։ Պատկերագրքի առաջաբանը գրել է ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։

Գարիկ Ավանեսյանը ծնվել է Բաքվում, Սումգայիթյան ջարդերից հետո ընտանիքով տեղափոխվել է Ղազախստան, որից հետո սկսվել են նաեւ Բաքվի  հայերի ջարդերը։ Նրա ծնողները Լեռնային Ղարաբաղից են, մայրը՝ Շուշիից է, հայրը՝ Հադրութի շրջանի Հակակո գյուղից։  Հետագայում , Գարիկ Ավանեսյանը հաստատվել է  Մոսկվայում, որտեղից էլ  1995 թվականին տեղափոխվել  է Պրահա։ Անցած մոտ քսան տարիների ընթացքում նրա ջանքերով չեխ լուսանկարիչների տասնյակ խմբեր են ճամփորդել Հայաստան եւ Արցախ , իսկ վերադառնալուց հետո հրատարակվել են պատկերագրքեր, բացվել են ցուցահանդեսներ։ 2005 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնվել է Չեխիայի ֆոտոարվեստի ֆեդերացիան, որի նախագահն է հայ անվանի լուսանկարիչը։

Այս ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 17-ը՝ ժամը 11-19-ը։ Մուտքի տոմսը 160 կրոն է։ 64 եւ բարձր  տարիքի հաճախորդների եւ ուսանողների համար՝ 60 կրոն է։

Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ շուտով՝ հոկտեմբերի 25ին Ավանեսյանի ջանքերով Երեւանում առաջին անգամ կանցկացվի FIAP-ի՝ Ֆոտոարվեստի միջազգային ֆեդերացիայի գլխավոր համաժողովը, որին կմասնակցեն 15 երկրների 56 լուսանկարիչներ։

Այդ մասին մանրամասները՝ հաջորդիվ։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում