Չեխիա.Սենատի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը

  • 10.10.2023
  • 0
  • 71 Views

Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշի հրավերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով գտնվում է Պրահայում:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք:

«Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության եւ ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման եւ այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանքներին: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կառավարությանը՝ ցուցաբերած հումանիտար օգնության համար:

Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը ողջունել է օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները: Սենատի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը, եռօրյա աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշին եւ խորհրդարանի Սենատի կրթության, գիտության, մշակույթի, մարդու իրավունքների եւ միջնորդագրերի հանձնաժողովի նախագահ Յիրժի Ռուժիչկային:

«Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում: Նա գոհունակությամբ արձանագրել է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, քննարկվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերումը:

Քննարկվել է նաեւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշը կարեւորել է միջխորհրդարանական շփումների ակտիվացումն ու ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Չեխիա: Նա նշել է, որ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սկզբունքների պահպանմանը եւ մերժում տարածքային ամբողջականության որեւէ խախտում: Սենատի առաջին փոխնախագահը նաեւ նշել է, որ աջակցում է ՀՀ վերջին տարիների ժողովրդավարական բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկին:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Երկկողմ օրակարգում նա անչափ կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը եւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը: Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի  հայ բնակչության նկատմամբ  էթնիկ զտումների քաղաքականությունից: 


 
Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկը նշել է, որ հետեւում է տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ հավելելով, որ Չեխիայի Հանրապետությունը միշտ աջակից է հակամարտությունների խաղաղ լուծմանը:

Նշվում է, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի եւ խմբի անդամների հետ հանդիպմանն էլ մեծապես կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի առաջմղման գործում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը, որոնք կարեւոր օղակ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետեւանքները:

Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւերի ընդունումը եւ համոզմունք հայտնել, որ չեխ գործընկերները կշարունակեն աջակցել հայ ժողովրդին եւ կնպաստեն ռազմագերիների վերադարձին:

Բարեկամական խմբի անդամները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, նշել, որ այսօր առավել քան երբեւէ պետք է մտածել հետագա համագործակցության մասին, որը կտարածվի բոլոր ուղղություններով:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում