Համաեվրոպական ցույց Բրյուսելում՝ Եվրոպացիները Արցախի համար հասարակական շարժման կազմակերպությամբ

  • 03.10.2023
  • 0
  • 159 Views

Հազարավոր հայեր եւ եվրոպացիներ էին հոկտեմբերեի 1-ին եկել Բրյուսել, իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Ադրբեջանի ագրեսիայի, Եվրոպական միության անգործության դեմ, միաժամանակ իրենց աջակցությունը հայտնելով Ադրբեջանին։ Ներկայացնում ենք Արաքս Սաֆարյանի ռեպորտաժը, որ տպագրվել է «Ազգ»ի համացանցային էջում։

Եվրոպայի հայերը դուրս են եկել հրապարակներ ու փողոցներ, որպեսզի իրազեկեն օտարազգիներին, միջազգային կառույցներին, թե ինչ է կատարվել Արցախում, ինչպես է ամբողջ աշխարհի աչքի առաջ Արցախը մի քանի օրում էթնիկ զտման ենթարկվել, արցախահայությունը զրկվել է իր Հայրենիքում ապրելու իրավունքից ու բռնի գաղթել Հայաստան, որն էլ իր հերթին է վտանգի մեջ։ Հայությանը հալածում է թուրք-ադրբեջանական ագրեսիան ու ահաբեկչական քաղաքականությունը։

Համաեվրոպական ցույցերը սկսվել են հոկտեմբերի 5-ին ընդառաջ։ Հենց այդ օրն են Գրանադայում հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Որպես հայության մի մասնիկ՝ Եվրոպայի հայերը նույնպես անհանգստացած են՝ ինչ է սպասվում հոկտեմբերի 5-ին։ Բաքվի բռնապետն էլ ի՞նչ պահանջնել է ներկայացնելու՝ համոզված, որ եթե մինչև հիմա իր ցեղասպան ծրագրերին ոչ ոք չի խանգարել, այսուհետև էլ խանգարող չի լինելու։

Եվրոպայի հայերը մեծ տերությունների հենց այս դիրքորոշման դեմ են բողոքի ձայն բարձրացնում՝ դեռ որքա՞ն պետք է ադրբեջանական նավթուգազը, գործարքների պայմանագրերը կուրացրած պահեն Եվրոպային, Ամերիկային, Ռուսաստանին, երբ մի ամբողջ ազգ է կանգնած էթնիկ բնաջնջման ու Հայրենիք, պետականություն կորցնելու վտանգի տակ։

Այսօր՝ Բրյուսելի ժամանակով ժամը 14։00-ին, բողոքի ցույց է իրականացվել Շումանի անվան հրապարակում, որտեղ գտնվում է Եվրամիության շենքը։ Այստեղ են Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նստավայրերը։

Բրյուսելում «Ազգի» թղթակից Արաքս Սաֆարյանը նույնպես մասնակցել է ցույցին, որը տևել է 3 ժամից ավելի։

Ցույցի ավարտին Բրյուսելից կապ հաստատելով մեզ հետ՝ Արաքսը պատմեց. «Շաբաթ և կիրակի Եվրամիությունը չի աշխատում, բայց հավանաբար հենց այս օրերին էր հայերին թույլատրվել բողոքի ակցիա իրականացնել։ Շատ ավելի լավ կլիներ, եթե այն աշխատանքային օրերին արվեր, այդ դեպքում հնարավոր կլիներ ավելի մեծ թվով մարդկանց իրազեկել, թե ինչ է կատարվում Արցախում, ինչու է հայ համայնքը բողոքում։ Այսօր Եվրոպայի մոտ 20 քաղաքներում համաժամանակյա ցույցեր են կազմակերպվել։

Բրյուսելում ցույցն իրականացվել է 500 հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով։ Բացի հայերից, մասնակցում էին նաև օտարազգի գործիչներ, ինչպես նաև Եվրոպայի մյուս գաղթօջախների հայեր։

Պաստառներին գրված էր՝ «Մարդասպան Ալիև», «Մարդասպան Էրդողան»։

Ցույցն սկսվեց Արցախի հիմնով, նաև՝ «Զարթիր, լաո» երգով։ Ցավալի է, որ տարիներ ի վեր այդ երգն ուղղակի որպես երգ ենք լսել, իսկ այսօր 100 տարի առաջվա պատմությունը կրկնվում է՝ սուլթան կուզե ջնջե մզի…

Ինձ հաջողվեց խոսել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի՝ ԵՄ-ում աշխատանքներ տանող անձանց հետ, որոնք այս ընթացքում հայանպաստ հսկայական աշխատանք են կատարել, որն իրականում պետք է մեր դեսպանությունն աներ։ Շատ ցավալի է. մեր զրույցից, որը մանրամասն կներկայացնեմ «Ազգ» շաբաթաթերթի առաջիկա համարում, այնպիսի տրամադրվածություն նկատվեց, որ էլի պիտի դիմենք ռուսին։

Այսպիսի մեծ ցույց վերջին մեկ տարվա մեջ չէր եղել։ Այսօր մի քանի հազար մարդ է մասնակցել. ցուցարարների հոսքը ձգվում էր մինչև այգի։ Եվրոպատգամավորները բեմահարթակի մոտ էին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն ուղերձներ էին հղել, որոնք բեմից ընթերցվեցին։

Չգիտեմ՝ ինչ կտան մեզ այս ցույցերը, բայց արցախցիները պետք է իմանան՝ Եվրոպայի հայերն իրենց կողքին են։ Առջևում դեռ շատ ծրագրերն են իրականացվելու Եվրոպայի հայկական համայնքներում»։

Լուսանկարները՝ Եվրոպացիները հանուն Արցախի կազմակերպության։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում