Սեպտեմբերի 3-ին Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արքեպիսկոպոսության հիմնադրման 655-ամյակի տոնակատարության շրջանակներում Կրակովի Վավելի Մայր Տաճարում տեղի ունեցավ էկումենիկ աղոթք՝ Կրակովի միտրոպոլիտ Մարեկ արքեպիսկոպոս Յեդրաշևսկու, Լեհաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ` Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից: Այս մասին տեղեկանում ենք Արեւմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակության հաղորդագրությունից։
Արարողությանը ներկա էին Լեհաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Անջեյ Վաշկոն, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, Ներքին գործերի և վարչակազմի նախարարության վարչության տնօրեն Անջեյ Սոսնովսկին և Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Գերաշնորհ Խաժակ արք. Պարսամյանը, դիմելով ներկաներին, իր խոսքում մասնավորապես ասաց. «Լեհաստանում հայերի ներկայությունը գրեթե 800 տարվա երկար պատմություն ունի։ Նրանք ողջունվեցին լեհ ժողովրդի կողմից և ինտեգրվեցին հասարակությանը՝ նպաստելով Լեհաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին։ Մենք աղոթում ենք այսօր, որ ինչպես նախկինում, նրանք պահպանեն իրենց ինքնությունը՝ միանալով լեհական հասարակությանը, միաժամանակ նպաստելով այս պատմական, բայց նաև ժամանակակից եվրոպական երկրի սոցիալական և տնտեսական կյանքին: Այս արարողության ընթացքում մենք աղոթում ենք Լեհաստանի և Հայաստանի համար, ինչպես նաեւ համայն աշխարհի խաղաղության համար: Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաղաղությունը լինի բոլորիս հետ և թող Նա ոգեշնչի և առաջնորդի աշխարհի ղեկավարներին՝ խաղաղություն բերելու ազգերի և ժողովուրդների միջև»:
Կրակովի միտրոպոլիտ Մարեկ արքեպիսկոպոս Յեդրաշևսկին իր խոսքում մասնավորապես նշեց. «Կազիմիր Մեծի իշխանության ժամանակ, վերջինս հանդիպել է հայերին ու նրանց եկեղեցուն։ Կազիմիր Մեծը ողջունել է նրանց և հնարավորություն տվել զարգացնելու իրենց ինքնությունը՝ տալով տարբեր արտոնություններ և ճանաչելով հայ եկեղեցու առանձնահատկությունը։ Ժամանակի ընթացքում հայկական համայնքները կարողանում էին ազատորեն զարգանալ, ունենալ իրենց սեփական ինքնակառավարումը և կառավարվում էին սովորութային իրավունքով։ Հայերը ներկա էին Լեհաստանի բազմաթիվ քաղաքներում, որոնք աչքի էին ընկնում արևելյան լեզուների իմացությամբ։ Նրանց շնորհիվ լեհերն իրենց այլ կերպ հասկացան և ներկայացան այլ ազգերի, իսկ շատ արևելյան տարրեր արմատավորվեցին լեհական մշակույթում։ Լեհական մշակույթի բացառիկ դեմքեր հանդիսացող հայերից են՝ Զամոշցի Սիմեոնին, Ստեփանոս Ռոզկային, եղբայրներ Յոզեֆ Բարթլոմիեյին և Շիմոն Զիմորովիչին, և այլք»:
Գերաշնորհ Մարկոս եպս. Հովհաննիսյանը ներկաներին ողջունեց հետեւյալ խոսքերով. «Մեկն է աղոթքի լեզուն, քանի որ Աստված լսում է մեզ ինչպես գրաբարով, լեհերենով, լատիներենով, այնպես էլ մնացած բոլոր լեզուներով: Աստվածային սիրո նույն ակունքից բխող արժեքներով են կերտված մեր՝ հայ և լեհ քրիստոնյա ժողովուրդներիս մշակույթները, որոնք որքան էլ տարբեր լինեն, այնուամենայնիվ, հասկանալի ու հարազատ են միմյանց։ Փառք եմ բարձրացնում առ Աստված, որ հնարավություն է ընձեռում քրիստոնեական մեր եկեղեցիների էկումենիկ համագործակցությունը զորացնելու, ինչպես նաև խաղաղության եւ համերաշխության ոգին քարոզելու ամբողջ աշխարհում»:
Արարողությունից հետո Լեհաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Ա. Վաշկոն նախագահ Դուդայի անունից, ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը և ՀՀ պատվավոր հյուպատոս Հ. Բոյաջյանը ծաղկեպսակներ են տեղադրել Կազիմիր Մեծ թագավորի շիրիմին։
Ըստ Ուկրաինայի Հայոց թեմի հաղորդագրության, Լեհաստանի Կազիմիր թագավորի հրովարտակով Հայոց թեմի հաստատման 655-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Լեհաստանի Զաբժե քաղաքում ստորագրվեց եկեղեցու և հարակից շինությունների փոխանցման համաձայնագիր: Հավարտ փոխանցման արարողության Զաբժեի Սուրբ Աննա Մայր եկեղեցում ՀՀ Պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանին փոխանցվեց Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակով շնորհված <<Սուրբ Ներսես Շնորհալի>> շքանշանը` առ ի գնահատումն եկեղեցու ձեռքբերման և բազում այլ իրագործած ձեռնարկների: Իր գնահատանքի խոսքում Մարկոս Սրբազանը շնորհակալություն հայտնեց Հրաչյա Բոյաջյանին երկօրյա իրադարձությունների նախաձեռնման եւ կազմակերպչական գործընթացների ծանր լուծը իր ուսերին կրելու համար։
Եկեղեցու փոխանցման գործընթացին իր աջակցությունն է ցույց տվել նաեւ Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը։
Սեպտեմբեր 3-ը նշանավորվեց Կրակովի Հռոմեակաթոլիկ Մայր եկեղեցում կատարված էկումենիկ աղոթքով: Հավարտ աղոթքի կատարվեց ծաղիկների զետեղում Կազիմիր թագավորի դամբարանի առջև Լեհաստանի Հանրապետության նախագահ Ա. Դուդայի անունից և Լեհաստանում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Ս. Մկրտչյանի կողմից:
Դամբարանի մոտ աղոթք հնչեցրեցին Կրակովի արքեպիսկոպոս Մարեկ Յենդրաշեվսկին, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Թեմի հոգևոր դասը:
Բոլոր միջոցառումներին իր մասնակցությունը բերեց և հիանալի կատարումներով ամբողջացրեց Լվովի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցու <<Սաղմոս>> երգչախումբը` ղեկավարությամբ Անի Պապիկյանի: Համերգներից առաջինը նվիրված էր Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետին:
orer.eu