
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին հայտնի գրականագետ, արձակագիր ու թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան օրն է։ Ցավոք, 2021 թվականի սեպտեմբերի 3-ին անվանի գործիչը համաճարակի զոհերից մեկը դարձավ եւ հրաժեշտ տվեց երկրային կյանքին, իսկ երկու շաբաթ անց նրան միացավ նաեւ իր սիրելի կինը՝ հայտնի դերասանուհի, արձակագիր Անահիտ Թոփչյանը։
Ալեքսանդր Թոփչյանը մահից մի ամիս առաջ տպարանից ստացել էր իր նոր վեպի՝ «Որոգայթի» առաջին օրինակները, եւ դեռ չէր հասցրել նույնիսկ շնորհանդես կազմակերպել։ Այս վեպի մասին թռուցիկ գրել ենք նրա մահից հետո, սակայն դեռ կվերադառնանք դրան ավելի մանրամասն վերլուծությամբ մի այլ առիթով։
Թեեւ ուշացումով, սակայն հետաքրքիր լուր ստացանք Մակեդոնիայից։ Պարզվում է 2022 թվականին այնտեղ մակեդոներեն հրատարակվել է Ալ. Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը, որի մասին հեղինակն այդպես էլ չիմացավ։ Այդ մասին հրատարակչության գրած նամակից ամիսներ անց տեղեկացել է նրա դուստրը՝ Աննան։
1896 թվականի օգոստոսին հայ հեղափոխականների կողմից Պոլսի պետական բանկի գրավման դրամատիկ պատմությունը ներկայացնող «Բանկ Օտոման» վեպը Թոփչյանի այն գործն է, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուների՝ ֆրանսերեն, ռուսերեն, ռումիներեն, լատիշերեն, պարսկերեն, սերբերեն։ Մակեդոներենը եկավ լրացնելու այդ շարքը։ Ինչպես հետագայում գրել են գրաքննադատները, վեպը ներկայացնում է մի գործողություն, որը քաղաքական բնույթ ուներ։ Այդ հուսահատ քայլով հայ երիտասարդների խումբը՝ Արմեն Գարոյի եւ Բաբկեն Սյունու գլխավորությամբ ցանկանում էին համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի, արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի օրոք տեղի ունեցող բռնությունների եւ զանգվածային կոտորածների վրա:


Թոփչյանի այս վեպը հայերեն հարատարկվել է 2008 թվականին Երեւանում եւ ունեցել աննախադեպ հաջողություն։ Իհարկե, այն հաջորդեց «Եվ անգամ մահից հետո» ծավալուն պատմավեպին, որ նվիրված էր հայ մեծ բանաստեղծ եւ ցեղասպանության նահատակ Ռուբեն Սեւակի կյանքին ու նրա ապրած փոթորկահույզ ժամանակաշրջանին, եւ որը կարելի է ասել դարձավ Թոփչյան գրողի ստեղծագործական վաստակի դափնեպսակը։
Ավելացնենեք միայն, որ «Բանկ Օտոմանը» մակեդոներենի է թարգմանել Վերա Չորնի-Մեշկովան, լույս է տեսել Սկոպյեում՝ Մակավեյ հրատարակչությունում 500 տպաքանակով։ Հրատարակությանը աջակցել է նաեւ Հայաստանի գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ թարգմանական գրականության ծրագրի շրջանակներում։
Հ.Ա.
ՕՐԵՐ