
Սեպտեմբերի 10-ին Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի դռները վերստին կբացվեն վալենսաբնակ հայ երեխաների առջև` ուղղորդելով նրանց հայոց լեզվի, գրականության, պատմության և, ընդհանրապես, հայկականության հարուստ, բազմադարյա և հետաքրքրալից խճանկարներով։ Մինչ այդ, Ալիկանտեի “Հայաստան” միության նախաձեռնությամբ և Վալենսիայի “Արարատ” միության համագործակցությամբ, երկու կազմակերպությունների ներքո գործող դպրոցների սաները մասնակցեցին ամառային եռօրյա ճամբարումին, որի գլխավոր նպատակն էր` երկուստեք սերտ և շարունակական համագործակցությունը և, իհարկե, հայապահպանությունը։
60-ից ավելի երեխաներ և ուսուցիչներ են մասնակցել այս տարվա ճամբարին “Լա Մարինա” երիտասարդական համալիրում, եւ վերադարձել վառ ու անմոռանալի տպավորություններով։ Մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը, Վալենսիայի հայկական կրթօջախի ուսուցչուհիներ Աստղիկ Սաղաթելյանի, Աննա Սանասարյանի և Հասմիկ Վարդանյանի ղեկավարությամբ, դպրոցում անցկացվել է նորեկների ընդունելություն և հայերենի ընդհանրական ուսումնաճանաչողական քննություններ` ստուգելու համար Իսպանիայում ծնված և արդեն նոր սերնդի հիմքը ձևավորող երեխաների հայերենի հետ շփումն ու իմացության մակարդակը։
Այս տարի 54 աշակերտ է գրանցվել դպրոցում, որն, իհարկե, ոգևորիչ և տարեց-տարի աճ գրանցող ցուցանիշ է։ Մայրենի լեզուն ազգապահպան ամենակարևոր առհավատչյան է, իսկ այն կրողներն ու պահողները` մերօրյա իսկական հերոսները։ Բարի երթ մաղթենք 2023-2024 ուսումնական տարուն, իսկ հայ ինքնության պահապաններին` բեղմնավոր աշխատանք և սպասվելիք մարտահրավերները պատվով հաղթահարելու ուժ և կամք։
Արարատ հայկական միություն
Վալենսիա
Իսպանիա



