«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ

  • 15.08.2023
  • 0
  • 115 Views

ՀՀ-ում ՌԴ դեսպանություն Արտակարգ և լիազոր դեսպան
Պարոն Սերգեյ Կոպիրկինին
«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունից


Հարգելի՛ պարոն Կոպիրկին,
«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մեծ մտահոգությամբ և
հրատապությամբ դիմում է Ձեզ Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
տիրող ծանր իրավիճակի առնչությամբ։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ
և Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) տեղակայված զինված ուժերով
երկիր՝ Ռուսաստանը ինքնակամ կարևոր դեր է ստանձնել տարածաշրջանի
խաղաղություն ապահովելու և Արցախում վերահսկողություն իրականացնելու գործում:
Ռուսական զինված ուժերի ներկայությունը Արցախում պետք է պատնեշ լինի
հպատակության կամ ճնշման ցանկացած ձևի դեմ, սակայն ռուսական զորքերի Արցախ
մուտք գործելուց ի վեր ականատես ենք մի սարսափելի գործընթացի, որի ընթացքում հայ
ժողովուրդը Ադրբեջանի կողմից ենթարկվում է պաշարման, բնակավայրերի
հայաթափման ու օկուպացման: Անզեն քաղաքացիների գնդակահարումը, մարդկանց
գերեվարումն ու առևանգումը, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող կենսական
ճանապարհի փակումը հայ ժողովրդին մղում է անմարդկային տառապանքների և սովի։
Այս գործողությունները ցեղասպանական քայլեր են, որոնք ամրագրված են
«Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու» կոնվենցիայում, այդ
թվում՝ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներում, որոնցում մասնավորաբար ասվում է.

Հոդված 1
Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝
կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային
իրավունքի՝ հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և
պատժել այն կատարելու համար։


Հոդված 2
Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ
գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ
կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման
մտադրությամբ.
(ա) այդ խմբի անդամների սպանությունը,
(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս
պատճառելը,
(գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը,
որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
(դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների
իրականացումը,
(ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։


Հոդված 3
Պատժելի են հետևյալ արարքները՝
(ա) ցեղասպանությունը,
(բ) ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը,
(գ) ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը,
(դ) ցեղասպանություն կատարելու փորձը,
(ե) հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ։


Հոդված 4
Ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարած անձինք
ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք սահմանադրությամբ պատասխանատու
ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք։
Ավելին՝ ՌԴ ռազմաքաղաքական իշխանության մինչ այս պահն արված այն
հայտարարությունները կամ մեկնաբանությունները, որոնցում Արցախը նշվում է
Ադրբեջանի «իրավազորության» ներքո, անթույլատրելի են և հակաարդյունավետ։
Հիշեցնում ենք, որ Արցախի հայ ժողովուրդն իր ինքնորոշման համար պայքարող ազատ
ժողովուրդ է, և նրա իրավասությունը գտնվում է իր իսկ ժողովրդավարական
ինստիտուտների և կառավարության ներքո։
Ռուսական զորքերի առկայությունը Արցախում հիշողություններ է արթնացնում
1940-ական թվականներին Լենինգրադի սարսափելի պաշարման մասին։ Ռուսաստանը՝
որպես շրջափակում տեսած և դրանից տուժած պետություն, պետք է, որ շատ լավ
գիտակցի ու պատկերացնի դրա անթույլատրությունը: Անընդունելի է, որ ռուսական
ուժերի վերահսկողության ներքո արցախահայությունը 21-րդ դարում Ադրբեջանի կողմից
ենթարկվում է նույնատիպ պաշարման ու ցեղասպանության։ Սա հիմք է ստեղծում
Ռուսաստանին ադրբեջանական ցեղասպան քաղաքականությանը մեղսակից համարելու
համար, քանի որ խախտվում է ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության
հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» 3-րդ հոդվածի 5-րդ ենթակետը։
Մենք նաև մտահոգություն ենք հայտնում Ռուսաստանի դերի վերաբերյալ՝
Բերձորի/Լաչինի միջանցքի երկայնքում ադրբեջանական զորքերի մուտքը թույլ տալը,
ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրմանը նպաստելը, ինչպես նաև ՄԱԿ-ի
փաստահավաք առաքելությանը և Հայաստանից մարդասիրական ապրանքների
տեղափոխումը Բերձորի/Լաչինի միջանցքով Արցախ չսատարելու առնչությամբ:
Մենք չենք կարող անտեսել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի
2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը վերահաստատում է Բերձորի/Լաչինի
միջանցքի ապաշրջափակումն ու վերաբացումը։ Մենք սպասում ենք և պահանջում, որ
Ռուսաստանն իր հանձնառությունները հրատապ կատարի մարդկության առաջ, այդ
թվում՝ նպաստի ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարմանը և
ապահովի՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարմանը,
հակառակ պարագայում Ռուսաստանը կդառնա Արցախում հայերի ցեղասպանության,
հայրենազրկման, հպատակեցման հանցակիցը։


«Բացում» քաղաքացիական շարժման համակարգողներ՝

Նարեկ Այվազյան

Վլադիմիր Հովհաննիսյան

Անդրանիկ Պողոսյան

Արման Վարդանյան

Անուշիկ Հարությունյան

Շուշանիկ Հարությունյան

Վահե Սալահյան

Վերոնիկա Շահնազարյան

Հասմիկ Իսրայելյան

Խոսրով Սեդրակյան

Լիլիթ Հայրապետյան

Հայկ Սահակյան

Կարինե Կարապետյան

Միքայել Մարգարյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում