Աթաթուրքի արձանը Պրահա 6-ում չի լինի. Հայ համայնքի եւ չեխ գործընկերների ջանքերը տվեցին արդյունք

  • 14.08.2023
  • 0
  • 505 Views

Ինչպես հաղորդում է CTK լրատվական գործակալությունը, Պրահա 6-ի թաղապետարանն այսօր որոշում է կայացրել, որ չի կարող բավարարել թուրքական կողմի խնդրանքը եւ Աթաթուրքի արձան չի կարող տեղադրվել Պրահա 6-ի տարածքում։ Այն նախատեսում էին տեղադրել Թուրքիայի հանրապետության հիմնադրման 100-ամյակի շրջանակներում։ Այս մասին գործակալությանը հայտնել է Պրահա 6-ի մամուլի քարտուղար Մարեկ Զեմանը։ Նշենք, որ այդ խնդրանքով թաղապետարանին դիմել էր Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղիշը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ հայ համայնքի ներկայացուցիչները եւ չեխ լրագրողները ակտիվորեն անդրադառնում են այս թեմային, իսկ մի քանի օր առաջ Չեխահայ համայնքի անունից նամակ է հանձնվել թաղապետարանի խորհրդի անդամներին, որտեղ կոչ էր արվում հայերի եւ հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված մարդու արձանը չտեղադրել Պրահայի տարածքում։ Դիմում-կոչը ստորագրել էին Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Օրեր ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ու orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։

Չեխիայի հայ համայնքի անունից շնորհակալություն ենք հայտնում փոխքաղաքապետ Մարիաննա Չապկովային եւ քաղաքային խորհրդի այն անդամներին, որոնք աջակցեցին, որպեսզի այս արձանը չտեղադրվի։ Խորապես շնորհակալ ենք նաեւ բոլոր չեխ լրագրողներից, որոնք գրեցին այս մասին, հատկապես Մարտին Մահդալին, Մարկետա Կուտիլովային եւ Բոբ Աշերին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում