Արդյո՞ք Աթաթուրքի արձան կլինի Պրահայում. չեխական մամուլի խիստ անդրադարձը

  • 10.08.2023
  • 0
  • 432 Views

Չեխական լրատվական կայքէջերն անդրադարձել  են  Պրահայում Աթաթուրքի արձանը դնելու մտադրությանը

Այս տարվա հունվարին Պրահա 6-ի քաղաքապետ Յակուբ Ստարեկը (ODS) և փոխքաղաքապետ Վացլավ Կոժենին (ODS) հանդիպել են Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղիշեմի հետ, որի ընթացքում դեսպանը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը տեղադրելու խնդրանքով հայց է ներկայացրել չեխ պետական գործիչներին։ Այս տեղեկությունը ցնցել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց դժգոհությունը չեխական մամուլին են փոխանցել  չեխ կինոռեժիսոր եւ լրագրող Մարտին Մահդալը, «Կովկաս-Արևելյան Եվրոպա»  լրատվական կենտրոնի տնօրեն և «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, ինչպես նաև չեխ լրագրող Մարկետա Կուտիլովան։ Հեղինակների զրույցներն ու հոդվածներն ընդեմ արձանի տեղադրման անմիջապես տեղ են գրավել չեխական «PrahaIN.cz» և «Novinky» լրատվական կայքէջերում։ Ստորև ներկայացնում ենք ընթացիկ խնդրի հայերեն տեսությունը՝ օգտվելով նշյալ աղբյուրներից.

 Ըստ «PrahaIN.cz»-ի, արձանի տեղադրումը պետք է ոգեկոչի Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակը և ամրապնդի հարաբերությունները Պրահա 6 և թուրքական Մուրաթփաշա քաղաքային շրջանների միջև։ (Կայքէջի հիշեցմամբ, դեռևս փետրվարի 14-ին քաղաքապետ Ստարեկը և փոխքաղաքապետ Կոժենին չորսօրյա գործուղման են մեկնել Մուրատփաշա։ Թուրքիա մեկնելը հաստատվել է Պրահա 6-ի քաղաքապետարանի խորհրդի կողմից)։

 «Դեսպանի հետ հանդիպման մասին տեղեկությունը մեզ հասել է մեր ընկերներից, ովքեր չեն ցանկանում հրապարակել իրենց անունները։ Նրանցից ստացել ենք նաև արձանի էսքիզի նկարը, որը պետք է տեղադրվի Պրահայի այգում»,-«PrahaIN.cz»-ի խմբագրությանը հայտնել է Հակոբ Ասատրյանը։

 «Այս տարի Թուրքիան նշում է իր ստեղծման 100-ամյակը, իսկ Աթաթուրքը համարվում է ժամանակակից թուրքական պետության հայրը, ով եղել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը։ Նրա անցյալը չի պատկերվում միայն սպիտակ գույնով։ Պատմաբաններն ուշադրություն են հրավիրում հայերի, ասորիների և հույների էթնիկ զտումների մեջ վերջինիս դերակատարության վրա»,- «Novinky» կայքէջում ներկայացրել է Մարկետա Կուտիլովան։

 «Հայերի համար աներևակայելի է, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը պետք է նման հուշարձան ունենա Չեխիայի մայրաքաղաքում, որը համարում ենք ժողովրդավարական պետություն։ Մենք կգրենք Պրահա 6-ի քաղաքապետին և կբողոքենք այս ծրագրի դեմ։ Հայերի, հույների և ասորիների սիստեմատիկ ցեղասպանության մեջ մեղադրվող անձը չի կարող սեփական հուշարձան ունենալ Պրահայում»,- շեշտել է «Օրեր»-ի խմբագիրը։

 Կուտիլովայի «Պրահայում Աթաթուրքի արձանը հակազդեցություն և հարցեր է առաջացնում» հոդվածում  նշված է. «Թուրքիայի պատկերացումներով, մեկուկես մետր բարձրությամբ պատվանդանի վրա կանգնեցվող մոտ երեք մետր բարձրությամբ արձանը պետք է տեղադրվի Պրահայի Անկարսկա և Նա Վետրնիկ փողոցներին հարող այգում։ Բնակչության մի մասը դրա դեմ հանրային բողոքի ակցիաներ է նախապատրաստում։ «Աթաթուրքը ոճրագործ է։ Եթե նա այստեղ իր արձանն ունենա, ապա կարող են ունենալ նաև Հիտլերն ու Պուտինը։ Նախատեսում ենք հրավիրել հանրահավաքներ և բողոքի ցույցեր»,- ասում է պրահայաբնակ հայուհի Անուշը»։

 «Չեխ հայտնի վավերագրող, լրագրող և դրամատուրգ Մարտին Մահդալն անմիտ կատակ է համարում Աթաթուրքի արձանի վերջնական տեղադրման գաղափարը, ով տարիներ առաջ չեխական հեռուստատեսության համար վավերագրական ֆիլմ է նկարահանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ և երկար ժամանակ զբաղվել է այս թեմայով»,- ավելացնում է «PrahaIN.cz» կայքէջը՝ մեջբերելով Մահդալի կարծիքը ծրագրի շուրջ. «Խոստովանեմ, որ Պրահա 6-ի այս պլանի մասին տեղեկատվությունը որոշ չափով շփոթեցրեց ինձ։ Երբ 2015 թվականին նկարահանեցի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմս, ինչը հետագայում հեռարձակվեց Չեխիայի հեռուստատեսությամբ, հիշյալ վավերագրական ֆիլմի պատրաստման ընթացքում խորապես ծանոթացա հայ ժողովրդի այս ողբերգական իրադարձությանն առնչվող հսկայածավալ տեղեկատվության հետ։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից էր։ Հետևաբար արձանը ոչ միայն հիշեցնելու է պետական ​​գործչին, այլև միևնույն ժամանակ հանդիսանալու է այդ սարսափելի ոճրագործության խորհրդանիշը»։

Դեռևս ութ տարի առաջ հայկական բողոքի ցույցերը նպաստեցին Կարլովի Վարիում Աթաթուրքի արձանը կանգնեցնելու փորձի ձախողմանը, որտեղ այդ ժամանակ բուժհանգիստ էր անցկացնում Թուրքիայի նախագահը։

 Դեռ որոշված ​​չի՝ արդյո՞ք Աթաթուրքի արձանը կկանգնի մայրաքաղաքում։ «Քանի որ լիովին գիտակցում ենք հարցի բարդությունը, քաղաքապետը նախատեսում է այս հարցի շուրջ խորհրդակցել արտաքին գործերի նախարարության հետ»,-այդ մասին «Novinky» կայքէջին հայտնել է Պրահա 6 թաղամասի քաղաքապետարանի խոսնակ Մարեկ Զեմանը, որի տեղեկացմամբ Թուրքիայի դեսպանի խնդրանքով առայժմ զբաղվում է Պրահա 6-ի Տարածքային զարգացման պլանավորման վարչությունը։

 «Հաշվի առնելով, որ այդ խնդրանքով թուրքական կողմը դիմել է մեզ, ուստի որոշումը մենք պետք է կայացնենք։ Բյուջեի կամ այլ բանի շուրջ այս պահին բացարձակապես խոսք չի կարող լինել»,- ավելացրել է Զեմանը։

Աթաթուրքի պատմության ամենամութ հատվածը նրա դերակատարությունն է 1920-ական թվականներին հայերի, ասորիների և հույների էթնիկ զտումների մեջ։

«Մուստաֆա Քեմալը, հետագայում՝ Աթաթուրքը, մասնավորապես ներգրավված է եղել 1922 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրածների էթնիկական զտումների մեջ, որի համար ուղղակիորեն պատասխանատու է եղել նրա կառավարությունը»,- Կուտիլովայի հետ զրույցի ընթացքում մեկնաբանել է Չեխիայի Գիտությունների ակադեմիայի Ժամանակակից պատմության ինստիտուտի պատմաբան Մարեկ Յանդակը, որի խոսքը լրացրել է նաև քաղաքագետ Տոմաշ Շմիդը. «Աթաթուրքն իր մասնակցություն է ունեցել Զմյուռնիայի (Թուրքերեն՝ Իզմիր) հույների և հայերի կոտորածին, որի ժամանակ զոհվել է մոտ 100,000 մարդ։ Թեև զգալի մասն իրագործվել է տարբեր զինյալների կողմից, թուրքական բանակը կոծկել է դա։ Այդ կոտորածում Աթաթուրքն այսպես կոչված «հարաբերականացման խառնուրդի» դիրք է գրավել՝ հետևաբար և արժանանալով արդարացման։ Ուստի առաջ են քաշվել վիճաբանություններ. արդյո՞ք նշյալ ջարդերը կարելի է վերագրել հայերի, ասորիների և հույների ընդհանուր ցեղասպանությանը, թե՞ կարելի է դիտարկել որպես առանձին ռազմական հանցագործություն՝ հունա-թուրքական պատերազմի շրջանակներում»։

 Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այն ժամանակվա Օսմանյան կայսրության տարածքում (1915-1916թթ.)՝ այսպես կոչված, երիտթուրքերի կուսակցության նախաձեռնությամբ, որի գաղափարախոսությունն է եղել օսմանիզմը, իսլամիզմը և թուրքականությունը։ Դրա մեջ չեն ընդգրկվել քրիստոնյա հայերը, հույները և ասորիները։ Բացի այդ, հայերն այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում վերահսկել են արդյունաբերությունը, առևտուրը և բանկային համակարգը՝ ունենալով մեծ ունեցվածք։ Ավելին, նրանց մի մասը համակրել է թշնամական Ռուսաստանին։ Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո ոչինչ ավելի դյուրին չի եղել, քան հայերին դավաճանության մեջ մեղադրելը և վերջնական ոչնչացման միջոցով նրանցից ազատվելը։ Այդպիսով համակարգված լուծարման ընթացքում սպանվել է 1,5 միլիոն հայ և բռնագրավվել է նրանց ունեցվածքը։

 Պատմաբանների հավաստմամբ, խոսքը պետության կողմից ուղղորդված առաջին ցեղասպանության մասին է։ Հիտլերի կողմից Թուրքիա ուղարկված նացիստները հետագայում ոգեշնչվել են այդ մտքով։ «Քեմալը չի ​​սանձազերծել Հայոց ցեղասպանությունը։ Նա այդ ժամանակ չի զբաղեցրել բարձր պաշտոններ։ Եղել է կարիերայի ուղու վրա ծառայող բանակի սպա։ Հայտնի է, որ ատել է ցեղասպանության գլխավոր հեղինակներից մեկին՝ Էնվեր փաշային՝ վերջինիս նույնիսկ արհամարհելով որպես մարդ։ Դատապարտել է ցեղասպանությունը՝ որպես «ամոթալի արարք»։ Այնուհանդերձ, ժամանակի ընթացքում նրա վերաբերմունքը փոխվել է»,- ընդգծել է Շմիդը։

 Արդեն 1920 թվականին Աթաթուրքն իր զորքերը ուղարկել է Կիլիկիա քաղաք, որտեղ նրանք սպանել են ցեղասպանությունից փրկված հայերին։ Հաջորդ արյունալի ջարդերը հետևել են 1920 թվականին Իզմիրում։

 Աթաթուրքն աստիճանաբար ձեռնամուխ է եղել ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, քանզի դրանում տեսել է Թուրքիայի Հանրապետության լեգիտիմությանը դեմ ծառացող սպառնալիք։

«Իր մահից անմիջապես առաջ հիմնել է Թուրքական պատմական ընկերություն, որը պատասխանատու էր պետության պաշտոնական պատմության պահպանման համար, որպեսզի մոռացվեր, ջնջվեր Թուրքիայի դերն ու պատասխանատվությունը ցեղասպանության իրագործման հարցում։ Այս առումով Աթաթուրքը համարվում է ցեղասպանության առնվազն գաղափարական մեղսակիցը, քանի որ ժխտելով ոճրագործությունը՝ իրականում հավերժացվում է այն»,- նշել է քաղաքագետ Շմիդը։

Հայերի այս արյունահեղությունը Թուրքիան երբեք չի ճանաչել որպես ցեղասպանություն։ Չեխիայի Հանրապետությունը, ընդհակառակը, ճանաչել է այն որպես ցեղասպանություն, ինչը կարող է նպաստել Պրահա 6-ում Աթաթուրքի արձանի վերաբերյալ վերջնական դիրքորոշման ձևավորմանը:

 Հիշեցնենք, որ վերջին տարիներին Պրահա 6-ում արձանների մասին մեծ քննարկումներ են անցկացվել նաև Բուբենեչ թաղամասում գտնվող խորհրդային մարշալ Իվան Ստեպանովիչ Կոնևի հուշարձանի առնչությամբ։

 2015 թվականին քաղաքապետարանն առաջին անգամ արձանի կողքին տեղադրել էր հուշատախտակներ, որոնք ոգեկոչում էին ոչ միայն Կոնևի ավանդը Պրահայի ազատագրման գործում, այլև վերջինիս դերը Հունգարիայում ապստամբությունը ճնշելու գործում, Բեռլինի ճգնաժամի ժամանակ կամ Վարշավայի պայմանագրի զորքերի Չեխոսլովակիա ներխուժումից առաջ։

 Բուռն քննարկումների առարկա և վանդալիստական հարձակումների թիրախ դարձած արձանը, ի վերջո, 2020 թվականին քաղաքապետարանի կողմից հեռացվեց և հայտնվեց պահոցում»,- Նման համեմատությամբ է հոդվածն ավարտել Մարկետա Կուտիլովան։

Ի դեպ, առաջինը արձանի հնարավոր տեղադրմանը անդրադարձել էին նաեւ ՕՐԵՐ հայկական ամսագրի կայքէջը՝ orer.eu-ն, Դենիկն, Լիդովկի, Բլեսկ եւ այլ կայքէջեր։

 Արսեն Քոչարյան

 Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում