Գյումրիում տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի հանդիսավոր բացումը

  • 06.08.2023
  • 0
  • 71 Views

Երեկ, օգոստոսի 5ին Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ  խաղերի հանդիսավոր բացման արարողությունը։ Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Խաղերին մասնակցում է 41 պետությունների, 181 քաղաքների 7000-ից ավելի մարզիկ: Նշենք, որ Չեխիան ներկայացնում է պրահայաբնակ Միքայել Վերդիանը, որը կմասնակցի շախմատի եւ բատմինտոնի մրցումներին։

Բացման հանդիսավոր արարողությանը լուսաձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է 1999 թվականից անցկացվող Համահայկական խաղերի պատմությունը, անդրադարձ է կատարվել Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգությանը, ինչպես նաև չեմպիոնների դարբնոց Գյումրիին ու գյումրեցի անվանի մարզիկներին:

🏳️Այնուհետև տեղի է ունեցել Խաղերի բացման մարզական շքերթը՝ մասնակից 41 երկրների 181 քաղաքների պատվիրակների մասնակցությամբ: Հատկանշական է՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերն առաջին անգամ հյուրընկալել են նաև Չիլիի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Հորդանանի և Էստոնիայի մեր հայրենակիցներին:

Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառել է Եվրոպայի վեցակի, աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Մինչ այդ էլ Համահայկական խաղերի դրոշը մարզադաշտ են բերել օլիմպիական չեմպիոններ Իսրայել Միլիտոսյանը, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը և աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման մարզական շքերթը դիտելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով եւ մասնավորապես նշել է, որ

« Այսօրվա այս տոնն առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր կամքը, հայ ժողովրդի կամքը, Հայաստանի Հանրապետության կամքը հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների, բոլոր դժվարությունների: Եվ այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր հետագայի համար, մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու  և պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի»:

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանում նոր զարգացում է ապրում սպորտը եւ 2022 թվականին Հայաստանի մարզիկները գրանցել են պատմական աննախադեպ նվաճումներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում նվաճած ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով: «Բայց պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ այսօրվա դրությամբ արդեն Հայաստանի մարզիկները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում իրենց նվաճած մեդալներով արդեն իսկ հաղթահարել են նախորդ տարվա բացարձակ ռեկորդը, և սա Համահայկական խաղերի կարևորագույն նվերն է հայաստանցի մարզիկների կողմից», ասել է նա:

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Մի քանի ամիս առաջ ստեղծված կառավարական հանձնաժողովն այս ընթացքում որևէ ջանք չի խնայել, որպեսզի Համահայկական խաղերը լինեն իրենց պատմության ընթացքում լավագույնը: Կարծում եմ, որ առաջին իսկ օրվանից մեր կողմից դրված բարձր նշաձողը մենք կարողացել ենք պահել, պահելու ենք և օգոստոսի 19-ին ազդարարելու ենք, որ մեր հայրենակիցները, որոնք այստեղ էին, հաճույք ստացան Համահայկական խաղերից, սիրեցին Հայաստանի Հանրապետությունը և հանձն առան վերադառնալ ու վերադառնալ Հայրենիք», ասել է նա:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի որոշմամբ, Համահայկական ամառային ութերորդ խաղերը լավագույնս կազմակերպելու, համակարգելու և օժանդակելու համար Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» բարձրագույն շքանշանով: Արայիկ Հարությունյանին պարգևը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարզական խաղերի մեկնարկի առթիվ. «Համահայկական մարզական խաղերի մեկնարկը կայացած է, այն հիանալի է, իսկ մասնակիցների թիվն էլ հետզհետե ավելանում է: Շնորհավորում եմ բոլորիս համայն հայության այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Սա, հիրավի, հրաշալի մարզական տոն է»:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն էլ նշել է՝ Համահայկական խաղերն այս 25 տարիների ընթացքում դարձել են միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության իսկական պատգամ՝ այսօրվա և գալիք սերունդների համար։

Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում