Հուլիսի 8-ից 16-ը Իտալիայի Պերուջա քաղաքի Rocca Paolina ցուցահանդեսային կենտրոնում քաղաքապետարանի հովանավորությամբ անցկացվեց «Templum» խորագրով գեղարվեստական ցուցահանդեսը, որին մասնակցում էին ֆրանսաբնակ գյումրեցի նկարիչ Արման Թադևոսյանը, Ումբրիա նահանգից ճարտարապետ և նկարիչ Սանդրո Սանտարելին եւ Ֆլորենցիայից քանդակագործ Կլաուդիա Չիանուչին։
Երեք արվեստագետներին միավորում է հոգեւոր եւ գեղարվեստական որոնումների ընդհանրությունները՝ Թադևոսյանի Վերածննդի վարպետներից ոգեշնչված մեծ կտավները, Չիանուչիի ռելիեֆներում դասական առասպելի ժամանակակից ընթերցումը, Սանտարելիի կտավներում Ապենինների վայրի բնության արտացոլումները։ Երեք արտիստները միասին համագործակցում են ավելի քան 8 տարի։ Այս նախաձեռնությունը մեծ մշակութային նախագծի մի մասն է, որի առաջին ներկայացումը տեղի ունեցավ Պերուջայի ցուցահանդեսում, իսկ օգոստոս ամսին կշարունակվի Հայաստանում:
Ցուցահանդեսը առաջիկա օգոստոսին կտեղափոխվի մայրաքաղաք Երևանի Ռուսական արվեստի թանգարան և Գյումրի քաղաքի Մարիամ և Երանուհի Ասլամազյանների ցուցասրահ։ Ցուցադրությունը կներկայացվի այդ օրերին Գյումրիում անցկացվող «Արվեստի շաբաթ» միջազգային փառատոնի շրջանակներում։
Սեփ. թղթակից







