Հունիսի 26-ին ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո անցկացվեց համերգ՝ հաջակցություն Կապանի արվեստի կենտրոնին: Համերգին ներկա գտնվեց Միացյալ Թագավորությունոմւ Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը։ Համերգը թվով երկրորդն էր․ առաջինը կայացել էր Մանչեսթերում հունիսի 24-ին։
Միջոցառման նպատակն էր միջոցներ հայթայթել Կապանի արվեստի կենտրոնի համար դաշնամուր ձեռք բերելու նպատակով՝ ապահովելով երաժշտական համապատասխան միջավայր տարածաշրջանում սկսնակ արվեստագետների համար: Այս մասին հայտնում են Հայաստանի դեսպանությունից։
Քենզինգթոնի Տիրամայր Հաղթանակների եկեղեցում տեղի ունեցած համերգը ներկայացրեց հայ երիտասարդ երաժիշտների, այդ թվում՝ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի ուշագրավ տաղանդները։
Դեսպան Ներսեսյանն իր խոսքում անդրադարձել է լարվածության պատճառով Կապանի նման համայնքների համար ստեղծված ծանր իրավիճակին՝ հավելելով, որ Կապանի արվեստի կենտրոնին տրամադրվող դաշնամուրը հույս և տոկունություն կբերի Հայաստանի հարավ-արևելյան սահմանամերձ շրջաններում առկա լարված իրականության պայմաններում:
Դեսպանն ընդգծել է արվեստների փոխակերպող ուժը, դրա առանցքային դերը հասարակությունների հարստացման և մշակույթի զարգացման գործում:
Դեսպան Ներսեսյանը եզրափակել է իր ելույթը՝ խորին երախտագիտություն հայտնելով երաժիշտներին, հյուրերին, հովանավորներին և ներկաներին՝ արվեստին անմնացորդ նվիրվածության և այդ գործում իրենց առատաձեռն ավանդի համար:
orer.eu