«Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» փաստագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում

  • 01.07.2023
  • 0
  • 498 Views

Հուլիսի 1-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել է համապրոդյուսեր, Օհան Դուրյանի մտերիմ բարեկամ, բժիշկ Վահան Վարդապետյանը, ով նույնպես մասնակցել է ֆիլմի ստեղծման աշխատանքներին։

Ֆիլմում փորձ է արվել համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի դրամատիկ և նշանակալի դրվագները, ինչպես նաև նրա հասարակական գործունեությունը:

Ֆիլմը ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը:  Ֆիլմի տեւողությունը 1 ժամ 50 րոպե է։

Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Օհան Դուրյանի այրին՝ տիկին Ալիս Դուրյանը, արվեստի, մշակույթի գործիչներ, քաղաքական ու հասարակական դեմքեր, երաժշտասերներ։

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մինչ ցուցադրությունը՝ տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերային նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի անդամ և Դուրյան ընտանիքի բարեկամ Վահան Վարդապետյանն ու ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ անցյալ տարի ձևավորվել է Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողով, որի շրջանակում էական և մնայուն մի շարք միջոցառումներ են իրականացվել․ «Դրանք, ըստ էության, հավերժացրին Օհան Դուրյանի անունը մեր քաղաքում և, ընդհանրապես, մեր կյանքում։ Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հիմնական գաղափարների հեղինակ Վահան Վարդապետյանին, որը հետևողականությամբ, ամեն դետալը մշակած և պատշաճ մակարդակով անցկացրեց բոլոր միջոցառումները։ Այսօր որոշակի հանգրվանային փուլում ենք․ քաղաքում ունենք Օհան Դուրյանի հուշարձան, ռադիոյում պահպանվող նրա երաժշտական ժառանգությունը թվայնացված և թողարկված է։ Այդ ձայնագրություններն ու խտասկավառակները հաճույքով բաժանում ենք ամբողջ աշխարհում։ Դուրյանն այն դիրիժորն ու երաժիշտն էր, որը փայլուն գիտակցում և տիրապետում էր եվրոպական երաժշտական արվեստին, հասկանում բոլոր այն փոխակերպումները, որոնք տեղի էին ունենում դասական երաժշտության բնագավառում։ Մեր դիրիժորական դպրոցը և երաժշտական արվեստն անհնար է պատկերացնել առանց նրա անվան, և հոբելյանական միջոցառումներն ինչ-որ իմաստով նպատակ ունեին հերթական անգամ փաստելու այդ հանգամանքը և վերաիմաստավորելու նրա տեղն ու դերը մեր երաժշտական մշակույթում»։

Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նաև ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանին․ «Ենթադրում եմ, որ ֆիլմն ավելին է լինելու, քան զուտ Օհան Դուրյանի անցած ուղին և կյանքը, որովհետև նա իր կենսագրության մեջ ամփոփում է այդ ժամանակների բոլոր հակասությունները՝ հասարակական, քաղաքական, կյանքն իր բոլոր վայրիվերումներով, բարդություններով և խիզախումներով՝ բարոյական և քաղաքացիական»։

Ասուլիսի բանախոս Վահան Վարդապետյանի խոսքով՝ իր մտահղացումները չէին կարող կյանքի կոչվել, եթե չլիներ հոբելյանական կառավարական հանձնաժողովի աջակցությունը։ «Երախտապարտ եմ հանձնաժողովին՝ այս ամենը մեր ժողովրդի սեփականությունը դարձնելու համար, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ շատ կարևոր և արժեքավոր արխիվային նյութերի հայթայթման ու տրամադրման համար։ Շնորհակալ եմ նաև ֆիլմի ռեժիսորին և ստեղծագործական հիանալի խմբին՝ իմ մտքերն իրականություն դարձնելու, ինչպես նաև հանդուրժելու իմ խստապահանջությունն ու բծախնդրությունը։ Ֆիլմը քարոզում է համամարդկային արժեքներ, և ես վստահ եմ, որ մեր երկրի սահմաններից դուրս ևս այն կգնահատվի։ Ֆիլմի երաժշտական ձևավորումն այնքան ճիշտ է արվել, որ անհնար է այն դիտելուց հետո չդառնալ դասական երաժշտության երկրպագու»,-նշել է Վահան Վարդապետյանը՝ տեղեկացնելով, որ ֆիլմի ցուցադրության համար արդեն հրավեր են ստացել Գերմանիայից և Ֆրանսիայից։

Այդ համատեքստում նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հավելել է, որ ֆիլմը պետք է անպայման ցուցադրել ոչ միայն արտերկրում, այլ նաև ՀՀ մարզերում և համայնքներում։

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանը ներկայացրել է նկարահանումների լայն աշխարհագրությունը` Երևան, Երուսաղեմ, Լայպցիգ, Փարիզ, Մոսկվա և Քեյփ Թաուն․ «Ի սկզբանե գիտեինք Մաեստրոյի մեծությունն ու համաշխարհային կերպարը և հասկանում էինք՝ չենք կարող սահմանափակվել միայն ներհայաստանյան մոտեցումներով՝ ներկայացնելու նրա ստեղծագործական ուղու գոնե մի մասը։ Որպես ռեժիսոր՝ այս ֆիլմն իմ կենսագրության մեջ իր ուրույն ու շրջադարձային տեղն ունի։ Իհարկե, էկրանն է ցույց տալու, թե ֆիլմը որքանով է հաջողված, և հանդիսատեսն արդյոք կընդունի այն, սակայն կարող եմ փաստել՝ կատարել ենք նրբանկատ, խորը և երկար աշխատանք՝ փորձելով ինչ-որ կերպ ներկայացնել Մաեստրոյի իրական կերպարը»։

Շնորհավորում ենք ֆիլմի ստեղծագործական թիմին Հայկ Օրդյանի գլխավորությամբ՝ Մաեստրո Դուրյանի ժառանգությունը եւ կյանքը ներկայացնող բացառիկ ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ։

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի եւ կառավարության կայքէջերի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում