Հունիսի 13-ի երեկոյան Պրահայի Հոլեշովիցե տոնավաճառի դահլիճում տեղի ունեցավ Պրահայի Քվադրինալեի հանդիսավոր մրցանակաբաշխությունը եւ 1967 թվականից գործող բեմանկարչական արվեստի այս հեղինակավոր փառատոնում, որին Հայասատանը չորրորդ անգամ էր մասնակցում, համակարգող Նելլի Բարսեղյանի աշխատանքը՝ «Ես տեսնում եմ, ես չեմ կարող տեսնել», արժանացավ ժյուրիի պատվավոր մրցանակին։ Սա Նելլիի երրորդ մասնակցությունն էր Պրահայի Քվադրինալեին եւ առաջին հաղթանակը։
Երկրներ և տարածաշրջաններ բաժնի տաղավարներում, ինչպես նաեւ Ուսանողական աշխատանքների ցուցահանդեսային բացօթյա տարածքում ներկայացված 100 երկրների աշխատանքներից մրցանակներ ստացան քսանը, այդ թվում Չեխիայի տաղավարն արժանացավ երկու մրցանակի՝ Լավագույն կոնցեպտի համար եւ Վոլսվագեն ընկերության հատուկ մրցանակին։
Գլխավոր «Ոսկե Տրիգա» մրցանակը տրվեց Կիպրոսին՝ «Հանդիսատեսներ ուրվական քաղաքում» աշխատանքի համար, որը նվիրված էր Կիպրոսում Թուրքիայի կողմից զավթած եւ մինչ օրս անմարդաբնակ Ֆամագուստա քաղաքին, իսկ ուսանողական լավագույն աշխատանքի մրցանակին արժանացավ Լիբանանի ուսանողների թիմը։ Տարբեր մրցանակների արժանացան եւս 16 երկիր։
Հայաստանի տաղավարի համադրող Նելլի Բարսեղյանին մրցանակը տրվեց «Հրատապ իրավիճակներին արձագանքում՝ Երկրների և տարածաշրջանների ցուցահանդես» անվանակարգում։ Հանձնելով մրցանակը, ժյուրիի անդամ, Նորվեգիայի գեղարվեստի ակադեմիայի բեմական ձեւավորման ֆակուլետետի տնօրեն, պրոֆեսոր Սերժ վոն Արխը մասնավորապես նշեց. «Այս մրցանակը ճանաչում է թատերական հմտությունների օգտագործումը, ներառյալ համագործակցությունը, հոգատարությունը և ճկունությունը, որը դրսևորվել է արվեստագետների կողմից կտրուկ փոփոխվող աշխարհում: Այս հանդարտ ու հզոր ցուցադրությունը ցույց է տալիս մեզ, թե ինչ է հնարավոր, երբ թատրոնի դերասանները միասին աշխատում են»:
Շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, Նելլին խաղաղություն մաղթեց բոլորին։
Դահլիճը ջերմ ծափողջույններով դիմավորեց Հայաստանի մասնակցի պարգեւատրումը։
Թե ինչքանո՞վ էր սպասելի մրցանակն իր համար՝ մեր հարցին Նելլին պատասխանեց. «Անկեղծ, մտածում էի, որ կհետաքրքրի իմ աշխատանքը, քանի որ լրիվ ուրիշ կողմից էի ներկայացնում թատրոնը, տարածությունը, գործողությունը, բայց որ մրցանակ կստանամ` չէի սպասում։ Կարծում էի, թե Ուկրաինային կտան»։
Ի դեպ , ի զարմանս մեզ, Ուկրաինայի տաղավարին որեւէ մրցանակ չտրվեց, ինչը վերջին տարիներին նման փառատոններին դարձել էր գրեթե պարտադիր պայման, անկախ արժանի լինելու հանգամանքի։ Մեր հարեւան երկրներից Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը չէին մասնակցում, իսկ Վրաստանը նախորդ Քվադրինալեի իր հաջողությունը կրկնեց՝ նորից մրցանակ շահեցին վրացի ուսանողները։
Շնորհավորելով մեր մրցանակակրին, իր իրոք համեստ, բայց խորը ասելիք ունեցող ցուցադրության համար, հույս հայտնենք, որ Հայաստանի մշակույթի պատասխանատուները գոնե այսուհետ կաջակցեն նման նախագծերին, որպեսզի հեղինակն իր անձնական միջոցներով չհասնի Պրահա ու միայնակ երկիր ներկայացնի, զգա, որ իր թիկունքում պետություն կա։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Իսկ Հայաստանի տաղավարի մասին մեր նախորդ հրապարկմանը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ Հայաստանը Պրահայի 15-րդ Քվադրինալեում. Նելլի Բարսեղյանի Արցախյան պատերազմին նվիրված տպավորիչ աշխատանքը – Orer
Չեխիայի, Կիպրոսի եւ Բրազիլիայի մրցանակակիրները
ՕՐԵՐի խմբագրակազմը շնորհավորեց Նելլի Բարսեղյանին