
«Ես տեսնում եմ, ես չեմ տեսնում». այսպիսին էր հայկական տաղավարի ցուցադրության խորագիրը
Արդեն չորրորդ անգամ անընդմեջ Պրահայում անցկացվող եւ 1967 թվականից գործող 15-րդ միջազգային Քվադրինալեին մասնակցում է Հայաստանը։ Պրահայի Քվադրինալեն բեմական ձեւավորման, ներկայացումների ձևավորման և տարածության ամենամեծ իրադարձությունն է, որը չորս տարին մեկ միավորում է տարբեր գեղարվեստական տեխնիկա և ուղղություններ, տեխնոլոգիաներ, շարժումներ, ճարտարապետություն, երաժշտություն և կինոնկարներ՝ վերածելով դրանք անմոռանալի փորձառությունների:
Հունիսի 7-Ին Պրահայի Հոլեշովիցե հայտնի շուկայի տարածքում գործող մեծ ցուցասրահներում հանդիսավորությամբ բացված փառատոնինայս անգամ Հայաստանը ներկայացրեց Սցենոլաբ աշխատանոցի ղեկավար Նելլի Բարսեղյանը՝ « Ես տեսնում եմ, ես չեմ տեսնում» աշխատանքով։

Լուսանկարում՝ Նելլի Բարսեղյանը եւ իր աշխատանքը
Բացօթյա բացման արարողությանը ներկաներին ողջունեցին Չեխիայի մշակույթի փոխնախարարը, Պրահայի քաղաքապետը, փառատոնի ղեկավարն ու գեղարվեստական թիմի ներկայացուցիչները, որից հետո սկսվեց թատերականացված հատվածը։



Այնուհետեւ ներկա հանդիսատեսին հրավիրեցին մեծ սրահներում դիտելու աշխարհի 50 երկրների եւ տարածաշրջանների պատրաստած տաղավարները, իսկ ուսանողական աշխատանքները ցուցադրվում էին բացօթյա տարածքում։ Ինչպես եւ նախկինում, դրանք աչքի էին ընկնում իրենց ավանգարդ ուղղվածությամբ, եւ չէին զիջում հիմնական ցուցադրություններին։



Եվ քանի որ այս տարի փառատոնի ընդհանուր խորագիրը ընտրվել էր «Բացառիկը»ը, ապա ամեն մի տաղավար փորձել էր այդ բացառիկությունը ներկայացնել յուրովի։ Եվ եթե հիմնականում բոլոր տաղավարների մոտ աշխատում էին թիմեր, ապա հայկականը ներկայացնում էր միայն Նելլի Բարսեղյանը, որը չստանալով ոչ մի պետական աջակցություն, ամեն ինչ ստեղծել էր սեփական ուժերով։
Հայկական տաղավարում ներկայացված էր սեւ սփռոցով ծածկված երկար մի սեղան՝ վրան դրված տարբեր ուտելիքներ, ինչը զուգահեռներ էր առաջացնում Խորհրդավոր ընթրիքի հետ, երբ Քրիստոսը վերիջն ընթրիքն ունեցավ իր աշակերտների հետ։ Այս դեպքում, ճաշակողները ցուցահանդեսի այցելուններն էին, որ կլանված կարդում էին ցուցադրված օբյեկտներին կից գրքույկների բացատրությունները, իսկ վերջին դատարկ գրքույկում կիսվում էին իրենց տպավորություններով։



Իսկ ներկայացված տարբեր պատմությունները առնչվում էին պատերազմական շրջանում հայկական թատրոնների գործունեությանն ու անհատ ստեղծագործողների պատմությանը։
Ցուցադրության թեմայի եւ բովանդակության մասին զրուցեցինք համադրող Նելլի Բարսեղյանի հետ։
Նելլին արդեն երրորդ անգամ է մասնակցում Պրահայի Քվադրինալեին։ Նրա ասելով. «Թեման ընտրել էինք նկատի ունենալով փառատոնի հիմնական կարգախոսը՝ «Եզակին», իրենք ուզում էին ցույց տալ համավարակի ժամանակ եւ հետո թատրոնների կյանքը, դրանք կապելով նաեւ այդ երկրներում տեղի ունեցած եզակի դեպքերի հետ։ 2020ին, երբ ողջ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, փորձում էին ինչ որ կերպ ապրել ու լուծումներ գտնել, սկսվեց Արցախյան պատերազմը, որը եւս մեկ արհավիրք էր։ Եվ իմ խնդիրն էր պարզել, թե նման աղետների դեպքում, լինի դա համավարակ, ջրհեղեղ թե պատերազմ, որն է թատրոնների դերը։ Ես հասկացա, որ թատրոնները շատ մոտ են մարդուն, ինչի ականատեսը դարձա այդ օրերին։ Կարեւոր էր պարզել նաեւ, թե թատրոնները որքան ճկուն գտնվեցին այդ օրերին եւ ինչպես օգտագործեցին իրենց տարածքները։ Մենք տեսանք օպերայի բեմը, ուր գործում են այդ պաշտպանական ցանցերը, Գյումրիի թատրոնի փորձասենյակներում առավոտյան գլխարկներ էին կարում առաջնագծի զինվորների համար, իսկ երեկոյան ներկայացումից հետո, նորից վերադառնում էին սենյակ եւ շարունակում էին կարել։ Կամերային թատրոնը դարձել էր սննդի ու դեղորայքի, անհրաժեշտ այլ պարագաների հավաքագրման կենտրոն, կամ զբաղվում էին Արցախից տեղափոխված երեխաների հետ։ Այս ցուցադրությամբ նաեւ ցանկանում եմ խոսել պատերազմի մասին, բայց թատրոնի, արվեստի միջոցով եւ ցույց տալ ոչ միայն առաջնագիծը, այլեւ՝ թիկունքը։ Ուստի պատմում եւ ներկայացնում եմ թատրոնները, եւ այդպիսով խոսում եմ նաեւ պատերազմի մասին, որպեսզի Եվրոպան, որն այսօր խոսում է միայն մեկ պատերազմի՝ ռուս-ուկրաինականի մասին, խոսի նաեւ մեր մասին։ Քանի որ ինչպես աշխարհի տարբեր ծայրերում, այնպես էլ մեզ մոտ, չնայած զինադադարին պատերազմը շարունակվում է։



Ինձ համար կարեւոր էր պատերազմի թեման, նկատի ունենալով, որ արտասահմանյան շատ երկրներից այցելուներ կլինեն, եւ մենք կներկայացնենեք Արցախի խնդիրը»։
Մեր մյուս հարցին, թե որքանով է ցուցադրությունից հասկանալի Արցախի խնդիրը, Նելլի Բարսեղյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց ամեն ինչ ներկայացված է փաստագրական հիմքով, այսինքն նշված QR կոդերով հնարավոր է մտնել մամուլի միջոցների կայքեր, եւ ընթերցել այդ թեմայով հոդվածը։ Օրինակ, aravot.am-ում ներկայացվել էր օպերայի բեմում կատարված աշխատանքը, գործելու ընթացքը։ Առաջին դրվագը բուն պատեազմի սկիզբն է, որը նույնպես ներկայացվում է համապատասխան հոդվածով, որը ցույց է տալիս պատերազմի ընթացքը՝ իր փուլերով, եւ իբրեւ հանգուցալուծում ի հակադրություն «Ես տեսնում եմ, թե չեմ տեսնում» ին վերջում հարց եմ տալիս՝ «Մենք տեսնում ենք, թե չենք տեսնում»։
Եվ վերջին դատարակ էջերով գրքույկը դրա համար է, որպեսզի մարդիկ արտահայտվեն, տեսնենք՝ տեսան, թե չտեսան։ Մի այլ թեմա է մարդկային պատմությունը, որը ցույց եմ տալիս Գյումրու թատրոնի ռեժիսոր Արտուշ Միքայելյանի օրինակով։ Երբ պատերազմը սկսվել է, նա ծառայության մեջ է եղել ամենաթեժ կետերում։ Պատերազմը սկսվել է նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 27-ին, եւ ինքը պատմում էր իր զգացողությունները, որ կյանքի եւ մահվան շեմին է եղել, եւ թվում էր նորից է ծնվել։ Դա նաեւ թատրոնի մարդու ներքին պայքարն է, զգացողությունները, որը համադրում ենք իրականության հետ։ Այդպիսով, փորձել եմ ցույց տալ ոչ միայն թատրոնի մարդուն, այլեւ պատերազմի սկիզբը։ Ցուցադրությունը սկսվում է հողով, եւ վերջանում կանաչ խոտով, ինչը լավատեսական ավարտ է, եւ ընդգծում է, որ այդ խոտի աճելը կախված է մեզանից։ Այսինքն այլեւս ԵՍ-ը չէ, այլ ՄԵՆՔ-ն է»։
Նելլին համոզված է, որ լավատես չլինելու իրավունք չունի, եւ միայն լավատեսությունը կարող է փրկել մեզ։

Իսկ ցուցադրության ամենազդեցիկ տողերը, որոնք գրված են նաեւ գրքույկում, պատկանում են Արտուշ Միքայելյանին՝ «Պատերազմը երբեք չի ջնջվում» եւ «Ես հասկացա, որ մարդկային կյանքը միակ ճշմարտությունն է»։ Հավելենք նաեւ, որ Նելլի Բարսեղյանին ցուցադրությանն իրենց աջակցությունն են բերել պոետ, երգահան Նարեկ Կոսմոսը, ռեժիսորներ Գոռ Մարգարյանն ու Արտուշ Միքայելյանը, լուսանկարիչներ Վաղինակ Ղազարյանը, Գուրգեն Գինոսյանը, Գայանե Հարությունյանը, Ստեփան Պողոսյանը։ Նրանց լուսանկարները տպագրված են գրքույկում։
Եվ ամենակարեւորը՝ հայկական տաղավարի հեղինակը կարողացել էր սահմանափակ միջոցներով, բայց խորը բովանդակությամբ եւ արտահայտիչ միջոցներով փոխանցել ասելիքը։ Հայկական տաղավարի ողջ գաղափարը լավագույնս փոխանցում էր մեր մտածմունքներն ու հույզերը, մեր ցավը, բայց նաեւ ապրելու ու արարելու մեր նպատակասլացությունը։
Բնականաբար, եթե Նելլի Բարսեղյանն ունենար պետական աջակցություն, կարելի կլիներ ավելի ընդարձակ ցուցադրություն ապահովել։ Ցավալի է, բայց այդպես էլ մշակույթի պատասխանատուները չեն հասկանում նման միջազգային ստուգատեսներում մեր ներկայության կարեւորությունը, որ ոչ միայն հետաքրքրություն է առաջացնում մեր արվեստի, մշակույթի, այլեւ երկրի նկատմամբ։ Հայաստանի ցուցադրության հարեւանությամբ Ճապոնիայի տաղավարն էր, որին մասնակցում էին տասից ավելի արվեստագետներ։ Եվ ճապոնացի կամ այլազգի բոլոր այցելուները նախ նայում էին Հայաստանի տաղավարը, հետո անցնում ճապոնականին։ Եթե Ճապոնիայի նման երկիրը չի արհամարհում նման փառատոնը, ապա ինչու՞ է անտեսում Հայաստանը։ Բայց դա արդեն այլ թեմա է։
Իսկ մինչ այդ, ովքեր մինչեւ հունիսի 18-ը լինեն Պրահայում, այցելեք Քվադրինալե եւ վայելեք աշխարհի տարբեր թատերական ուղղությունների ներկայացրած բեմական արվեստի նորությունները, որոնք կարող է հավանեք կամ չհավանեք, բայց անտարբեր երբեք չեք մնա։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Լուսանկարները՝ հեղինակի, ՕՐԵՐ ամսագիր
Ստորեւ լուսանկարներ տարբեր տաղավարներից

















