
Բուլղարիայի Վառնա քաղաքի հայկական համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում մայիսի 15-ին «Միասին» ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը հանդիպել են համայնքային ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում են «Միասին» ՀԿ-ից, հանդիպմանը ներկա են եղել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Բուլղարահայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանը, Վառնայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետ Մասիս Բագդաթյանը, Վառնայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու Ծխական խորհրդի փոխատենապետ Պերճ Վարժապետյանը, ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղի ատենապետուհի Շողեր Սիմոնյանը և այլք:
Հանդիպումը ջերմ մթնոլորտում անցել է «Սուրբ Սարգիս» մշակութային կենտրոնի հայաշատ սրահում, որի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանին և Սփյուռքին հուզող տարաբնույթ հարցերի քննարկում և ակտիվ հարց-պատասխան:
Տաթև Սրբազանը, ողջունելով Հաայաստանից ժամանած հայորդիներին, շնորհակալություն է հայտնել Հայրենիքում կատարած հայանպաստ աշխատանքների համար՝ ընդգծելով համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը:
Սրբազան Հայրը հանդիպմանը ներկա վառնահայերին նաև հորդորել է առավել կազմակերպված առաջ տանել համայնքային աշխատանքերը և ակտիվացնել միջհամայնքային շփումները՝ ընդգծելով, որ հաջողության գրավականը միայն մեր միասնական ուժն ու համախմբվածությունն է:
«Մենք պետք է միմյանց սատար կանգնենք և օգնության ձեռք մեկնենք, նախանձախնդիր լինենք Հայկական Սփյուռքում համայնքային և եկեղեցական հարցերի լուծմանը, ազգային ինքնագիտակցության, Մայրենիի և հայ ժողովրդի մշակույթի պահպանման նվիրական գործին, ինչպես նաև աշխարհասփյուռ երիտասարդներին տոգորենք արժանապատվության զգացումներով»,-մասնավորապես ասել է Տաթև Սրբազանը:


Գևորգ Չիչյանը, շնորհակալություն հայտնելով վառնահայ համայնքին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է «Միասին» ՀԿ-ի գործունեության նպատակները, կրթամշակութային, սոցիալական ոլորտներում իրականացրած ծրագրերը և ապագային միտված անելիքները՝ ընդգծելով, որ կազմակերպության առաքելությունը նաև Սփյուռքի համահայկական, հոգևոր կառույցների հետ համագործակցությունն է՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքի հայ համայնքներում հայկական մշակույթի տարածման և զարգացման, Սփյուռքում հայ երիտասարդների ինքնությանն առնչվող հիմնախնդիրների լուծման և մի շարք այլ ուղղություններով:


Շողեր Սիմոնյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ հետագայում պատրաստակամ է նմանօրինակ միջոցառումներ կազմակերպել՝ այդպիսով առավել ամրապնդելով Հայրենիքի հետ կապը և խանդավառելով վառնահայ համայնքին:
Արսեն Գրիգորյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալվելու վառնահայ համայնքում, տեսնելու Հայաստանից հեռու փոքրիկ Հայաստան ստեղծելու մթնոլորտը, որի միջոցով նրանք մեր երկիրն ու ժողովուրդը ներկայացնում են Բուլղարիայում:
Ապա Արսեն Գրիգորյանը հանգամանորեն ներկայացրել է 2014 թ-ին հիմնադրած «ԳՈՒԹԱՆ» Հայաստանի ազգային-ավանդականի երգի-պարի փառատոնի և 2017 թ-ին հիմնադրած «ԱՐԱՐ» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի մասին, որոնց ստեղծման և գործունեության հիմնակական առաքելությունը հայ ազգային մշակութային ժառանգության պահպանումը, հանրահռչակումն ու տարածումն է` հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում, դարձնելով նրանց մեր ազգային մշակույթի կրողներ։
«Այսօր ոչ միայն Սփյուռքում, այլ նաև Հայաստանում, ազգային ինքնության պահպանման մեծագույն խնդիր ունենք, իսկ մենք շատ լավ գիտենք, որ դարեր շարունակ, երբ կորցրած ենք եղել մեր պետականությունը, մեր Հայ Առաքելական եկեղեցին ու մեր ազգային մշակույթն են մեզ պահել մեր ինքնության ու մեր տեսակի մեջ, ուստի, այս խնդիրը լուծելու համար պարտավոր ենք ամեն ջանք գործադրել` պահպանելու և մեր մատաղ սերնդին փոխանցելու մեր ազգային մշակութային ժառանգությունը»,-ընդգծել է Արսեն Գրիգորյանը:


Վերջում Մասիս Բագդաթյանը և Շողեր Սիմոնյանը հուշանվեր և շնորհակալագիր են հանձնել Արսեն Գրիգորյանին և Գևորգ Չիչյանին՝ «Գայանե Մարաշլյան» պարախմբի համերգին մասնակցելու և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:
Հանդիպումն ավարտվել է հյուրասիրությամբ:

«Միասին» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Գևորգ Չիչյանի և ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղը՝ ի դեմս ատենապետուհի Շողեր Սիմոնյանի, կարևորելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ երկու կառույցների միջև կապերի ընդլայնումը, կրթամշակութային, սոցիալական ծրագրերի իրականացման նշանակությունը՝ մայիսի 15-ին կնքեցին փոխգործակցության հուշագիր:
«Միասին» ՀԿ-ի տեղեկացմամբ, հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Բուլղարահայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանը, Վառնայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետ Մասիս Բագդաթյանը, Վառնայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու Ծխական խորհրդի փոխատենապետ Պերճ Վարժապետյանը, ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղի ատենապետուհի Շողեր Սիմոնյանը, վառնահայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:
Գևորգ Չիչյանը և Շողեր Սիմոնյանն իրենց խոսքում նշել են, որ հուշագիրն առավել կսերտացնի երկու կառույցների միջև կապերն ու համագործակցության նոր էջ կբացի:
Հիշեցնենք, որ փոխգործակցության հուշագիրը ստորագրվել է «Միասին» ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանի՝ Վառնայի հայկական համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում:
Հայաշունչ տոնախմբություն Վառնա քաղաքում

Մայիսի 14-ին «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական ՀԿ-ի, Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու, «Սուրբ Սարգիս» մշակութային կենտրոնի և ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղի կազմակերպմամբ՝ Վառնայի Ստոյան Բչվարովի անվան դրամատիկական թատրոնի շենքում կայացավ Վառնայում գործող «Գայանե Մարաշլյան» պարախմբի հաշվետու համերգ-ներկայացումը:
Ինչպես տեղեկացնում են «Միասին» ՀԿ-ից, համերգային երեկոն սկսվեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի Տերունական աղոթքով և օրհնության խոսքով:
Համերգի հատուկ հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն էր, ով իր մի շարք կատարումենրով խանդավառեց բուլղարահայ համայնքին և գոտեպնդեց պարախմբին’ արժանանալով ներկաների բուռն ծափողջույններին և ընդունելությանը։
Արսեն Գրիգորյանը ողջունեց նաև վառնահայ հայամայնքի մեր հայրենակիցներին և շնորհավորելով պարախմբի պարուսույցներ Արմինե Սեյրանյանին, Ֆլորա Դիուլգերյանին և Իվան Խրիստովին հաշվետու համերգի իրականացման առիթով՝ շնորհակալություն հայտնեց նրանց սփյուռքում հայ պարն ու մշակույթը պահպանելու և տարածելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:


Համերգի ավարտից հետո Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն իր խոսքում շեշտեց.«Անչափ կարևոր է այսպիսի միջոցառումների կազմակերպումը, քանի որ հայապահպանության գլխավոր զենքը հատկապես սփյուռքում նաև հայ մշակույթն է, որը պետք է ոչ միայն պահպանենք ու զարգացնենք, այլեւ օտարության մեջ ապրող հայ երիտասարդությանը լցնենք մշակույթով, որպեսզի նրանք հայ մնան։ Այս համերգի կյանքի կոչումը վկայումն է այն բանի, որ մենք հավերժության և հավիտենականության ժողովուրդ ենք»։
Սրբազան Հայրը նաև ողջունեց Արսեն Գրիգորյանին’ բարձր գնահատելով վերջինիս հայկական երգարվեստն ու մշակույթը Հայաստանում և Սփյուռքում ժրաջանորեն տարածելու ջանքերը։


«Միասին» ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը, համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցուն, «Սուրբ Սարգիս» մշակութային կենտրոնին և ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղին, մասնավորապես ասաց. «Սրտանց շնորհավորում եմ պարախմբի սաներին, բոլոր տարիների գեղարվեստական ղեկավարներին, պարուսույցներին, որոնց անմնացորդ ջանքերի շնորհիվ պարախումբը 1959 թ.-ից ծավալում է իր ազգանվեր գործունեությունը հեռավոր Վառնա քաղաքում: Հիրավի, նման կոլեկտիվն իր գործունեությամբ սփյուռքում ապրող հայ երիտասարդներին ծանոթացնում է մեր ազգային մշակույթին, կառչած է պահում սեփական արմատներին, ինչպես նաև օտարին հնարավորություն է տալիս հայկական պարի ու երաժշտության միջոցով ճանաչել հայ ժողովրդին, նրա հազարամյա մշակույթն ու պատմությունը»,֊-նշեց Գևորգ Չիչյանը’ երախտագիտություն հայտնելով Տաթև Սրբազանին հայաշունչ երեկոն անցկացնելու օրհնության համար։


Համերգի ավարտին Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը «Միասին» ՀԿ-ի շնորհակալագրեր հանձնեց «Գայանե Մարաշլյան» պարախմբին, ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղի ատենապետուհի Շողեր Սիմոնյանին և Վառնայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետ Մասիս Բաղդատյանին՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, Վառնայի հայկական համայնքում հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Գևորգ Չիչյանը «Միասին» ՀԿ-ի Երախտագիր հանձնեց Տաթև Սրբազանին՝ Հայրենիքին, Հայ Եկեղեցուն և ժողովրդին մատուցած նվիրյալ ծառայության համար։


Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը «Միասին» ՀԿ-ի՝ սփյուռքի հայ համայնքներում հայկական մշակույթը տարածելու և զարգացնելու նպատակով համազգային և համահայկական նշանակության միջոցառումներ կազմակերպելուն ուղղված ծրագրերից էր։






Աղբյուր՝ miasin.am