
ԵՀՄ ղեկավարության հանդիպումը չեխահայերի հետ
Մայիսի 24-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանի եւ փոխնախագահ Արտակ Սերգոյանի հանդիպումը չեխահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի ողջույնի խոսքից հետո, ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը հակիրճ ներկայացրեց ներկաներին եւ հյուրերին, ապա ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանը ծանոթացրեց կազմակերպության գործունեությանն ու ծրագրերին։

Մինչ մի քանի թեմաների շուրջ քննարկումը, կազմակերպության կողմից հատուկ մրցանակի արժանացան չեխ ռեժիսոր, լրագրող եւ թարգմանիչ Մարտին Մահդալը եւ պրոդյուսեր, թարգմանիչ Մարկետա Ադամցովան, որոնք տարիներ շարունակ նպաստել են Չեխիայում Հայոց ցեղասպանության, Արցախի եւ հայկական այլ հարցերի շուրջ տեղեկատվության տարածմանը՝ նկարահանելով ֆիլմեր ու թարգմանելով գրքեր, հրապարակելով տարբեր հոդվածներ։ Մրցանակակիրները նաեւ իբրեւ նվեր ստացան չեխահայ գեղանկարիչ Հովիկ Մուրադյանի հայկական մոտիվներով գեղանկարները։

Կազմակերպության կողմից ԵՀՄ պատվավոր անդամի դիպլոմի արժանացավ ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը՝ ոչ միայն կազմակերպության հետ վերջին տարիների համագործակցության, այլեւ եվրոպահայ համայնքներին նվիրված տեղեկատվական աշխատանքի համար։



Հայր Բարսեղը հակիրճ ներկայացրեց չեխահայ համայնքի գործունեությունը, գործող կազմակերպություններին ու վերջին տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը, Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։

Այնուհետեւ ներկաները քննարկեցին ԵՀՄ ղեկավարության կողմից առաջարկված թեմաները, մասնավորապես՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Հայ առաքելական եկեղեցու եւ համայնքային կառույցների ներուժը սփյուռքում եւ համագործակցության հեռանկարները, համայնքային խնդիրները։

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանը ներկայացնելով կազմակերպությունը, նշեց, որ այն ստեղծվել է 2016 թվականին 12 գաղափարակից անհատների մասնակցությամբ, որոնք որոշել են նոր թափ հաղորդել եվրոպահայ համայնքների կազմակերպչական, մշակութային ու կրթական գործունեությանը։ ԵՀՄ-ն տասը երկրում ունի իր ներկայացուցիչները։ Անցած տարիներին հիմնականում բարեգործական գործունեություն են ծավալել Հայաստանում, նպաստելով մշակութային եւ մարզական տարբեր կառույցների ու անհատների, ինչպես նաեւ եվրոպական սփյուռքում գործող մի շարք մարզական ու կրթական օջախների։
Սակայն վերջին տարիներին, հատկապես Քովիդ համավարակից հետո, երբ երկու տարի գրեթե ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորությունները սահմանափակ էին, կազմակերպությունը որոշել է բարեգործական ծրագրերից անցնել զարգացման նախագծերի։ Այդպիսի մի նախագծի օրինակ էլ ներկայացրեց ԵՀՄ փոխնախագահ Արտակ Սերգոյանը, նշելով, որ համայնքային կարող ուժերը, գործարարները, որոնք նպատակահարմար կգտնեն ներդրումներ անել Հայաստանում տուրիզմի հետ առնչվող անշարժ գույքի ոլորտում, հետագայում ստացված եկամտից կարող են որոշակի մասը ուղղորդել համայնքային ծրագրերի իրականացմանը։ Նման ծրագրերը կարեւոր նշանակություն կունենան թե՛ Հայաստանի, եւ թե՛ սփյուռքի համայնքների զարգացման համար։

ԵՀՄ ներկայացուցիչները պատասխանեցին նաեւ ներկաների տարաբնույթ հարցերին, քննարկեցին Հայաստանի ու Արցախի ներկա ծանր իրավիճակը եւ սփյուռքահայության դերակատարությունը, ինչպես նաեւ նախանշեցին հետագա համագործակցության շրջանակները։
Մասնավորապես նախատեսվում է այս տարի Բրյուսելում կազմակերպել եվրոպական բիզնես ֆորում, որը նույնպես կնպաստի Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
ԵՀՄ նախագահը խոստացավ, որ տարածաշրջանային այցերը կշարունակվեն, եւ մինչեւ տարեվերջ կրկին այցելություն կկազմակերպեն Պրահա՝ ավելի լայն հասարակությանը ներկայացնելու կազմակերպության ապագա ծրագրերը եւ համագործակցության հնարավորությունները։ Այս անգամ հանդիպմանը մասնակցում էին համայնքային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ մի մասը հարգելի պատճառով բացակայում էին։
Օրեր եվրոպական ամսագիր

