
Այսօր Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հռչակագիր։ Այնուհետեւ լրագրողների առջեւ ունեցած հակիրճ ելույթներում անդրադարձան ստորագրմանը նախորդած հանդիպման մանրամասներին։





Վարչապետ Ֆիալան նշեց, որ կարեւորում են երկու երկրների միջեւ հաստատված բարեդրացիական հարաբերությունները եւ ժողովրդավարական արժեքները՝ մեր տարածաշրջանում գնահատելով նաեւ Հայաստանի դերը իբրեւ ժողովրդավարական երկիր։
Անդրադարձավ նաեւ նախորդ տարի Պրահայում անցկացված ԵՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը եւ երկկողմ ու բազմակողմ հանդիպումներին։ Կարեւորեց նաեւ տնտեսական ոլորտում համագործակցությունը, եւ Չեխիա_Հայաստան միջկառավարական հանձաժողովի 6-րդ նիստի անցկացումը Պրահայում, որին օրվա վերջում կմիանան նաեւ երկու երկրների կառավարությունների ղեկավարները։ Չեխիայի վարչապետը կարեւորեց նաեւ Չեխիայում հայերենին ու հայ մշակույթին ցուցաբերվող աջակցությունը, ասելով, որ Պրահայի Կարոլինյան համալսարանում 2014 թվականից դասավանդում են հայերեն, իսկ Բռնոյի Մասարիկի համալսարանում այս տարի բացվել է հայկական կաբինետ։

Պետր Ֆիալան նշեց, որ հայ գործընկերով հետ քննարկել են նաեւ Հայաստանոմւ եւ Լեռնային Ղարաբաղոմւ ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի շրջափակման եւ դրա հետեւանքների, ինչպես նաեւ ԵՄ ձեռնարկած խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու քայլերին։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են կառուցողական ճանապարհով։ Նշեց Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիտորինգի առաքելություն տեղակայելու որոշման կարեւորությունը, բայց չնայած բոլոր ջանքերին, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված:
«Դրա պատճառն այն է, որ, չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում», ֊ ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է իրավիճակին հստակ եւ հասցեական գնահատական տա, մանավանդ, որ Ադրբեջանի ներկայիս գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի մուտքի ապահովումն անհրաժեշտ է: Նա նաև հավելեց, որ, չնայած առկա դժվարություններին, Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը:
«Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։ Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և առաջիկայում էլ ներգրավված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից»,֊ ասաց նա՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը նույնպես Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա:

Պատասխանելով ՕՐԵՐ ամսագրի հարցին, թե ամինսեր շարունակ գտնվելով շրջափակման մեջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հայտնվել է էթնիկ զտման վտանգի առաջ, իսկ ոչ միայն Չեխիայի կառավարությունը, այլեւ մամուլը ամիսներ շարունակ լռում են, այս պայմաններում Չեխիայի Հանրապետությունն ինչպե՞ս պետք է ազդի Ադրբեջանի վրա եւ ինչո՞ւ չի Եվրոպական միությունը պատժամիջոցներ սահմանում, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան պատասխանեց.
«Ես այն կարծիքին եմ, որ պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման։ Մենք սրա համար հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք Հայաստանի ջանքերին՝ միտված խաղաղ լուծմանը։ Կարծում եմ նաեւ, որ չպետք է այս ճանապարհին խոչընդոտները քննարկենք կամ խնդիրները, ընդհակառակը, պետք է փորձենք տեւական խաղաղության հասնել, իսկ դա անելու համար մեզ պետք են ադրբեջանցիները։ Մեզ երկու կողմից պետք է բարի կամք։ Այնպես չէ, թե մենք լուռ կմնանք եւ չենք մեկնաբանի։
Բացման խոսքի ընթացքում արդեն ասացի, որ մտահոգություններ ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիարական վիճակի մասին, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է։ Եվրոպական Միությունը հայտարարություն է արել եւ մենք այդ հայտարարությանը կողմ էինք, սատարում ենք։ Եվ այնտեղ կոչ է արվում ՝ ապահովել անվտանգությունը, ապահովությունը եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների տեղաշարժի ազատությունը եւ մի շարք այլ բաներ եւս։ Բայց մենք ապագայի մասին պետք է մտածենք։ Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղության միտված տեսանկյունը, որով այս խնդրին անդրադառնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ես սա ճիշտ մոտեցում եմ համարում եւ այդ իմաստով նա կարող է ակնկալել մեր աջակցությունը եւ Եվրամիության այլ անդամ երկրների աջակցությունը։
Քանի որ մենք պետք է մտապահենք, որ սա չի կարող լինել ժամանակավոր լուծում, այլ մենք բոլորս պետք է դիտարկենք, թե ինչպես կարող ենք լավագույն մոտեցումը եւ զարգացում ապահովել Հայաստանի համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մնայուն տեւական խաղաղություն եւ անվտանգություն տարածաշրջանում։ Սա պետք է մեր ընդհանուր նպատակը լինի մեր բոլոր աշխատանքներում»։
Նշենք նաեւ, որ իր ելույթում վարչապետ Ֆիալան արդեն նշել էր, որ Եվրամիության անդամ պետությունների նպատակն է տարածաշրջանում հասնել խաղաղության, որը նշանակում է նաև հայերի իրավունքների երաշխավորում:
«Չեխիայի Հանրապետությունը կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման»,-ասաց Չեխիայի վարչապետը: Նա ընդգծեց նաեւ , որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը հիմնարար նշանակություն ունի:
Հայաստանի և Չեխիայի վարչապետների մամուլի ասուլիսը – YouTube
orer.eu
Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Պետր Ֆիալան հանդիպումից հետո ստորագրել են երկու երկրների հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ավարտին,
Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում,
Հաշվի առնելով բարեկամության և համագործակցության վաղեմի ավանդույթները և հայ ու չեխ ժողովուրդների միջև համերաշխության ուժեղ զգացումը, երկկողմ հարաբերությունների առանցքում ունենալով պատմական և մշակութային հարուստ ժառանգություն, ժողովրդավարության ընդհանուր արժեքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը,
Նպատակ ունենալով բարձրացնել երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը բազմակողմ հարթություններում,
Հայտարարում են`
Հայաստանի Հանրապետությունը և Չեխիայի Հանրապետությունը գոհունակությամբ նշում են քաղաքական կապերի կայուն զարգացումն ու ընդլայնումը և հայտնում իրենց անդրդվելի հանձնառությունը՝ շարունակելու ակտիվացնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում:
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը Եվրոպական միության նախաձեռնությունների, ներառյալ Արևելյան գործընկերության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), մասնավորապես Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության համատեքստում՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառության վրա։ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ԵՄ-ի վճռականությանը, բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ճանապարհին և լավ կառավարման սկզբունքները, քաջալերում է հետագա առաջընթացը և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին բարեփոխումների ճանապարհին։
Կողմերն ընդգծում են ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության, ինչպես նաև օրենքի գերակայության կարևորությունը.
Կողմերը կարևորում են փոխակերպման փորձի փոխանակումը և քաղաքացիական հասարակության անդամների համագործակցության խրախուսումը և քաղաքացիական հասարակության ներգրավումը բարեփոխումների գործընթացում.
Կողմերն ընդգծում են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված բոլոր խնդիրների խաղաղ և տևական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը։
Հայկական կողմը բարձր է գնահատում Եվրոպական միության շարունակական ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ։
Կողմերը փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով Եվրամիության առաքելության տեղակայումը համարում են էական ներդրում տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում։ Հայաստանը ողջունում և բարձր է գնահատում Չեխիայի զգալի կադրային ներդրումն առաքելությունում:
Կողմերը գիտակցում են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կարևորությունը, սպառնալիքի կամ ուժի կիրառման անթույլատրելիությունը և հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ։
Կողմերը նկատի են առնում ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներն առ այն, որ բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Նրանք ընդգծում են բոլոր պետությունների՝ իրենց քաղաքականության ուղին և դաշինքներ ընտրելու անկապտելի իրավունքի կարևորությունը։
Կողմերը գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության հարցը կարևոր նշանակություն ունի։
Կողմերը Եվրոպական քաղաքական համայնքը համարում են օգտակար ձևաչափ Եվրամիության և նրա գործընկերների համար։ Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի նախագահությունը ԵՄ Խորհրդում ԵՔՀ-ի անդրանիկ գագաթնաժողովը հյուրընկալելու գործում։
Կողմերը հատուկ կարևորում են հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական, ֆինանսական և գիտական կապերը։
Կողմերն իրենց աջակցությունն են հայտնում երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության և պարբերական փոխանակումների հետագա զարգացմանը, այդ թվում՝ համապատասխան բարեկամական խմբերի միջոցով։
Կողմերը հատուկ կարևորում են երկու երկրների տեղական իշխանությունների միջև ապակենտրոնացված համագործակցության և գործընկերության ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման լրացուցիչ խթան։
Այս նպատակով Կողմերը հայտնում են իրենց վճռականությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը սույն Հռչակագրում նշված ոլորտներում արդյունավետ համագործակցության համար»:
