«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շարժական բրիգադներ է գործարկում Արցախում

  • 03.05.2023
  • 0
  • 134 Views

Շարժական բրիգադները Արցախում բժշկական ծառայություններն առավել հասանելի կդարձնեն

Արցախի Հանրապետության Մարտունի, Մարտակերտ և Ասկերան շրջանների գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կստանան օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից:

 «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախի երեք շրջանների գյուղական բնակավայրերում առողջության առաջնային պահպանման շարժական ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, որի հիմնական գործընկերներն են «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամը և «Santé Arménie» միավորումը:  Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության  հետ համագործակցությամբ:

 Ծրագրի նպատակն է բժշկական շարժական բրիգադների  գործարկման միջոցով գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններն ավելի հասանելի դարձնել:

Համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ նախապես ձեռք բերված համաձայնության`  բժշկական շարժական բրիգադն աշխատանքն սկսելու է Մարտունու շրջանից: Առողջապահության նախարարության կողմից  ներկայացված ժամանակացույցով`  բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մեքենան մայիսի 3-ից սկսած կշրջի համայնքներում  և անհրաժեշտ ծառայություններ կմատուցի բնակիչներին:

 Ծրագրում ընդգրկված ընտանեկան բժիշկները 2023 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում հատուկ մասնագիտական վերապատրաստում են անցել: Շրջայցի ընթացքում մասնավորապես մատուցելու են թերապևտիկ ծառայություններ, իրականացնելու են ընդհանուր սկրինինգ հետազոտություններ, առավել տարածված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերում, կառավարում և դրանց վերահսկում: Բացի այդ, շարժական բրիգադներում ներդրված ժամանակակից սարքավորումների շնորհիվ հնարավոր է լինելու հավելյալ բժշկական ծառայություններ մատուցել բնակչությանը, այդ թվում՝ լաբորատոր հետազոտություններ:

 «Այս ծրագրի իրականացումը շատ կարևոր է Արցախի հատկապես շրջանների ու հեռավոր համայնքների բնակչության համար: Հիմա, երբ շրջափակման հետևանքով ավելի է բարդացել վառելիքի ձեռք բերման հարցը և  Ստեփանակերտ հասնելն ավելի է դժվարացել,  այսպիսի բրիգադի գործարկումը շատ լուրջ սոցիալական խնդիր է լուծում: Մեքենան հագեցած է որակյալ սարքավորումներով և ի վիճակի է բարձրորակ ծառայություններ մատուցել: Մենք  երախտապարտ ենք թե Արցախի առողջապահության նախարարությանը, թե մեր գործընկերներ՝ «ՀԵՆԱՐ» հիմնադրամին և «Santé Arménie»-ին  այս նախաձեռնության իրականացման և Արցախի բնակիչների կողքին գտնվելու համար»,-ասել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը։

 ««ՀԵՆԱՐ» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը՝ առողջության առաջնային օղակի պահպանման բարեփոխումներն են: Համոզված ենք, որ ծրագրի շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները կստանան առավել որակյալ բուժօգնություն, ինչի շնորհիվ զգալիորեն կլավանա վերջիններիս կյանքի որակը», – ասել է «ՀԵՆԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Աբովյանը։

«Նախագծի նպատակն է, որ անվտանգության տեսանկյունից ծանր պայմաններում ապրող խոցելի բնակչությունն ստիպված չլինի պարբերաբար այցելել քաղաք, այլ ունենա վերապատրաստված բժշկի կողմից ճիշտ բուժում ստանալու հնարավորություն», – նշել է «Santé Arménie» նախաձեռնության անդամ, բժիշկ Տաթևիկ Բազինյանը։

 Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում նախատեսվում է  շարժական բրիգադները լիովին ինտեգրել Արցախի առողջապահական համակարգում, և Առողջապահության նախարարության հետ համաֆինանսավորմամբ շարունակել բրիգադների գործունեությունը:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում