Լույս է տեսել «Հայաստանի Պատմություն» չեխերեն մենագրությունը

  • 26.04.2023
  • 0
  • 333 Views

2023 թվականի ապրիլի 13-ին լույս է տեսել Չեխիայի Կարելի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի ակադեմիականների մենագրությունը՝ «Հայաստանի Պատմություն»ը, որի մասին տեղեկանում ենք ֆակուլտետի կայքէջում օրերս հայտնված կարճ ծանոթագրությունից։

«Մենագրությունը հստակ կերպով ամփոփում է Հայաստանի և հայ մշակույթի պատմությունը՝ փորձելով զուգահեռ ներկայացնել ավելի լայն համատեքստում, այսինքն՝ պատմական հայկական տարածքների և աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի պատմության շրջանակներում»,-նշված է կայքէջում, ըստ որի առանձին գլուխները ժամանակագրական կարգով դասավորված և թեմատիկորեն կապված են այնպես, որպեսզի ընթերցողը կարողանա իրավիճակի զարգացման մասին պատկերացում կազմել ավելի լայն աշխարհագրական տարածքում՝ համեմատելով այն պատմական այլ զուգահեռների հետ։

«Պատմաաշխարհագրական տեսանկյունից Հայաստանը միշտ գտնվել է մշակութային խոշոր միավորների և քաղաքակրթական շրջանակների սահմանին։ Այստեղից է ձևավորվել հայ մշակույթի բնույթը՝ համադրելով ինչպես ինքնատիպ, այնպես էլ ընդունված ու վերափոխված ավանդույթները, ինչը խթան է հանդիսացել դրանց յուրահատուկ զարգացմանը»,- ներկայացնելով մենագրության բովանդակությունը՝ ընդգծված է ծանոթագրության մեջ։

Հաղորդագրությունը ծանուցում է նաեւ, որ 480 էջանոց մենագրության հեղինակներն են Կարելի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Արևելաեվրոպական գիտությունների ամբիոնի Դոց. Պետրա Կոշտյալովան, միևնույն ամբիոնի հայերեն լեզվի դասախոս դոկտ. Աննա Սոխովան, ԿՀ ՓՖ-ի սլավոնական գրականագիտության բաժնի շրջանավարտ դոկտ. Միխալ Ռոուտիլը, ինչպես նաև Մասարիկի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտ. Լուկաշ Պեխան։

Գրքի արժեքը 432 կրոն է։ Կարող եք գնել հետեւյալ հղումով՝ NLN, s.r.o. – Nakladatelství lidové noviny

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում