Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն

  • 19.04.2023
  • 0
  • 5993 Views

ՀՀ պետական ֆինանսավորմամբ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում պաշտոնապես բացվել է հայագիտական առաջին ամբիոնը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է հայապահպանությանն առնչվող խնդիրներին, քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավասությունների շրջանակում դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև գործող մեկօրյա դպրոցներին համապատասխան գրականությամբ և օժանդակ ուսումնական նյութերով աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Հայագիտական կենտրոնի բացման արարողությանը Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ հայագիտության ոլորտը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում:

«Իսպանիայում հայագիտական կենտրոնի բացումը կարևոր է մի քանի տեսանկյունից:  Իսպանիայում, ըստ վերջին տվյալների, 10.000-ից ավելի հայ է ապրում, ուստի այսպիսի մեծ հայ համայնք ունեցող երկրի համար չափազանց կարևոր է կրթության շարունակականության ապահովումը: Կարևոր բաղադրիչ է նաև հայոց լեզվի և հայ մշակույթի տեսանելիության ապահովման խնդիրը: Համոզված եմ՝ հայագիտական կենտրոնը երկու պետությունների միջև մշակության երկխոսության և միջպետական համագործակցության ամուր կամուրջ է կարող է հանդիսանալ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ առաջիկայում նախատեսվում է մի շարք ծրագրեր իրականացնել հայագիտության ոլորտում, մասնավորապես՝ Եվրոպայում բոլոր հայագիտական կենտրոնների մասնակցությամբ կազմակերպվելու է համաժողով՝ քննարկելու ցանցային համագործակցության և համատեղ հետազոտություններ իրականացնելու բոլոր հնարավորությունները:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Իսպանիայի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ, որոնք շնորհակալական խոսքեր են ուղղել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու դեսպանատանը՝ կենտրոնի գործունության կազմակերպման գործընթացին աջակցելու համար:

«Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ռեկտոր Խոակին Գոյաչե Գոնյիի (Joaquín Goyache Goñi) հրամանով համալսարանի հայազգի դասախոս Ֆրանսիսկո Սուրյան Էրնանդեսը (Francisco Zurian Hernández) նշանակվել է Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հայագիտության հատուկ ամբիոնի տնօրեն։ Ամբիոնի ակադեմիական աշխատանքներն իրականացնելու նպատակով կդիտարկվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Հայաստանից իսպաներենի իմացությամբ համապատասխան մասնագետի գործուղման հնարավորությունը։ 2023 թ. սեպտեմբերից ամբիոնի ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով հայկական կողմին առաջարկվել է կրթական ծրագիր մշակել՝ թեմատիկ բացվածքով (Հայաստանի ժամանակակից պատմություն, արտաքին քաղաքականություն, հայոց լեզու)»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։                

Նախարարությունից նշոմւ են նաեւ, որ հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Այդ քաղաքականությունը լինելու է շարունակական։

ORER.EU

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում