
2023 թվականի փետրվարի 20-ից Չեխիայի կառավարությունը կենսաթոշակային տարիքը սահմանել է 65 տարեկանից, որը կտարածվի 1971 թվականից հետո ծնվածների վրա և ուժի մեջ կմտնի 2030 թվականից։
• Բարձր գնաճի պատճառով 2023 թվականի հունիսին կիրականացվի նաև կենսաթոշակների արտահերթ ինդեքսավորում, ըստ որի միջին տարիքային թոշակառուն կստանա 760 չեխական կրոնով ավել գումար՝ (մոտ 865 եվրո)։ Այդպիսով միջին կենսաթոշակը կհատի 20,000 չեխական կրոնի սահմանը։
Դեռևս անցյալ տարվա նոյեմբերից Չեխիայի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակային համակարգում լուրջ փոփոխություն էր նախապատրաստել՝ առաջադրելով կենսաթոշակային տարիքի բարձրացում 68 տարեկանից։ Բացի այդ, նոր կուտակային կենսաթոշակները պետք է փոքր-ինչ նվազեին հաջորդ մի քանի տարիների միջին աշխատավարձի համեմատ։
Ըստ նախարարության մշակած ծրագրի, կենսաթոշակային տարիքը պետք է աստիճանաբար բարձրանար տարեկան մեկ ամսով, որը պետք է հատեր 65 տարեկանի սահմանագիծը՝ 2034 թվականին և պետք է հասներ 68 տարեկանի շեմին՝ 2070 թվականին։ Սակայն, վարչապետ Պետր Ֆիալան բացառել էր ներկայիս կառավարության օրոք կենսաթոշակային տարիքի բարձրացումը՝ հետևյալ հիմնավորմամբ. «Չեխիայի օրենսդրությունը պահանջում է, որ կառավարությունը յուրաքանչյուր հինգ տարին մեկ վերանայի կենսաթոշակների հետ կապված կյանքի տևողությունը, իսկ այդ ժամկետը չի համընկնում ներկայիս կառավարության մանդատի տևողության հետ»։
Ի տարբերություն վարչապետի՝ ՉՀ-ի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան պնդում էր, որ. «Կառավարությունը պետք է որևէ կոնսենսուս գտներ կենսաթոշակային բարեփոխումների ձևով՝ թեկուզ ընդդիմադիր հատվածի կողմից, որպեսզի համոզիչ լիներ, որ հաջորդ կառավարությունը նորից չի փոխի նորաստեղծ համակարգը»։
Ստանյուրայի հավելմամբ՝ 2023 թվականի կեսերին կառավարությունը կվերանայի իր առաջարկները՝ կառուցվածքային դեֆիցիտը (պակասորդը) մինչև 2024 թվականը նվազեցնելու վերաբերյալ։ Նախարարը մտադիր է փոխել կենսաթոշակային համակարգի պարամետրերը կամ չեղարկել որոշ հարկային արտոնություններ, բայց չի ցանկանում բարձրացնել ֆիզիկական անձանց եկամտահարկը, ինչի հետ համաձայն է նաև վարչապետը։
ՉՀ-ի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան (KDU-ČSL*) առողջապահական արհմիությունների համագումարում ասել էր, որ որոշ մասնագիտությունների դեպքում կենսաթոշակային տարիքը, ընդհակառակը, պետք է կրճատվի՝ օրինակ բերելով փրկարարական բուժաշխատողներին։
*(KDU-ČSL) մինչև 2019 թվականը՝ պաշտոնապես Քրիստոնյա և դեմոկրատական միություն-Չեխոսլովակիայի ժողովրդական կուսակցություն, նույն «Lidovci» /Ժողովրդական կուսակցությունը/, որը չեխական քրիստոնյա-դեմոկրատական քաղաքական կուսակցություն է – խմբ.նշ.)
ՉՀ-ի քաղաքական ոլորտում, ամիսներ շարունակ, տարաձայնություն հրահրող բուռն քննարկման թեմա էր ոչ միայն կենսաթոշակային տարիքի բարձրացման հարցը, այլև աշխատանքային կենսաթոշակի չափը, ինչի հետևանքով չեխերի 80%-ը նույնիսկ անհանգստացած է, որ իր թոշակով չի գոյատևի։

Մարտի 17-ի «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթի համար Չեխիայի «ՄԵԴԻԱՆ» հետազոտական գործակալության բացառիկ ուսումնասիրության համաձայն, աշխատող մարդկանց 80%-ն այսօր չի հավատում, թե պետական թոշակը երբևէ կբավականացնի իրենց՝ ծերության մեջ ապրելու համար։
«Դա վաղուց արմատավորված անվստահություն է ապագա տասնամյակներում պետության կողմից կենսաթոշակների վճարումն ապահովելու ունակության նկատմամբ»,- նշել է մարդկանց կարծիքներն ուսումնասիրող «ՄԵԴԻԱՆ» ընկերության Ծրագրի ղեկավար՝ Իվան Ցուկերը։
Օրինակ՝ Հարավային Մորավիայից քսանյոթամյա բուժքույր Ադրիանան ապագայի հանդեպ իր մտահոգությունն է արտահայտել հետևյալ կերպ. «Ինձ չափազանց անհանգստացնում է, որ թոշակառուներն այսօր նույնիսկ վստահ չեն, թե որքան են ստանալու կես տարուց և թե կգոյատևեն արդյոք այդ գումարով։ Դա նկատելի է անգամ տատիկիս և պապիկիս պարագայում, ովքեր նույնպես մեծապես ապավինում են մեր օգնությանը։ Ինչպիսի՞ն կլինի իմ թոշակի հարցը։ Նույնիսկ չգիտեմ՝ երբևէ կհասնե՞մ դրան: Միաժամանակ ենթադրում եմ, որ պետք է թոշակի անցնեմ սեփական ուժերով հնարավորինս ապահովված»,-օրաթերթի հետ զրույցի ընթացքում նշել է երիտասարդ բուժքույրը։
Ըստ «ՄՖ ԴՆԵՍ»-ի՝ մասնագետները զգուշացրել են, որ խնայողությունն այսօր անհրաժեշտություն է՝ անկախ կենսաթոշակային տարիքի սահմանումից։ Դեռ ավելին՝ մի քանի հարյուր կրոն խնայելը բավական չէ։
• Իսկ որքա՞ն խնայել։
Այսօր թոշակառուն պետությունից ստանում է միջինը 20 հազար չեխական կրոնից պակաս գումար: «Ուստի պետական կենսաթոշակը, միջին աշխատավարձի համեմատ, միայն կնվազի»,- ընդգծել է մարտի 17-ի «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթը:
«Ով զուգահեռ չի խնայի հավելյալ միջոցներ, կմնա աղքատ թոշակի հույսին։ Մենք չենք կարող գոյատևել առանց մեր խնայողությունների»,- զգուշացրել է (ՉՀ-ում իր տեսակի մեջ առաջին առցանց ներդրումային հարթակի)՝ «Պորտու»-ի գործադիր տնօրեն Մարտին Լունաչեկը, որի հաշվարկմամբ, կենսաթոշակային տարիքը 68 տարեկանից սահմանելու դեպքում, «եթե այսօրվա երեսունհինգ տարեկանները հետագայում անցնեն թոշակի և ցանկանան իրենց կենսաթոշակը բարելավել ամսական տասը հազար կրոնով, պետք է այս պահից խնայեն ամիսը 1800 կրոնի չափով գումար՝ այն ակնկալիքով, որ կուտակային անուիտետը կբավականացնի 15 տարվա համար։ Իսկ նրանք, ովքեր կսկսեն նույն անուիտետի համար միջոցներ կուտակել արդեն հիսուն տարեկան հասակում, պետք է մի կողմ դնեն ամսական 5800 կրոնի չափով խնայված գումար»,- ներկայացրել է հոդվածի հեղինակը։
Համաձայն «ՄԵԴԻԱՆ»-ի տարեսկզբին հավաքած տվյալների, չեխերի (մասնավորապես շարքային աշխատողների) մեկ հինգերորդի համար, կենսաթոշակին համընթաց, սեփական խնայողությունների կուտակումն աներևակայելի է՝ աշխատավարձից հավելյալ գումար չմնալու պատճառով։ Իրենց գանգատներում ամենից հաճախ այդ են վկայել Չեխիայի Լիբերեց, Օլոմոուց և Պարդուբիցե շրջանների մարդիկ և 25 տարեկանը դեռ չբոլորած շատ երիտասարդներ (խոսքը միայն գործազուրկների և ուսանողների մասին չէ), «որոնք իրականում, ինչպես ասում են, «բաց են թողնում գնացքը» այժմյանից»,- օրաթերթին տրամադրած տվյալների հետ մեկտեղ ավելացրել է Իվան Ցուկերը՝ «ՄԵԴԻԱՆ» ընկերությունից:

Մարտի 23-ի «ՊՐԱՎՈ» օրաթերթի «Կառավարությունն իր «սուլիչի ձայնով» հանդարտեցրեց փոթորիկը» հոդվածից տեղեկանում ենք, որ վերջին շաբաթների բուռն քննադատություններից հետո, Չեխիայի կառավարությունը վերջապես նահանջեց կենսաթոշակային տարիքը մինչև 68 տարեկանը բարձրացնելու մտքից։
«Այլևս այդքան առողջություն չէր մնա ապրելու և դեռ 68-ից թոշակի անցնելու համար»,- արտահայտելով չեխերի դժգոհությունը՝ գրել էր դեռևս մարտի 11-ի «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթը։
• Կենսաթոշակների ավելի շուտ պարամետրային փոփոխություններ
Հանրության շրջանակներում շարունակ շոշափելի է այն հարցը, թե ինչ է լինելու որպես կենսաթոշակային բարեփոխումների բաղկացուցիչ մաս։ Նախևառաջ, ըստ փորձագետների, դա կլինի պարամետրային ճշգրտում, քան իրական բարեփոխում։
ՉՀ-ի ԱՍՀ նախարար Մարիան Յուրեչկայի հայտարարմամբ, բարեփոխումը պետք է շարունակ հիմնված լինի միջսերունդների համերաշխության և ծնողության գնահատման վրա։
Նախարար Յուրեչկան միաժամանակ հավաստիացրել է, որ չի պատրաստվում բարեփոխումների շրջանակում կենսաթոշակային տարիքը 65-ից հասցնել 68-ի։ «Չեմ կարծում, թե ինչ-որ կոնկրետ տարիքային շեմ կսահմանվի՝ ներկայիս գործող 65 տարեկանից բարձր»,- նշել է նա։ Վերջինիս խոսքով, թոշակի անցնելիս պետք է հաշվի առնել կյանքի ու աշխատանքի տևողությունը՝ ստաժը և պետական տուրքերի վճարումը՝ տարբերակելով նաև մասնագիտություններն ըստ բարդությունների՝ այն պահից, երբ անձը ակտիվություն է ցուցաբերում աշխատանքային շուկայում. «Այսինքն՝ մեկը սկսել է աշխատել ու վճարել կենսաթոշակային համակարգին՝ միջնակարգ կրթությունից կամ վերապատրաստումից հետո, իսկ մեկ ուրիշը՝ դոկտորանտուրան ավարտելուց հետո»,- հստակեցրել է նախարարը։
«Կենսաթոշակային տարիքը հիմնականում կախված կլինի կենսաթոշակային կյանքի տևողությունից»,- տեղեկացնում է «ՊՐԱՎՈ» օրաթերթը՝ մեջբերելով «TOP 09» կուսակցության փոխնախագահ Յան Յակոբի հայտարարությունը (ով մարտի 21-ին կենսաթոշակային համակարգի փոփոխությունների առիթով մասնակցել էր հինգի կոալիցիայի առաջնորդների հանդիպմանը)։
Թե միջինը քանի տարի կարող է անհատն ապրել թոշակառության կարգավիճակում, ըստ օրաթերթի, Յակոբը չի հստակեցրել՝ ասելով, որ կոալիցիան բարեփոխումները կներկայացնի ապրիլի սկզբերին։ Նախկին պլանների համաձայն, անհատն իր կյանքի մոտավորապես քառորդը մասը պետք է անցկացներ թոշակառության ժամանակաշրջանում, սակայն ներկայիս կառավարական կոալիցիան դեռ որևէ կոնկրետ թիվ չի սահմանել այդ առումով։ Կախված այն հանգամանքից, թե մարդիկ ինչպիսի կյանքի տևողություն կընտրեն, կարող են թոշակի անցնել նույնիսկ ավելի ուշ, քան ներկայումս: Ըստ օրաթերթի՝ առայժմ կոալիցիան ինքը դեռ համաձայնության չի եկել, թե կյանքի ինչպիսի տևողություն կընտրի։
«Օրինակ՝ անցյալ տարի տղամարդկանց կյանքի տևողությունը կազմել է 76,1 տարի, իսկ կանանց կյանքի տևողությունը՝ 81,9 տարի»,- կարևորում է «ՊՐԱՎՈ»-ն՝ ավելացնելով, որ կենսաթոշակային իրավունքի համար ապահովագրական վճարների մուծման պարտադիր ժամկետն այսօր 35 տարի է։

«Չեխիայում կյանքը երկարում է, և վիճակագրության համաձայն, 65 տարեկանից բարձր մարդկանց թիվն ու տեսակարար կշիռն աճում է։ Նախկինում երկրում ապրում էր 65-ից բարձր 2,2 միլիոն մարդ՝ կազմելով բնակչության 21%-ը»,- գրում է մարտի 31-ի չեխական «ԷԽՈ» շաբաթական հանդեսը և ավելացնում. «Ավելի վաղ կարող են թոշակի անցնել հանքագործներն ու փրկարար ծառայողները՝ առանց գումարի կրճատման»։
«Պետական համակարգից մուծվող կենսաթոշակները կազմում են Չեխիայի տարեց քաղաքացիների եկամուտների մոտ 95%-ը։ Կենսաթոշակների պահումները զգալիորեն ցածր են կուտակային ֆոնդից հատկացվող թոշակների ծախսերից։ Այս տարի դեֆիցիտը կարող է կազմել շուրջ 78 միլիարդ չեխական կրոն։ Պարտքը նվազեցնելու համար փորձագետները, ի թիվս այլ բաների, առաջարկում են դանդաղեցնել թոշակների արժեքավորումները, սահմանափակել վաղաժամկետ կենսաթոշակների թիվը և, այնուամենայնիվ, աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակային տարիքը»,- նշում է «ԷԽՈ» շաբաթական հանդեսը։

Ապրիլի 2-ի «ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ» օրաթերթի տեղեկացմամբ, արհմիութենականների հետ կենսաթոշակային համակարգի փոփոխությունների շուրջ բանակցություններից հետո, նախարար Յուրեչկան հայտարարել է, որ կենսաթոշակների արժեքի կանոնավոր բարձրացումը պետք է լինի ամբողջովին գնաճին համընթաց՝ հիշեցնելով, որ վերանայվող կենսաթոշակների աճի փոփոխության նախագիծը կներկայացնի ապրիլի ընթացքում։
Ինչպես վկայում է «ԼՆ» օրաթերթը, ՉՀ-ում կենսաթոշակները պարբերաբար ավելանում են ամեն հունվարին՝ գնաճին համընթաց և իրական աշխատավարձի աճի կեսով։ Դրանք բացառապես աճում են, երբ վերջին ավելացումից հետո գների աճը գերազանցում է հինգ տոկոսը։
«Կարևոր հավաստիացում է տրվել, որ թոշակների արժեքավորման մեխանիզմի հետագա վերանայման դեպքում, որպես կառավարական կոալիցիա, չունենք այս արժեքավորումը գնաճից ցածր դնելու նկրտումներ»,- հայտարարության մեջ ընդգծել է նախարար Յուրեչկան։
«ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ»-ի համաձայն, անցյալ տարեվերջին Չեխիայի Սոցիալական ապահովության վարչությունից կենսաթոշակ է ստացել ավելի քան 2,84 միլիոն մարդ, որից 2,37 միլիոնին հատկացվել է ծերության թոշակ։
«ԱՍՀ նախարարության տվյալներով, 2023թ.-ի հունվարին, թոշակառուի համար ծերության սոցիալական կենսաթոշակի միջինը կազմել է ամսեկան 19438 չեխական կրոն։ Նշենք, որ իրենց կենսաթոշակային համակարգերն ունեն նաև Չեխիայի ներքին գործերի, պաշտպանության և արդարադատության նախարարությունները»,- հոդվածի եզրափակիչ հատվածում կարևորել է «ԼՆ» օրաթերթը։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա
ԹԱՐՄԱՑՈՒՄ
«Ուզում ենք, որ ծերության թոշակի անցնողները դեռ շարունակ մնան աշխատանքի մեջ»,- ՉՀ-ի ԱՍՀ նախարար Մարիան Յուրեչկա։

Չեխիայում կենսաթոշակների խնդիրն այնքան վիճահարույց է, որ կառավարության երեկվա որոշումներն այսօր կարող են դեռ վերանայվել կամ փոփոխության ենթարկվել։ Չեխերից շատերն իրադրությունը մեկնաբանում են հետևյալ կերպ. «Բաբիշը մեզ այնպիսի պարտքերի մեջ է թաթախել, որ դժվար կարողանանք հեշտությամբ դուրս գալ ընթացիկ վիճակից»
Դեռ երեկ «ՕՐԵՐ»-ի կայքէջում ներկայացվեցին ՉՀ-ի կենսաթոշակների երկարատև փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ։ Այսօր չեխական «ՊՐԱՎՈ» օրաթերթը կրկին հանդես է եկել «Ուզում ենք, որ ծերության թոշակի անցնողները դեռ շարունակեն մնալ աշխատանքի մեջ» Յուրեչկայի նոր հայտարարությամբ։

Համաձայն հոդվածի՝ ՉՀ-ի կառավարությունը ցանկանում է դրդել մարդկանց դեռ մնալ աշխատանքի մեջ՝ նույնիսկ երբ իրավունք ունեն անցնելու ծերության թոշակի։ «Այնուհանդերձ նրանք, ովքեր աշխատում են 18-20 տարեկանից, կկարողանան ավելի վաղ գնալ թոշակի»,- գրում է օրաթերթը։ —— «ՊՐԱՎՈ»-ի թղթակցի կողմից ԱՍՀ նախարարին ուղղված այն հարցին. «Դուք օրեր առաջ հայտարարեցիք, որ օրենքով չեք բարձրացնի կենսաթոշակային տարիքը, և այն պետք է բարձրանա՝ ըստ կյանքի միջին տևողության։ Չե՞ք կարծում, որ իրատեսորեն մարդիկ, այնուամենայնիվ, ավելի ուշ կգնան թոշակի», նախարարը պատասխանել է հետևյալը.
«Փորձում ենք դրականորեն դրդել մարդկանց մնալ աշխատավայրում, գոնե՝ կես դրույքով։ Եթե ինձ ասեք՝ կոնկրետ ինչպիսին կլինի ժողովրդագրությունը առաջիկա 30-50 տարիների ընթացքում, ես կպատասխանեմ Ձեր հարցին ավելի ստույգ։ Այսօր այդ պատասխանը չունի ոչ ոք։ Ուստի, անիմաստ է հիմա օրենքին ավելի բարձր արժեք տալը, քան ներկայիս սահմանված 65 տարին է։ Սակայն իմաստալից է փոխհամաձայնության գալ սկզբունքների շուրջ, որպեսզի ծերության կենսաթոշակ ստանալու միջին ժամկետը, ելնելով այն հանգամանքից, թե ինչպես կզարգանա կյանքի տևողությունը, ըստ պայմանավորվածության լինի 21,5 տարի, ինչը մոտավորապես համապատասխանում է ներկա իրավիճակին։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք և անձի կենսաթոշակային տարիքը, թե երբ է սկսել աշխատել և որքան ժամանակ է ապահովագրվել կենսաթոշակային ապահովագրությամբ: Պարզապես պետք է տարբերակել, երբ մեկը սկսում է աշխատել 18-19 տարեկանում՝ հիմնականում զբաղեցնելով աշխատանքի այն ոլորտները, որոնք, որոշակի առումով, ֆիզիկապես ավելի բարդ են, քան այն մարդկանց մասնագիտությունները, ովքեր աշխատանքի են անցնում ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո՝ 25-26 տարեկանում»,- պարզաբանել է նախարար Յուրեչկան:
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա