Պրահայում բացվեց «Ahoj Arménie/Ողջույն Հայաստան, Բարև Չեխիա» ցուցահանդեսը

  • 05.04.2023
  • 0
  • 156 Views

Ապրիլի 4-ի երեկոյան Չեխիայի Ազգային գրադարանում  հանդիսավոր պայմաններում բացվեց «Ahoj Arménie /Ողջույն Հայաստան, Բարև Չեխիա» ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Չեխահայ սոպրանո Վարինե Մկրտչյանի  հայկական «Ծիրանի ծառ» եւ չեխական Teče voda, teče ժողովրդական երգերի հիանալի կատարումներից հետո, Չեխիայի Ազգային գրադարանի մամուլի քարտուղար Մարտինա Կոշանովան ներկայացրեց օրվա ծրագիրը եւ ելույթ ունեցողներին։  Ներկա  հանրությանը ողջույնի խոսքերով դիմեցին  Չեխիայի Ազգային գրադարանի տնօրեն Տոմաշ Ֆոլտինը, Չեխիայի փոխարտգործնախարար Մարտին Դվորժակը, Պարդուբիցեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Յիրժի Կուբեշը, Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարանի և Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ Պարդուբիցեի համալսարանի և «Սլավոնական Միություն» չեխական ընկերակցության համագործակցությամբ բացված ցուցահանդեսի բոլոր աջակիցներին։

Չեխիայի Ազգային գրադարանի տնօրեն պարոն Ֆոլտինը նշեց, որ ադեն տասը տարի է Հայաստանի Ազգային գրադարանի հետ ստորագրել են համագործակցության մասին պայմանագիր, եւ ուրախ է որ այդ կապերը շարունակվում են եւ զարգանում են։ Նա վերհիշեց, որ դեռեւս 2016 թվականին նման ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ Հայաստանի Ազգային գրադարանից բերվել էին բացառիկ գրքեր ու հարատարկություններ։ Նա նշեց, որ նման ձեռնարկները ցույց են տալիս, թե ինչպես կարելի է գրադարանների համագործակցությամբ նպաստել նաեւ դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը։ Այնուհետեւ Ազգային գրադարանի տնօրենը հակիրճ ներկայացրեց ցուցարդված ցուցանմուշները, հատկապես Պարդուբիցեի համալսարանի կողմից ներկայացված Հայաստանում  կատարած հնագիտական պեղումների  մասին պատմող  տեսաշարը։

Չեխիայի փոխարտգործնախարար Մարտին Դվորժակն իր հերթին անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա ուղուն, նշեց, որ այդ տարիները անցել են երկկողմ փոխգործակցության, երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի զարգացման ճանապարհով։  Այդ հարաբերությունները ամրապնդվել են նաեւ 2016 թվականին նախագահներ Միլոշ Զեմանի եւ Սերժ Սարգսյանի կողմից Երեւանում ստորագրված համատեղ հռչակագրով։  Համավարակից հետո կրկին ակտիվացել են երկկողմ հարաբերությունները, երկու երկրների արտաքին գործերի նախարարները այցելել են Հայաստան եւ Չեխիա 2021-2022թթ, եւ շատ ինտենսիվ շարունակվել են շփումները երկու երկրների խորհրդարանների միջեւ։ Նա նշեց, որ բարիդրացիական հարաբերությունների մեջ կարեւոր դեր է կատարում նաեւ Չեխիայի հայկական համայնքը, որում կարեւոր տեղ է գրավում  գործարար Գեւորգ Ավետիսյանի հաջողությունը։ Նրա  արտադրած «Մարլենկա» տորթը Չեխիայից տարածվել է ողջ աշխարհով մեկ։ Հաջորդը Հայ առաքելական եկեղեցին է՝  Պրահայում գործող  Սուրբ Հոգի եկեղեցին, ըստ որի Չեխիայում ապրում է մոտ  10 հազար հայ։

Արտգործնախարարի տեղակալը նաեւ կարեւորեց ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում, եւ նշեց, որ մայիսի 5-ին ծրագրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Չեխիա։ Նա նշեց նաեւ, որ կարեւորում են Հայաստանի ու Չեխիայի համագործակցությունը միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում։

Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը նույնպես շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի բոլոր աջակիցներին, կարեւորեց Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, նշելով, որ երկու երկրները երկար ու արդյունավետ համագործակցության ճանապարհ են անցել, որից միայն տասը տարին ինքն է եղել Չեխիայում Հայաստանի դեսպանը։ Անցած տարիներին հայ-չեխական հարաբերությունները հարաճուն զարգացում են ապրել տաբեր ոլորտներում եւ 30-ամյակը դրա վառ վկայությունն է։ Դեսպանը  հատկապես կարեւորեց Եվրոպական Միության հետ հարաբերություններում Չեխիայի աջակցությունը։ Ու թեեւ հիմա Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում, վտանգված է նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանի կողմից, ուրախությամբ արձանագրում է,  որ Չեխիան Եվրոպական մյուս գործընկերների հետ աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, եւ այդ նպատակով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն գործուղել  հայ-ադրբեջանական սահման։ Հայաստանի դեսպանը հույս հայտնեց, որ ապագայում ավելի կզարգանան հարաբերությունները Չեխիայի եւ Հայաստանի միջեւ։

Այնուհետեւ ներկաներին դիմեց Պարդուբիցեի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Յիրժի Կուբեշը, որն էլ բարձր գնահատելով Հայաստանի դեսպանության հետ համագործակցությունը, նշեց, որ իրենց ներկայացրած հնագիտական ցուցանմուշների համար պարտական են դոկտոր Ֆրոլիկին եւ հնագիտության բաժնի ուսանողներին, որոնք պեղումներ են կատարել Հայաստանի տարբեր վայրերում։ Վերջիններս արդեն երկար տարիներ հնագիտական հետազոտություններ են իրականացնում Հայաստանում։

Վերջում ներկաներին ողջունեց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Նա կարեւորեց երկու գրադարանների միջեւ համագործակցությունը,որ տասնամյակի պատմություն ունի եւ  շարունակում է զարգանալ։ Դրա առաջին  վկայությունն էր դեռեւս 2016 թվականին Պրահայի Ազգային գրադարնում բացված  «Հայ գրքարուեստը դարերու ընդմէջէն» բացառիկ ցուցահանդեսի բացումը եւ հատուկ պատկերագրքի տպարգությունը։ Նա նշեց , որ Հայաստանի Ազգային գրադարանն իր հերթին նախատեսում է չեխ դասական Յարոսլավ Հաշեկի  130-ամյա եւ հայտնի հայագետ Լյուդմիլա Մոտալովայի 80-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների անցկացում։ Նա ներկաներին տեղեկացրեց նաեւ, որ 1988 թվականին Երեւանի քաղաքային գրադարանի թիվ 33 մասնաճյուղը անվանակոչվել է նվիրյալ հայագետ Լյուդմիլա Մոտալովայի անունով։

Տիկին Չուլյանը փաստեց նաեւ, որ Հայաստանի Ազգային գրադարանում պահպանվում են չեխ ժամանակակից եւ դասական գրողների գործերի հայերն թարգմանություններ, այդ թվում դեռեւս 19րդ դարում  Թիֆիլիսում հայերենով հրատարակված Սվատոպուլոկ Չեխի  գիրքը։ Դրանց շարքը լրացնում են բազմաթիվ հայ գրողների չեխերեն թարգմանությունները։ Իսկ վերջերս գրադարանը համալրվել է Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության գրքով։  Նա նաեւ նշեց, որ  մշակութային դիվանագիտությունն իր ուրույն ազդեցությունն է ունենում երկու ժողովուրդների միջեւ կամուրջների ստեղծմանն ու  քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը։

Հանդիսավոր բացմանը ներկա էին նաեւ Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի մշակույթի փոխնախարարը, Չեխիայի խորհրդարանի սենատորներ եւ պատգամավորներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, չեխ լրագրողներ։

Ցուցահանդեսում ներկայացված էին  Հայաստանի գեղատեսիլ վայրերի և մշակութային կոթողների լուսանկարները, հայ ականավոր գործիչների դիմանկարները, Չեխիայի Ազգային գրադարանում  պահպանվող Հայաստանին առնչվող գրքերը և ամսագրերը, ինչպես նաեւ Պարդուբիցեի համալսարանի՝ Հայաստանաում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները:

Վերջում ներկաները ճաշակեցին նաեւ հայկական գինի, Մարլենկա տորթ եւ չեխական խորտիկներ։

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 16-ը, ամեն օր՝  ժամը 9.00 – 19.00-ը։

Ցուցահանդեսի վայրը՝ Պրահա, Ազգային գրադարանի գլխավոր մասնաշենք՝ Klementinum, Výstavní chodba v přízemí (vchod A)։

Ազգային գրադարանի մշտական ընթերցողների համար մուտքը ազատ է։ Մուտքի մոտ պետք է  ցույց տալ Ազգային գրադարանի ընթերցողի քարտը կամ գործող մեկօրյա տոմսը։

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի եւ Լուսիան Փափազյանի

Պրահա

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում