
Ստորև ավտոսիրահարների և վարորդների ուշադրությանն ենք ներկայացնում 2023թ.-ի մարտի 17-ի չեխական «ՊՐԱՎՈ» օրաթերթի անդրադարձը՝ Ռուսաստանում «Շկոդա Աուտո» ավտոմոբիլային ընկերության գործունեության դադարեցման մասին՝ միաժամանակ լուսաբանելով արտադրության ոլորտում ընկերության առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։

«Շկոդա Աուտո» ավտոմոբիլային ընկերությունը լիովին լքում է Ռուսաստանը, որտեղ իր գործունեությունը դադարեցրել էր դեռևս անցյալ տարի՝ դեպի Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժումից հետո։ Ներկայումս Կալուգայի ավտոարտադրող ընկերությունը պատրաստվում է դուրս գալ վաճառքի՝ ուշադրությունը վերահղելով հատկապես Հնդկաստանի ուղղությամբ և միաժամանակ պատրաստելով արտադրման նոր մոդելներ։
«Ռուսաստանում արտադրական գործունեությունը դադարեցվել է, բայց մենք ամբողջ տարվա ընթացքում աշխատավարձ ենք վճարել աշխատակիցներին։ Ուստի գերադասում ենք գործարանը վաճառել։ Այժմ եզրափակիչ փուլում ենք և ավարտին ենք հասցնում գործարքը երրորդ կողմի հետ»,- առանց որևէ հավելյալ մանրամասնումների՝ «ՊՐԱՎՈ» օրաթերթին է հայտնել գերմանական ավտոմոբիլային ոլորտի առաջատար ղեկավար՝ Կլաուս Զելմերը, (ով 2022 թ.-ի հուլիսի 1-ից «Շկոդա Աուտո»-ի տնօրենների խորհրդի նոր նախագահն է: Ավելի քան 20 տարվա փորձ ունի ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում – խմբ. նշ.):
Ռուսաստանում ստեղծված իրավիճակի պատճառով, որը երբևէ եղել է «Շկոդա Աուտո»-ի երկրորդ ամենախոշոր շուկան, ըստ Զելմերի, «Շկոդա»-ն արդեն կորցրել է գրեթե 700 միլիոն եվրոյի՝ (16,8 մլրդ. չեխական կրոնի) հասնող գումար:

Բացի Կալուգայից, նախքան պատերազմը, «Շկոդա» մեքենաներն արտադրվել են նաև Նիժնի Նովգորոդի «ԳԱԶ» մեքենաշինության համատեղ գործարանում։ Հետագայում «Շկոդա Աուտո»-ն դուրս է եկել և այնտեղից՝ զգալի ազդեցություն ունենալով ավտոընկերության տնտեսական արդյունքների վրա։
«Անցյալ տարին այնքան էլ հաջող չի եղել ընկերության համար։ Վաճառքների թիվը նվազել է գրեթե 17%-ով՝ հասնելով տարեկան 731 հազար ավտոմեքենայի: Գործառնական շահույթը նույնպես զգալի անկում է ապրել՝ 26 միլիարդից հասնելով 17,6 միլիարդ չեխական կրոնի։ «Covid» համաճարակին նախորդող տարիներին այն միշտ եղել է 30-ից 40 միլիարդի սահմաններում, իսկ ավտոմեքենաների տարեկան վաճառքը գերազանցել է միլիոնի նշագիծը»,- ընդգծում է «ՊՐԱՎՈ» օրաթերթը, ըստ որի ռեկորդային տարի է եղել 2018 թվականը, երբ ավտոարտադրողը զեկուցել է 1.254.000 ավտոմեքենայի վաճառքի մասին։
Այդ ժամանակից ի վեր վաճառքներն անշեղորեն նվազել են։
«Այնուամենայնիվ, մեքենաների վաճառքը մնում է կայուն 400 միլիարդ չեխական կրոնից բարձր՝ անցյալ տարի հասնելով 444 միլիարդ կրոնի, ինչը նույնիսկ ավելին է, քան վերոնշյալ 2018 թվականին, երբ վաճառվել է գրեթե կրկնակի քանակությամբ ավտոմեքենա։ Դա պայմանավորված է նրանով, որ մեքենաների գները բարձրացել են, իսկ ավտոարտադրողը վերջին տարիներին կենտրոնացել է ավելի բարձր մարժաներով առավել շահավետ մեքենաների վաճառքի վրա»,- կարևորում է օրաթերթը։
• Նոր տարբերանշանով ավտոմոդելների արտահանում դեպի Հնդկաստան և Վիետնամ

«Ավտոմոբիլային ընկերությունը ցանկանում է կորցրած արտադրական հզորությունները վերագտնել գործող մեքենաշինական գործարաններում, իսկ կորցրած ռուսական, ինչպես նաև չինական շուկան, որտեղ «Շկոդա» մեքենաները չունեն բավարար հաջողություն, կարող է փոխարինվել ասիական այլ երկրների շուկայով»,- գրում է «ՊՐԱՎՈ»-ն:
Օրաթերթի մեկնաբանությամբ, «Շկոդա Աուտո»-ն իր ուշադրությունն ուղղում է դեպի Հնդկաստան և Վիետնամ՝ անցյալ տարի հնդիկներին վաճառելով գրեթե 52000 մեքենա։ «Հնդկաստանը մեզ համար կարևոր է ոչ միայն տեղական վաճառքի և շուկայական ներուժի պատճառով, այլև որպես արտահանման կենտրոն՝ ավտոմեքենաները դեպի ասիական այլ երկրներ (օրինակ՝ Վիետնամ, Թաիլանդ, Ինդոնեզիա կամ Մերձավոր Արևելք) արտահանելու համար»,- օրաթերթին է հայտնել վաճառքի համար պատասխանատու խորհրդի անդամ՝ Մարտին Յահնը։



Նկարում՝ «ŠKODA VISION 7S» էլեկտրական մոդելն է՝ նոր տարբերանշանով
Այս տարի ընկերությունը մտադրված է ավելի շատ մեքենաներ արտադրել՝ անցյալ տարվա համեմատ։ Այն նաև պատրաստվում է իրականացնել «Scala» և «Kamiq» ավտոմոդելների, այսպես կոչված, «դիմահարդարում»՝ ընթացքում վերանայելով և «Enyaq» էլեկտրական մոդելի համալրվածությունը «Laurin & Klement»-ի* ամենաբարձր սարքավորվածության մակարդակում։
(* «Laurin & Klement»-ը 1895 թ.-ից եղել է հեծանիվներ, մոտոցիկլետներ և մեքենաներ արտադրող չեխական ֆիրմայի ապրանքանիշը, որը 1925 թվականին գնել է «Շկոդա» ինժեներական ընկերությունը, ինչի արդյունքում ստեղծվել է այսօրվա «Շկոդա Աուտո» մեքենաներ արտադրող ընկերությունը – խմբ.նշ.):
Բացի այդ, տարվա երկրորդ կիսամյակի համար նախատեսում է «Kodiaq» և «Karoq» մոդելների նոր սերունդների թողարկում, որոնք կհամալրվեն նաև (էլեկտրական շարժիչի և ներքին այրման շարժիչի համակցությամբ գործող) նոր հիբրիդային շարժիչներով։
«Մինչև 2026 թվականը կմեկնարկենք երեք լիովին նոր էլեկտրական ավտոմոդելներ»,- օրաթերթին հաստատել է Կ. Զելմերը, ըստ որի առաջինը պետք է լինի «Elroq»-ը՝ սպորտային կոմունալ ամենագնացների (SUV) փոքր կատեգորիայից:
Մեքենաների արտադրությունից բացի, Մլադա Բոլեսլավի գործարանը կենտրոնանալու է նաև էլեկտրական մեքենաների մարտկոցային համակարգերի արտադրության վրա՝ ամբողջ «VW» /Volkswagen/ համաշխարհային կոնցեռնի համար։ Արտադրման հզորությունն այս տարի պետք է հասնի օրական 1500 քանակությամբ մարտկոցների թողարկման։
Անցյալ տարվա իր հայտարարության համաձայն, ավտոմոբիլային ընկերությունը հրաժարվում է իր ավանդական տարբերանշանից։


Այս տարվա նոր մոդելների կապոտի վրա այլևս չի լինի թևավոր սլաք։ Խորհրդանիշը կփոխարինվի ոճավորված «Škoda» մակագրությամբ։


«Դա դիզայնի մատուցած ամենաարմատական փոփոխությունն է վերջին 30 տարիների ընթացքում»,- «ՊՐԱՎՈ» օրաթերթի հետ զրույցում եզրափակել է փորձառու ղեկավար Կլաուս Զելմերը։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա