Չեխական Բռնոյում բացվեց «Հայկական արվեստի և մշակույթի կաբինետ»

  • 25.02.2023
  • 0
  • 494 Views

Փետրվարի 23-ին Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական արվեստի և մշակույթի կաբինետի» բացման արարողությունը: Այս մասին հայտնում է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը։

Միջոցառմանը ներկա էին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Մասարիկի համալսարանի պրոռեկտոր Ռադիմ Պոլչակը, Արվեստների ֆակուլտետի դեկան Իրենա Ռադովան, Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Իվան Ֆոլետտին, համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ, Բռնոյում բնակվող հայ երիտասարդներ:

Բացման խոսքով հանդես եկան դեկան Իրենա Ռադովան, դեսպան Աշոտ Հովակիմյանն ու կենտրոնի ղեկավար Իվան Ֆոլետտին:

Ելույթ ունեցողները ընդգծել են ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հայագիտական ուսումնասիրությունների խթանման, վտանգված հայկական մշակութային ժառանգության մասին տեղեկատվության տարածման, այդ համատեքստում համալսարանի հետ համագործակցության ընդլայնման և Հայկական կաբինետի հիմնադրման կարևորությունը:

Մասարիկի համալսարանի ներկայացուցիչները երախտագիտություն հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և ՀՀ դեսպանությանը՝ ծրագրին աջակցելու համար:

Մեկ այլ նախագծով աջակցություն կտրամադրվի ֆակուլտետի Դասական ուսումնասիրությունների բաժնին, որտեղ ԵՊՀ-ից հրավիրյալ դասախոսի կողմից կիրականացվեն դասախոսություններ Հայաստանի հնադարյան պատմության մասին:

Հանդիսավոր բացմանը, ցուցանակի տեղադրմանը և ժապավենի կտրմանը հետևեց ծրագրի իրագործման առաջին միջոցառումը՝ Իվան Ֆոլետտիի «Հազար ու մի եկեղեցիների պատմություն. միջնադարյան Հայաստանի թագավորության մայրաքաղաք Անի» խորագրով հանրային դասախոսությունը ու «Աշխարհների խաչմերուկներում՝ միջնադարյան Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում