
.Շառլ Ազնավուրին նվիրված առաջին կենսագրական գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»- MONSIEUR AZNAVOUR-ը մեծ էկրաններին կհայտնվի 2024ին՝ աշխարհահռչակ երգչի ու դերասանի 100-ամյակի առթիվ։ Այն կանդրադառնա Շառլ Ազնավուրի աստղային վերելքին ՝ 1950-ականներին և բազմաթիվ արտիստների հետ նրա բարեկամությանը, այդ թվում՝ Էդիթ Պիաֆի հետ, որը նրան իր հետ տարավ հյուրախաղերի Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքներ։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Grand Corps Malade-ն, իսկ պրոդյուսերները՝ Ժան-Ռաշիդ Կալուշի «Kallouche Cinema»-ն և «Mandarin & Compagnie»-ն: Այս մասին տեղեկացնում են Ազնավուր հիմնադրամն ու Հայկական ֆիլմ ընկերակցությունը՝ AFS-ը։
Երիտասարդ Ազնավուրի դերում հանդես կգա Թահար Ռահիմը՝ ալժիրյան ծագումով ֆրանսիացի հայտնի դերասանը։ Նա հայ հանդիսատեսին հայտնի է Նազարեթ Մանուկյանի դերով՝ Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանություն ապրած հայ ընտանիքի պատմությանը։ Թահար Ռահիմը «Սեզար» մրցանակի կրկնակի դափնեկիր է և իր կարիերայի ընթացքում արժանացել է BAFTA-ի և «Ոսկե գլոբուսի» անվանակարգերի և հայտնի է այնպիսի նախագծերից, ինչպիսիք են՝ «Օսկար» մրցանակի առաջադրված «ՄԱՐԳԱՐԵ», «ԱՆՑՅԱԼ», «ՕՁ», «Մավրիտանացին» ֆիլմերը։ Իսկ շուտով նրան կարելի է տեսնել նաեւ Ռիդլի Սքոթի «Նապոլեոն» ֆիլմում։
Պրոդյուսեր Ժան-Ռաշիդ Կալուշը Ազնավուրի փեսան է, նրա դստեր՝ Կատյա Ազնավուրի ամուսինը։ Նա հայտնել է, որ մինչ իր մահը՝ 2018 թվականը, Ազնավուրը նման կենսագրական ֆիլմ նկարահանելու համար իր համաձայնությունը տվել էր եւ գաղափարն էլ այն էր, որ պետք է ներկայացվի իր կյանքի առաջին մասը՝ «զրոյից մինչև փառք»:
Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա ամռանը, իսկ 2024-ին՝ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ , այն կցուցադրվի մեծ էկրաններին։
orer.eu
