
Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը չեխական «Լիդովե նովինի» օրաթերթին
«Առճակատվում ենք ադրբեջանական ագրեսիայի հետ, որն աշխարհին այնքան էլ չի հետաքրքրում»,- ասում է Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը՝ հունվարի 25-ին չեխական ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթին տված «Սննդից կտրել են ավելի քան հարյուր հազար մարդու» վերնագրով հարցազրույցում։
Հարցազրույցը, որը վարել է լրագրող Մարեկ Հուդեման, ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայերեն թարգմանությամբ՝ առանց «Հայ-ադրբեջանական հակամարտության պատմության» առանձին սյունակի ներկայացման։
«Դեսպան Աշոտ Հովակիմյանն անդրադառնում է նաև այն ճգնաժամին, որն առաջացել է ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղ անցուղու շրջափակման հետևանքով՝ չնայած այն փաստին, որ այդ անցուղին հսկում են ռուս խաղաղապահները»-գրում է ԼՆ օրաթերթը՝ նախաբանում։
– ԼՆ. Երկու տարի առաջ վեցշաբաթյա պատերազմ բռնկվեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին։ Այժմ տարածքում կրկին լարվածություն է։ Ինչո՞ւ։
– Խոսքը միայն 2020 թվականի պատերազմի մասին չէ: Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հերթական ռազմական գործողությունները ծավալեց՝ թիրախավորելով Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանները, որը խլեց ավելի քան 200 մարդկային կյանք, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Իրականացվել են ռազմագերիների արտադատական մահապատիժներ, կին զինվորների մարմինների նկատմամբ խոշտանգումներ ու նվաստացուցիչ վերաբերմունք և մի շարք այլ բարբարոսություններ, որոնք հետո ադրբեջանցիները հրապարակել են սոցցանցերում։ Խոսքը նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված բացահայտ ոտնձգությունների վերաբերյալ է, որի արդյունքում օկուպացվել է մեր տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Հայաստանի տարածքում մինչ օրս դեռ առկա են ադրբեջանական զինված ուժեր։ Ուստի հուսով եմ, որ միջազգային հանրությունը համապատասխան մակարդակով քայլեր կձեռնարկի այս առումով։
Ադրբեջանի իշխանությունների կողմից սիստեմատիկ բռնությունների և էթնիկ զտումների քաղաքականության ևս մեկ ապացույց է հանդիսանում նաև Լաչինի միջանցքի շրջափակումն այն մի խումբ ադրբեջանցիների կողմից, ովքեր ֆիկտիվ բնույթի բնապահպանական շահերի ներքո ներկայանում են որպես բնապահպան ակտիվիստներ։
Ըստ եռակողմ համաձայնագրի՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժերի և բեռնափոխադրումների անվտանգությունը, և դա պետք է մնա Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հսկողության ներքո։ Այնինչ, ՌԴ խաղաղապահ ուժերն իրականում անկարող են վերականգնել խոստացված անարգել անցումը վերոհիշյալ Լաչինի միջանցքով։ Այս շրջափակումը լուրջ ճգնաժամ է առաջացրել դեպի Լեռնային Ղարաբաղ վառելիքի, դեղորայքի և սննդամթերքի ներկրման հարցում։ Վերջերս ընդհատվել էին նաև էլեկտրամատակարարումն ու ինտերնետային կապը։ Իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ ապրում է պաշարման մեջ։
– ԼՆ. Իսկ այդ ամենը հնարավոր չի՞ լուծել Ադրբեջանի հետ երկխոսությամբ կամ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությա՞մբ։
– Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է խաղաղություն և կայունություն հաստատելու տարածաշրջանում՝ իրականացնելով եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև վճռական է՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, սահմանազատումն ավարտի հասցնելու և տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու։
Խաղաղությունը Հայաստանի համար անհրաժեշտություն է։ Մենք փոքր երկիր ենք, մեզ պետք է զարգանալ, իսկ խաղաղության ձեռքբերումը մեզ համար պարտադիր է։
2020 թվականի պատերազմից մինչ օրս դեռևս սեղանին է Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված երկու երկրների ներկայացուցիչների հայտարարությունը, որը պետք է իրականանա։ Ադրբեջանի կողմից այն իրագործելու կամք բացարձակապես չկա։ Ադրբեջանական բանտերում պահվում են հայ ռազմագերիներ և կալանավորներ։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարության արտահայտած մտքերը վկայում են, որ Ադրբեջանը որևէ կերպ շահագրգռված չի խաղաղության և կայունության հաստատման համար։ Բաքուն ռազմատենչ և մաքսիմալիստական հռետորաբանությամբ նոր տարածքային պահանջներ և ուժի գործադրման սպառնալիքներ է ներկայացնում ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե իր երկիրը ցանկանա պատերազմ վերսկսել, նրան ոչ ոք չի կանգնեցնի։ Բացի այդ հավելել է, որ եթե հայկական կողմը ցանկանա քննարկել Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության պահպանման հարցը, ապա դա չի գործի։
Ինչ վերաբերվում է ռուսական խաղաղապահ զորքերին, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին հայտարարել է, որ նրանք պետք է կատարեն Լաչինի միջանցքի վերահսկողությունը պահպանելու իրենց հանձնառությունը։ Միևնույն ժամանակ ադրբեջանցիները սադրիչ գործողություններ են ձեռնարկում հայ բնակչության և ռուս զինվորների նկատմամբ՝ օգտվելով ստեղծված իրավիճակից, որ ռուս զինվորները չեն կարող ռազմական միջամտություն ցուցաբերել։ Իսկ դրա հետևանքով տուժվում է ավելի քան հարյուր հազար մարդ։
– ԼՆ. Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ դա իրենց մեղքը չէ, որ դա քաղաքացիական բնապահպանական բողոքի ակցիա է։
-Ես դա կանվանեի, այսպես կոչված, «էկոլոգների» ակցիա։ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր են։ Հայաստանը մամուլի ազատություն, հանրահավաքների ազատություն և գործող ընդդիմություն ունեցող երկիր է։ Այստեղ դուք բանտ չեք նստի՝ փողոցային ցույցի կամ իշխանությանը քննադատելու համար։ Չգիտեմ, եթե Ադրբեջանում էլ է այդպես։ Առավել ևս, որ շրջակա միջավայրի պահպանման մասին մտահոգություններին հղումը չի կարող արդարացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրենց ապրուստի միջոցներից զրկումը և նրանց հիմնական իրավունքների մերժումը։ Դա մարդու իրավունքների միջազգային հիմնական փաստաթղթերի կոպիտ խախտում է։
– ԼՆ. Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղն իրենն է, և որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը հստակեցված չէ։ Իսկ ինքը պարզապես ցանկանում է ձեռք բերել իր տարածքը։ Ո՞րն է խնդիրը, երբ կարելի է օգտագործել ԽՍՀՄ ժամանակների քարտեզների սահմանները։
– Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին, ապա խոսքը գնում է ավելի քան հարյուր հազարավոր հայերի ապագայի և նրանց տնտեսական ու մշակութային զարգացման հնարավորության մասին, ինչը չի կարող լուծվել հայերի և ադրբեջանցիների հավասար իրավունքների մասին հայտարարություններով։ Իհարկե, ինչպե՞ս կարող են դա անել, երբ Ղարաբաղում ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը, բռնություններ են տեղի ունենում։ Ամեն ինչ պետք է կարգավորվի պայմանագրերով, միջազգային երաշխիքներով։
Չգիտեմ, թե որտե՞ղ է սահմանների հետ կապված խնդիրը։ Կգործի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը՝ թեև սահմանները հայտնի են։ Այնուհանդերձ, ադրբեջանցիները չեն ճանաչում Հայաստանի այն սահմանը, որն եղել է մինչ ԽՍՀՄ-ին միանալը։ Այս հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Հայկական կողմն առաջարկել է, խնդիրների առկայության դեպքում, երկու կողմի զորքերին հետ քաշել այն նույն դիրքերին, ինչպիսին մինչ 2021 թվականն էին, որից հետո միայն կկարողանան վերսկսվել սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները։ Քանզի դա հնարավոր չէ ո՛չ ուժով, ո՛չ սպառնալիքներով, ո՛չ էլ Ադրբեջանի նախագահի ելույթներով, ով ցանկանում է, որ իր զորքերն ավելի շատ տարածքներ գրավեն։ Առաջ է քաշում պատմական քարտեզներ, չնայած կան բազմաթիվ այլ քարտեզներ։
– ԼՆ. Դուք նշեցիք միջազգային երաշխիքների մասին։ Նկատի ունեք երաշխիքներ Ռուսաստանի՞ց, թե՞ այլ երկրներից։
– Թե ովքեր և ինչ միջազգային երաշխիքներ են տրամադրելու, դեռ քննարկվում է։ Անշուշտ հասկանում եք, որ մեծ երկրների համար, այս աշխարհաքաղաքական միջավայրում, դժվար է դրա շուրջ բանակցել։
Ռուսական երաշխիքները նույնպես իրենց նպատակին ծառայող միջազգային երաշխիքներ են։ Սակայն գնալով ականատես ենք լինում, որ ռուս խաղաղապահները դառնում են Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկաները։ Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղին, որոշակի միջազգային ջանքեր են անհրաժեշտ։ ԵՄ դիտորդական առաքելությունը, որի մանդատն ավարտվեց դեկտեմբերի 19-ին, առանցքային դեր խաղաց սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձևավորելու և նոր ագրեսիաներ կանխելու գործում։ Հայաստանը բարձր է գնահատում Եվրամիության ջանքերը՝ ԵՄ նոր առաքելություն ուղարկելու ուղղությամբ։ Եթե ուզում ենք հասնել խաղաղության, դրա շուրջ պետք է բանակցել։ Միևնույն ժամանակ հայցում ենք միջազգային ներկայության ինչ-որ ձև՝ օրինակ,ներգրավելով դիտորդներ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունից, դրան զուգահեռ ձեռք բերելով նաև ավելի մեծ միջազգային ներգրավվածություն. որպեսզի դիտորդները հետևեն ընթացիկ դեպքերին, պայմանավորվածությունների խախտումներից և լրացուցիչ տարածքներ զավթելու փորձերից խուսափելու միտումով։
– ԼՆ. Ինչու՞ վարչապետ Փաշինյանն անցյալ տարի հրաժարվեց Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ (ՀԱՊԿ) բանակցություններից և մերժեց համատեղ զորավարժությունները։
– Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ամենևին չխոչընդոտեց Ադրբեջանին դիմելու ագրեսիվ գործողությունների։ Բանակցությունների ընթացքում պահանջեցինք, որպեսզի ընդունվի հայտարարություն, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի կանոնակարգով, սակայն մեզ չբավարարեց այն, որ իրավիճակին չտրվեց հստակ քաղաքական գնահատական և այդ հարցով չկայացվեց հավաքական որոշում։
Ինչ վերաբերվում է զորավարժություններին, ՀՀ պաշտպանության նախարար տեղեկացրել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբին, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը Հայաստանի տարածքում։ Առնվազն այս տարի նման զորավարժանքներ չեն անցկացվի Հայաստանում։
– ԼՆ. Դուք համարվում եք որպես Ռուսաստանի դաշնակից։ Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ռուսական ռազմական ագրեսիայի վերաբերյալ Ուկրաինայում։
– Այն, ինչ հիմա կատարվում է, մեծ ողբերգություն է։ Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Մեզնից լավ նրանց ոչ ոք չի կարող հասկանալ, քանի որ իմ ազգը, մոտ երկու տարի առաջ, նույնպես առճակատվեց պատերազմին։ Զենքերը պետք է լռեն, փոխարենը՝ պետք է գերակայեն դիվանագիտությունն ու քաղաքական երկխոսությունը, և բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ ի շահ մարդկության։
Ներկայումս, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, իսկ մենք բախվում ենք միջազգային հանրության կողմից սահմանափակ հետաքրքրվածության, մեր տարածաշրջանի անվտանգության խնդիրները գնալով աճում են։ Ադրբեջանն օգտվում է այս կոնտեքստից, որպեսզի Հայաստանից առավելագույնը կիրառումը շահի: Միջազգային կազմակերպությունները և միջազգային հանրությունը իրենց հայացքն ուղղում են առավել լայն առճակատման վրա, որը տեղի է ունենում Ուկրաինայում։ Սեպտեմբերյան մարտերը՝ դրա հստակ ապացույցն են։ Տեղի ունեցավ ագրեսիա, որը դեռ անպատասխան է մնացել՝ բացառությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մի քանի երկրների հայտարարությունների։
– ԼՆ. Ըստ Ձեզ, ի վերջո, ինչպե՞ս պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը, որի նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ ունի ։
– 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղի հարավային հատվածը, նրա տարածքը զգալի փոքրացավ։ Այսօր Հայաստանում կան փախստականներ Լեռնային Ղարաբաղից։ Հարցն այն է, թե ինչպիսի լուծում տալ այդ խնդրին: Հայերը պետք է մնան իրենց պատմական տարածքում՝ անվտանգ և զերծ սպառնալիքներից։ Պետք է ունենան անվտանգության և մարդու իրավունքների պահպանման միջազգային երաշխիքներ։ Ադրբեջանի ղեկավարության պնդումը, թե ղարաբաղցի հայերը «իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված են», իմաստազուրկ են։ Այն, որ ղարաբաղցիները կտրված են արտաքին աշխարհից, և ստեղծվել է նախացեղասպանական իրավիճակ, վկայում է այն մասին, որ նրանք չեն կարող ապահով ապրել Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Մենք բոլորս ցանկանում ենք ավելի լավ ապագա: Որքան շատ խնդիրներ կան աշխարհում, այնքան ավելի շատ են դրանք արտացոլվում ամենուր։ Բոլորն էլ ցանկանում են խաղաղ ապրել, զարգանալ, բարգավաճել, բայց այն, ինչի ականատեսն ենք իրականում, ագրեսիա է և ագրեսորի կողմից գերակայություն ձեռք բերելու փորձ։
Դուք տեսնում եք մեծ պատկերի մի մասը՝ ձեր ավելի մոտ։ Մենք տեսնում ենք դրա մեկ այլ մասը՝ ձեզնից ավելի հեռու: Դուք ուզում եք, որ մենք տեսնենք ձեզ մոտ գտնվող մասը, սակայն չեք ուզում իրավիճակին նայել մեր տեսանկյունից։ Այսպես է սկսվում երկակի ստանդարտների ստեղծումը։ Կյանքը սև ու սպիտակ չէ, պարզ չէ։ Եվ սա է պետք հասկանալ»։
Պատրաստեց Արսեն Քոչարյանը
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա