Ծագումով սլովակ Անդրեյ Բաբիշը չեխ քաղաքական գործիչ և գործարար է։ 2011 թվականի վերջերից եղել է, այսպես կոչված, «ANO/ԴՔԱ-Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքացիական նախաձեռնության հեղինակը, հետագայում նաև՝ «ANO 2011» քաղաքական շարժման հիմնադիրը։ 2012 թ.-ի օգոստոսից դարձել է շարժման առաջին նախագահը։ 2013 թվականին, շահելով 18,65% ձայներ, շարժումը երկրորդ տեղն է զբաղեցրել ՉՀ-ի Պատգամավորների պալատի ընտրություններում՝ զիջելով Չեխիայի սոցիալ-դեմոկրատական (ČSSD) կուսակցությանը։ Ինքը՝ Բաբիշը, 2013 թվականի հոկտեմբերին ընտրվել է որպես Չեխիայի խորհրդարանի պատգամավոր։ 2014 թվականի հունվարին վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի կառավարությունում նշանակվել է որպես փոխվարչապետ և ֆինանսների նախարար։
Այնուհանդերձ, 2017 թվականի մայիսին կառավարական պաշտոններից հրաժարական է տվել այն դեպքից հետո, երբ վարչապետ Սոբոտկան պաշտոնանկության հայց է առաջադրել վերջինիս՝ ենթադրյալ սկանդալների, հարկերից խուսափելու և լրատվամիջոցներում լրագրողներին ուղորդելու համար։
2017 թվականի հոկտեմբերին, Պատգամավորների պալատի հաջորդ ընտրություններում «ANO» շարժումը հաղթել է՝ ձեռք բերելով 78 պատգամավորական մանդատ։ Անդրեյ Բաբիշը, որպես շարժման նախագահ և Կենտրոնական Չեխիայի թեկնածուների կուսակցական առաջնորդ, կրկին ընտրվել է ՉՀ-ի Պատգամավորների պալատի անդամ և պատգամավոր։
Նախագահ Միլոշ Զեմանը հոկտեմբերի 31-ին նրան է վստահել նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցությունների ընթացքը՝ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին վերջինիս նշանակելով Չեխիայի Հանրապետության վարչապետ։
Սակայն 2018 թվականի հունվարին, չշահելով Պատգամավորների պալատի վստահությունը, կառավարությունը հրաժարական է ներկայացրել՝ շարունակելով դեռ մնալ իր ղեկին։
2018 թվականի հունիսին նախագահ Զեմանը երկրորդ անգամ է Բաբիշին նշանակել վարչապետ՝ կրկին երկրորդ կառավարության ձևավորման առաջադրանքով։ Այդ ժամանակ, այսպես կոչված՝ Փոքրամասնության կաբինետը կազմված է եղել նախընտրական «ANO» և «ČSSD» կոալիցիոն շարժումների ներկայացուցիչներից՝ ունենալով Չեխիայի և Մորավիայի կոմունիստական կուսակցության (KSČM) աջակցությունն ու հանդուրժողականությունը, ինչի շնորհիվ, 2018 թվականի հուլիսին կառավարությունն ի վերջո արժանացել է Պատգամավորների պալատի վստահությանը։
Այդպիսով, 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի դեկտեմբերը, Անդրեյ Բաբիշը զբաղեցրել է Չեխիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը։
Այնուհետև, 2022 թվականի հոկտեմբերի 30-ին, ՉՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր թեկնածությունն է առաջադրել՝ 2023 թվականի հունվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկությամբ, որը դեռ ընթացիկ փուլի մեջ է։
Իր տնտեսական, քաղաքական և լրատվական զգալի ուժն ի նպաստ իրեն օգտագործելու պատճառով՝ վերջինիս հաճախ անվանում են «օլիգարխ», ով չեխական հայտնի Forbes ամսագրի 2022 թվականի վարկանիշում ճանաչվել է որպես ՉՀ-ի տարածքում 5-րդ ամենահարուստ չեխը՝ 107,8 մլրդ չեխական կրոնի ունեցվածքով։
Անդրեյ Բաբիշի երկար տարիների քրեական արկածները՝ «Չապի հնիզդո»
ֆերմերային ընկերության գործում
(* Čapí hnízdo-ն /Արագիլի բույն/ հանգստի, ժամանցի և կոնֆերանսների նպատակներով նախատեսված հյուրանոցային համալիր է, որը գտնվում է Կենտրոնական Չեխիայի՝ Սթրեդոչեսկի շրջանի Օլբրամովիցե վարչական մարզում: Այն հիմնականում խարդախությամբ դրամաշնորհված բնույթի գործ է՝ կապված ՉՀ-ի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի և այլ անձանց հետ։ Չապի հնիզդոյի երբեմնի տարածքը, SynBiol ընկերության միջոցով, որոշակի ժամանակ պատկանել է Անդրեյ Բաբիշին։ 2008 թվականին, «Ֆերմա Չապի հնիզդո» բաժնետիրական ընկերությունը (նախկինում՝ «ԶԶՆ ԱԳՐՈ Պելհրիմով»-ը, որը մինչև 2007 թվականը «ԱԳՐՈՖԵՐՏ» հոլդինգի մաս է կազմել), 50 միլիոն չեխական կրոնի դրամաշնորհ է տրամադրում համալիրի կառուցման համար՝ սուբսիդավորման իրավունքով: Իրականում նշված սուբսիդավորումը Եվրամիության կողմից նախատեսված է եղել միայն փոքր և միջին ձեռնարկությունների համար։
Ինչպե՞ս է Անդրեյ Բաբիշը հայտնվում ոստիկանության թիրախում։ Հետևենք «Ֆերմա Չապի հնիզդո» գործի ժամանակացույցին, որը խնամքով ներկայացնում ենք ստորև՝ օգտվելով չեխական մամուլի և լրատվական կայքէջերի տարբեր աղբյուրներից.
• 2006 թվական – Անդրեյ Բաբիշին պատկանող «ԱԳՐՈՖԵՐՏ» ձեռնարկությունների խմբից ԶԶՆ ԱԳՐՈ Պելհրիմով ընկերությունը դառնում է կալվածքի և թորած ալկոհոլային խմիչքներ արտադրող տեխնոլոգիական գործարանի տարածքի միակ սեփականատերը։
(*Հիշեցնենք, որ AGROFERT, a.s.-ն չեխական հոլդինգային կոնգլոմերատ է, որը դեռևս 1993 թվականին հիմնադրել է Ինժեներ Անդրեյ Բաբիշը՝ ընդամենը 4 աշխատողով։ Բաժնետիրական ընկերության գործունեությունը սկզբում կենտրոնացված է եղել պարարտանյութերի առևտրով։ Այսօր նրան են պատկանում ավելի քան 250 դուստր ձեռնարկություններ, որոնք հիմնականում գործում են գյուղատնտեսության, սննդի, քիմիական արդյունաբերության, անտառային և փայտաարդյունաբերության, հողային տեխնոլոգիաների, տրանսպորտային և լրատվամիջոցների ոլորտներում – խմբ. նշում):
• 2008 թվական – «ԶԶՆ ԱԳՐՈ Պելհրիմով» ընկերության անունը փոխվում է «Ֆերմա Չապի հնիզդո» անվան՝ այդ ժամանակվանից ունենալով սակայն անհայտ սեփականատեր, որի օրոք հաստատվում է վերը նշված 50 մլն չեխական կրոնի սուբսիդավորումը։
• 2010 թվական – «Ֆերմա Չապի հնիզդո» հյուրանոցային համալիրն արդեն սկսում է գործել։
• 2011 թվական – հաշվեստուգման ընթացքում պարզվում է, որ «Ֆերմա Չապի հնիզդո»-ն խախտել է սուբսիդավորման պայմանները, որի դիմաց ստանում է 6 միլիոն չեխական կրոնի չափով տուգանք։
• 2012 թվական – տուգանքի մեծ մասը ներվում է, որի արդյունքում ընկերությունը պարտավորվում է վճարել ընդամենը 37 հազար չեխական կրոն, դրան գումարած և որոշակի մանր տուգանքներ։
• 2015 թվականի հոկտեմբեր – «Մատրիքս ԱԲ» ֆիլմի պրեմիերային Անդրեյ Բաբիշը ելույթի ժամանակ նշում է. «Սա իմ հորինած այն լավագույն նախագիծն է, որով երբևէ հանդես եմ եկել։ Այդ մտահաղացումն ինձ մոտ առաջացել է՝ երեխաներիս հետ կենդանաբանական այգում հերթի մեջ սպասելիս»։
• 2015 թվականի նոյեմբեր – ՉՀ-ի գլխավոր դատախազ՝ տիկին Լենկա Բրադաչովան կասկած հարուցող և քրեական բնույթի անանուն բողոք է ստանում «Ֆերմա Չապի հնիզդո»-ի վերաբերյալ։
• 2015 թվականի դեկտեմբեր – Չեխական ոստիկանությունը ուսումնասիրում է ընկերության օգտին 50 միլիոն կրոնի սուբսիդավորման տեղաշարժը։
• 2016 թվականի հունվար – անանուն բողոքի հիման վրա հարուցված քրեական գործով՝ ոստիկանությունը պաշտոնապես հետաքննություն է սկսում «Ֆերմա Չապի հնիզդո»-ի սուբսիդավորման առնչությամբ։
• 2016 թվականի մարտ – պարզվում է, որ «Ֆերմա Չապի հնիզդո»-ի գործով Անդրեյ Բաբիշը ստել է։ Ուստի գործը հասնում է Չեխիայի Խորհրդարանի արտահերթ նիստի քննարկմանը, որում պարզվում է, որ քաղաքական գործիչն իր երեխաներին և կնոջն է գրանցած լինում որպես «Ֆերմա Չապի հնիզդո»-ի սեփականատերեր։
• 2017 թվականի հուլիս – Անդրեյ Բաբիշը, իր խոսքերով ասած, անցնում է «հարցաքննությունների ծանր փուլ»՝ վերոհիշյալ դրամական խարդախության գործով։
• 2017 թվականի օգոստոս – ՉՀ-ի ոստիկանության կոմիսար՝ Պավել Նևտիպիլը խնդրում է ՉՀ-ի Պատգամավորների պալատին իրեն հանձնել Անդրեյ Բաբիշին և Յարոսլավ Ֆալտինեկին՝ ԵՄ-ի սուբսիդավորման գործում, այլ անձանց հետ միասին, խարդախության մեջ կասկածվելու առիթով։
Այնուհետև Անդրեյ Բաբիշը, քաղաքականացնելով քննչական գործընթացը, մեղադրում է ոստիկանությանը՝ իր դեմ ընդդիմության պատվերով գործելու մեջ և զայրացած հանդիմանում է քննիչ Նևտիպիլին։ Սակայն այդ ժամանակվա ոստիկանապետ՝ Միլոշ Տրոյանեկն անսովոր խիստ կերպով առարկում է Բաբիշին և նեցուկ է կանգնում իր ենթակա Նևտիպիլի հարուցած մեղադրանքին՝ ընդդեմ քաղաքական գործչի ու նրա հանցակիցների։
• 2017 թվականի սեպտեմբեր – ՉՀ-ի Պատգամավորների պալատը Բաբիշին և Ֆալտինեկին զրկում է անձեռնմխելիությունից։ Շուտով, սուբսիդավորման խարդախության կասկածանքով մեղադրանք է առաջադրվում ոչ միայն երկու քաղաքական գործիչներին, այլև Բաբիշի դստերը՝ Ադրիանային, որդուն՝ Անդրեյին, կնոջը՝ Մոնիկային և նրա եղբորը։ Ընտանիքի անդամներից բացի, քրեական պատասխանատվության են ենթարկվում նաև Բաբիշի ենթակաները՝ «ԱԳՐՈՖԵՐՏ» ձեռնարկությունից։ Գործը լսելու առնչությամբ հարցաքննությունների շարան է նախապատրաստվում ՉՀ-ի ոստիկանության կողմից։
Նույն ամսին Անդրեյ Բաբիշ կրտսերն անհետանում է Չեխիայի տարածքից՝ հավանաբար հարցաքննություններից խուսափելու պատրվակով։
• 2017 թվականի դեկտեմբեր – Ադրիանայի և կրտսեր Անդրեյի փաստաբանները ոստիկանությանը ներկայացնում են բժշկական զեկուցագրեր, որոնց հիմնավորմամբ ՉՀ-ի վարչապետի երեխաները, իբր «վատառողջ» լինելու պատճառով, չեն կարողանում մասնակցել քրեական գործի հարցաքննմանը։
• 2018 թվականի ապրիլ – Չեխիայի Հանրապետության Անվտանգության ծառայության ուժերի գլխավոր տեսչության պետ՝ Միխալ Մուրինի հայտարարված պաշտոնաթողությունից հետո, ուժային կառույցների այլ առանցքային անձինք նույնպես սկսում են լրջորեն մտածել իրենց պաշտոններից հեռանալու մասին: «Ընդ որում, դրանք հիմնականում «Ֆերմա Չապի հնիզդո»-ի գործի հետաքննության հետ քիչ թե շատ առնչություն ունեցած ոստիկաններ էին. օրինակ՝ ՉՀ-ի ոստիկանության նախագահ՝ Տոմաշ Տուհին, Պրահայի ոստիկանապետ՝ Միլոշ Տրոյանեկը և կոմիսար՝ Պավել Նևտիպիլը»,-գրում է seznamzpravy.cz կայքէջը։
Կարճ ժամանակ անց Պրահայի ոստիկանությունում սկսվում են իրար հաջորդող կադրային փոփոխություններ։ Նախ՝ հեռանում է ոստիկանապետ Միլոշ Տրոյանեկը՝ պատվիրելով քաղաքական գործիչներին որևէ կերպ չազդել հետաքննության վրա։ Այնուհետև, Տրոյանեկին հաջորդում է ևս մեկ առանցքային դեմքի, քրեական ոստիկանության և հետախուզության գծով տեղակալ՝ Իվան Սմեկալի հեռացումը պաշտոնից, ով հանձնակատար Պավել Նևտիպիլի մյուս վերադասն էր։ Ըստ չեխական Neovlivní.cz կայքէջի տեղեկացման. «Սմեկալը չի ցանկացել մեկնաբանել իր հեռանալու պատճառները՝ սկզբում անգամ չհաստատելով այն։ Պրահայի ոստիկանության վարչությունը նույնպես չի մանրամասնել վերջինիս հրաժարականը»։ Պարզապես, նախազգուշացվել է Սմեկալի և Պրահայի ոստիկանության նոր ղեկավար՝ Յան Պտաչեկի միջև աշխատանքային «ոչ բարվոք» հարաբերությունների մասին, «ով այդ պաշտոնին էր անցել արդեն վարչապետ Բաբիշի օրոք»,-ավելացնում է prazskypatriot.cz կայքէջը։
Սմեկալի փոխարեն փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում է ոստիկանության ծառայակցուհի՝ Ռադկա Դրեքսլերովան, ով դեռ չէր աշխատել Պրահայի ոստիկանության վարչակազմում։
• 2018 թվականի մայիս – գլխավոր դատախազ՝ Յարոսլավ Շարոխը դադարեցնում է չեխական «ANO» քաղաքական շարժման փոխնախագահ Յարոսլավ Ֆալտինեկի և երեք այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը, (որոնք նույնպես ներգրավված էին ԵՄ-ի կողմից դրամաշնորհման խարդախության գործում)՝ փոխարենը առավել ակտիվացնելով հետապնդումը Անդրեյ Բաբիշի և նրա հանցակից ընտանիքի անդամների նկատմամբ։
• 2018 թվականի հունիս – Անդրեյ Բաբիշն առաջին անգամ հարցաքննվում է որպես մեղադրյալ։ Ոստիկանությունում ներկա են լինում նաև նրա կինը՝ Մոնիկան և դուստրը՝ Ադրիանան՝ երկուսն էլ հրաժարվելով որևէ ցուցմունք տալուց։ Անդրեյ Բաբիշ կրտսերը կրկին չի ժամանում ոստիկանություն:
• 2018 թվականի նոյեմբեր – վարչապետի որդին՝ Անդրեյ Բաբիշ կրտսերը, չեխական մամուլին հայտարարում է, թե. «Հայրս ուզում էր, որ Չեխիայից հեռանամ։ Ուստի նրա համագործակիցները, իմ կամքին հակառակ, ինձ պահում էին Ղրիմում»։ Իրականում վերջինս այնտեղ անցկացնում է մի քանի շաբաթներ։
Այդ հայտարարությանն ի պատասխան՝ հայրը որդուն բնութագրում է որպես հոգեկան հիվանդ՝ հերքելով նրա առևանգման մեղադրանքը։ Այնուհանդերձ, նման տեղեկությունը քաղաքական ճգնաժամ է առաջացնում։ Սակայն Բաբիշի կառավարությունը Պատգամավորական պալատում դիմակայում է այն տապալելու ընդդիմության փորձին։
Այս ամենին զուգընթաց՝ Չեխիայի Հանրապետությունը դիմում է Եվրահանձնաժողովին՝ «Ֆերմա Չապի հնիզդո»-ի նախագիծը հավաստագրումից բացառելու խնդրանքով, ինչը հաստատվելուց հետո կնշանակեր, այսպես կոչված, /ROP Central Bohemia/ Կենտրոնական Չեխիայի դրամաշնորհման (ՏԳԾ) Տարածաշրջանային գործառնական ծրագրից նախագծի դուրս բերում, ինչպես նաև սուբսիդիայի վերադարձ՝ պետական բյուջեից։ Այդպիսով Եվրամիության մարմինները կկորցնեին այդ ողջ գործով զբաղվելու իրենց բոլոր լիազորությունները։ Մինչդեռ Բաբիշի ազդեցության տակ գործող ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթը հավաստում է, իբր ԵՄ-ի մարմիններն իրենք են սուբսիդավորման ծրագրից նախագծի դուրս բերման ցանկություն առաջադրել։ ՉՀ-ի դատախազությունը խորհուրդ է տալիս Ֆինանսների նախարարությանը չհրապարակել OLAF-ի* զեկույցը՝ հետաքննության գործում ընդգրկվելու պատճառով։
(* OLAF-ի զեկուցագիրը, որը Չեխիա է մուտք գործել 2018 թվականի սկզբին, ամփոփում է «Ֆերմա Չապի հնիզդո» նախագծի եվրոպական սուբսիդավորման օրինականության վերաբերյալ հետաքննության արդյունքները։ Այն նաև օգտագործվել է որպես սուբսիդավորման խարդախության պատճառով Անդրեյ Բաբիշի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ապացույց – խմբ. նշում).
• 2019 թվականի մարտ – չեխական ոստիկանությունը եզրափակում է «Ֆերմա Չապի հնիզդո»-ի սուբսիդավորման գործի հետաքննությունը, և մեղադրյալներին հնարավորություն է տրվում մանրակրկիտ ծանոթանալու հարուցված գործին՝ առկայության դեպքում առաջարկելով հետաքննության հավելյալ լրացումներ։
• 2019 թվականի ապրիլ – Պրահայի ոստիկանությունը Պրահայի դատախազ Յարոսլավ Շարոխին է հանձնում «Չապի հնիզդո» հյուրանոցային համալիրի կառուցման հիսուն միլիոն սուբսիդավորման գործը։
Ոստիկանության վերը նշված պաշտոնյաների հեռանալուց հետո, Բաբիշի դեմ գործող կոմիսար Նևտիպիլի թիկունքը, այնուամենայնիվ, մնում է անպաշտպան։ Երեք տարվա աշխատանքի արդյունքում ձեռք բերելով որոշակի ապացույցներ՝ քննիչը դատախազ Շարոխին առաջարկում է դատարանի առաջ կանգնեցնել ՉՀ-ի վարչապետին, ինչի առիթով չեխական Reflex (27.5.2019թ.) շաբաթական հանդեսը վերջինիս բնութագրում է որպես. «Ռեֆլեքսի աստղը. Ոստիկանության քննիչ Պավել Նևտիպիլ կամ ճնշման տակ գործող մարդը» հոդվածում՝ միաժամանակ ընդգծելով, որ. «Չնայած Բաբիշի ՄՖ ԴՆԵՍ և ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթերի միջոցով իր վրա գործադրվող աննախադեպ ճնշմանը, Նևտիպիլը, այնուամենայնիվ, ավարտեց իր աշխատանքը՝ հանձնելով այն դատախազին»։
• 2019 թվականի հուլիս – ոստիկանությունը «Ֆերմա Չապի հնիզդո» ընկերության ղեկավարության հետ կապված հաջորդ քրեական գործն է հարուցում՝ վերջիններիս հարկերից խուսափելու հանցագործության կասկածանքով։ Neovlivní.cz կայքէջի բացահայտմամբ, խոսքը վերաբերվում է (ԱԱՀ)-ավելացված արժեքի հարկի նվազեցմանը՝ գովազդի վրա հարյուր միլիոն կրոն գումարի ծախս ներկայացնելու և այլ կասկածելի հարկային իրավախախտումների միջոցով, ինչը քրեական հետախույզների կողմից դիտարկվում է որպես հարկային դաշտում ծանր հանցագործություն։
• 2019 թվականի սեպտեմբեր – «Վարչապետ Բաբիշի համար սկսվում է իր երկար սպասված օրը՝ մեծատառ «Օ»-ով: Դատախազն այլևս չի հետաձգում «Չապի հնիզդո»-ի գործի վճռի կայացումը»,-կարևորում է seznamzpravy.cz կայքէջը։ Պրահայի դատախազ՝ Յարոսլավ Շարոխը, որպես վերահսկող դատախազ, գալիս է այն եզրահանգման, որ Անդրեյ Բաբիշը և նրան հանցակից մյուս մեղադրյալներն ամենևին չեն խախտել օրենքը՝ այդպիսով չեղարկելով վերջիններիս հանդեպ հարուցված քրեական հետապնդումը։
Ընկերությունն ունեցե՞լ է արդյոք դրամաշնորհման կարիք: Դրանում ի՞նչ դեր է խաղացել վարչապետ Բաբիշը։
Պրահայի դատախազ Շարոխի կողմից դատական գործի չեղարկումից մոտ երեք ամիս անց, 2019 թ. դեկտեմբերի վերջին, Չեխիայի գլխավոր դատախազ՝ Պավել Զեմանը կարևոր վճիռ է կայացնում՝ ընկերության գործը վերադարձնելով քննիչներին և Պրահայի դատախազությանը, որպեսզի այն կրկին վերանայեն։ Իսկ դա նշանակում է, որ գլխավոր դատախազի համար Անդրեյ Բաբիշը, սույն գործով, դեռ շարունակում է մնալ կասկածյալ։
Թե ինչու է հանրապետության գլխավոր դատախազը փոխում Պրահայի դատախազ՝ Յարոսլավ Շարոխի որոշումը, ըստ որի գործը պետք է հետաձգվեր, Պավել Զեմանը մանրամասն լուսաբանում է իր վճռի ավելի քան վաթսուն էջերում՝ (Տեղեկատվության ազատ հասանելիության մասին օրենքի համաձայն, նշված 60 էջանոց փաստաթղթի բովանդակությանը (որում զգայուն տվյալները ներկայացված են անանուն կերպով) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.seznamzpravy.cz/clanek/rozhodnuti-v-kauze-capi-hnizdo-kompletne-k-cemu-dosel-pavel-zeman-85362)։
• 2021 թվականի հունիս – պաշտոնաթողության հերթը, ի վերջո, հասնում է ոստիկանության կոմիսար և քննիչ՝ Պավել Նևտիպիլին, սակայն այս դեպքում՝ թոշակի անցնելու դադարով։ Իր վերջին աշխատանքային օրը, որոշակի փաստարկների հիման վրա, Նևտիպիլն առաջարկում է դատախազին, այնուամենայնիվ, մեղադրական եզրակացություն ներկայացնել վարչապետ Անդրեյ Բաբիշի և «ԱԳՐՈՖԵՐՏ»-ի նախկին մենեջեր՝ Յանա Մայերովայի դեմ։
• 2023 թվականի հունվար – Պրահայի քաղաքային դատարանը երկուշաբթի օրը (9.1.2023թ.), դատավոր Յան Շոտի կայացրած արդարացման դատավճռի հիման վրա, Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշին և նրա նախկին խորհրդական Յանա Մայերովային՝ (Նագիյովային) անմեղ է ճանաչում՝ ֆինանսական խարդախության կասկածանքով վերջիններիս դեմ հարուցված քրեական գործով։ Լրագրողների այն հարցին. «Եթե Անդրեյ Բաբիշը և Յանա Նագիյովան չեն կատարել ոչ մի հանցագործություն, ապա Ձեր դատավճռից կարելի է անուղղակիորեն հետևություն անել, թե «Ֆերմա Չապի հնիզդո» (FČH) ընկերությունն ունեցել է հիսուն միլիոն եվրոպական սուբսիդիայից օգտվելու լիարժեք իրավու՞նք»,- դատավոր Շոտը, իրականում չտալով ոչ մի լիարժեք պատասխան, փորձել է շրջանցել իրադրությունը հետևյալ մեկնաբանությամբ. «Այդ հարցին կկարողանար պատասխանել միայն Վարչական դատարանը, որը հավանաբար կուսումնասիրեր ընկերության ընդհանուր գործունեությունը։
Հնարավոր է, որ նմանատիպ դատավճիռներ կայացնելիս (ինչպիսին 2014 թվականին էր) եզրակացներ, որ տվյալ հարցում, ըստ հասունացած իրավիճակի, «Ֆերմա Չապի հնիզդո»-ն թեև ֆորմալ առումով կարող էր իրավունք ունենալ ստանալու սուբսիդիան, բայց նյութապես չպետք է ստանար։ Սակայն մենք քննարկեցինք մի հարց, որը հնչում էր այլ կերպ. 2008 թվականին իմանալով հանդերձ, որ ընկերությունը չունի սուբսիդավորման իրավունք, տիկին Նագիյովան տրամադրե՞լ է արդյոք ոչ հավաստի տվյալներ։
Այսինքն, համաձայն այդ ժամանակ գործառության մեջ եղած մեկնաբանությունների, հնարավո՞ր էր արդյոք որոշել, թե ընկերությունը սուբսիդավորման իրավունք չունի։ Կարծում եմ՝ նույնիսկ այսօր հնարավոր չէ այդ հարցին հստակ պատասխանել»,- գրում է novinky.cz կայքէջը։
Ընկերության մենեջեր և միևնույն գործով հաջորդ մեղադրյալ՝ Յանա Նագիյովան*, չեխական ՊՐԱՎՈ (10.01.2023թ.) օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում, չի թաքցրել իր հրճվանքը վերոհիշյալ գործով իրեն և Բաբիշին արդարացում շնորհելու դատարանի նախորդ օրվա վճիռից։
(*Յանա Նագիյովան ազգությամբ սլովակ դերասանուհի է։ Նույն ինքը՝ Յանա Շլեգելովան՝ առաջին ամուսնությունից։ Նույն ինքը՝ Յանա Նեչասովան՝ երկրորդ ամուսնությունից (ՉՀ-ի նախկին վարչապետ՝ Պետր Նեչասի կինը: Պետական ծառայող)։ Նույն ինքը՝ Յանա Մայերովան՝ (երրորդ ամուսնությունից)։ «Ֆերմա Չապի Հնիզդո» ընկերության մենեջեր և համապատասխան գործով մեղադրյալներից մեկը։ Յիհլավայի շրջանի նախկին փոխքաղաքապետ – խմբ. նշում)։
Քրեական գործի չեղարկման առիթով Նագիյովան պատասխանել է ՊՐԱՎՈ օրաթերթի հետևյալ հարցերին.
– Ի՞նչ կասեք արդարացման մասին: Չէի՞ք սպասում, որ այսպես կստացվեր։
– Հավատում էի, որ մի օր պետք է այսպես լիներ։ Հույս ունեի, որ այս դատարանը կորոշեր ճիշտ այնպես, ինչպես որ արեց, քանի որ դատավորը՝ (Յան Շոտը), իմ տեսանկյունից, ակնհայտորեն շատ մանրակրկիտ քննող էր։ Հարցրեց գրեթե ամեն ինչի մասին։ Ուստի մտածում էի՝ եթե այնտեղ ինչ-որ բան լիներ, անշուշտ կգտներ: Քանզի գիտեի, որ գտնելու ոչինչ չկար։ Անշուշտ 5,5 տարի անց, եթե ինչ-որ բան պետք է համարվեր սխալմունք, արդեն համարվեց։ Իսկ իմ մեջ մասամբ մնացին որոշ կասկածներ։
-Անդրեյ Բաբիշն ասաց, որ դա, ավելի շուտ, քաղաքական հետապնդում էր, քան՝ քրեական։ Դուք նույնպե՞ս նույն կարծիքին եք։
– Ըստ իս, եթե պարոն Բաբիշը չլիներ քաղաքականության մեջ, այս ամբողջ գործը քննող ոստիկանն այն վաղուց դեն նետած կլիներ իր աշխատասեղանից։ Ի վերջո կհասկանար, որ դրանում չկար քրեական հետապնդման որևէ հիմք։
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ «Ֆերմա Չապի հնիզդո»-ի գործը առաջ է քաշվել՝ դրա հավանական կայացումից յոթ-ութ տարի անց։
– Ես այդ հարցին արդեն անդրադարձել եմ դատարանին տված իմ ցուցմունքում։ Երկար ժամանակ բոլորը լավ էին վերաբերվում նախագծին, մեզ գովում էին։ Չկար ոչ մի խնդիր, ոչ մի ստուգում կամ որևէ կասկած՝ ինչ-որ մեկի կողմից։ Բայց երբ հանկարծ Բաբիշը քաղաքականության մեջ է հայտնվում, միանգամից ստանում ենք ծանուցում և սկսվում են ստուգումներ։ Ողջ կյանքումս հոգացել եմ լավ համբավ ունենալու և որպես փորձագետ ընկալվելու մասին։ Բայց սա մի պահ կոտրեց ինձ։
ՊՐԱՎՈ օրաթերթի (10.01.2023թ.) «Բաբիշը գնում է ընտրությունների՝ մեղքերից սրբված» հոդվածում ՉՀ-ի նախագահի թեկնածուն իր եզրափակիչ խոսքում ընդգծում է հետևյալը. «Հայցվորը՝ հանրապետության գլխավոր դատախազը, չունի դատավճռի դեմ բողոքարկման և ոչ մի պատճառ, քանի որ չունի հանցանքների դեմ որևէ ապացույց»։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա