Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճեց համաշխարհային Operalia 2022 մրցույթի Առաջին մրցանակը եւ Ռոլեքսի՝ Հանդիսատեսի մրցանակը

  • 31.10.2022
  • 0
  • 532 Views

Հոկտեմբերի 30-ին Լատվիայի Ազգային թատրոնում ավարտվել է Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող Operalia 2022 համաշխարհային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ աշխարհի տասնյակ երկրներից։ Հայաստանը ներկայացնող սքանչելի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է ոչ միայն Առաջին մրցանակը, այլեւ Ռոլեքս ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ Rolex Prize of the Audience։ Ի դեպ, 1993 թվականից գործող մրցույթում, Ջուլիանան առաջին հայն է Հայաստանից, որն արժանանում է Առաջին տեղի մրցանակին։

2000 թվականին Առաջին մրցանակի է արժանացել նաեւ կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, որն արժանացել է նաեւ ZARZUELA PRIZE PEPITA EMBIL DE DOMINGO մրցանակին։ Տարբեր տարիներին այս մրցույթում այլ մրցանակների են արժանացել մի քանի հայազգի երգիչներ՝ 2021-ին Հայաստանից սոպրանո Մանե Գալոյանն արժանցել է երեք մրցանակի՝ Երկրորդ տեղի, ZARZUELA PRIZE PEPITA EMBIL DE DOMINGO մրցանակի եւ Ռոլեքսի Հանդիսատեսի մրցանակներին, Ռուսաստանից սոպրանո Քրիստինե Մխիթարյանը 2017-ին՝ Երկրորդ տեղի մրցանակին։ 2018-ին տենոր Միհրան Աղաջանյանը, որը ներկայացրել է Ռուսաստանը, նույնպես արժանացել է Երկրորդ մրցանակին։ 2000 թվականին Հայաստանից բարիտոն Առնոլդ Քոչարյանը գրավել է Երրորդ տեղը։ 2001 թվականին Վրաստանից Ելիզավետա Մարտիրոսյանն էլ արժանացել է Հանդիսատեսի մրցանակին։

2022ին Տղամարդկանց անվանակարգում Առաջին մրցանակի է արժանացել ԱՄՆ ներկայացնող երիտասարդ տենոր Էնթնի Լեոնը /Anthony León/, ում տրվել է նաեւ Պլասիդո Դոմինգոյի հոր անվան մրցանակը՝ The Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela։ Տղամարդ կատարողներից հանդիսատեսի մրցանակին արժանացավ Հարավային Կորեայից բարիտոն Յոնգյուն Պարկը/Youngjun Park/։ Մրցանակները հանձնել է անձամբ Պլասիդո Դոմինգոն։

Հիշեցնենք, որ այս տարի հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթում Ջուլիանան նվաճել էր գլխավոր՝ Գրան Պրի մրցանակը, որը անցած 30 տարիներին երրորդ անգամ է տրվել։

Իսկ անցյալ տարի չեխական Բռնոյում Ջուլիանան հանդես եկավ Հայաստանի մշակույթի օրերին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ ելույթ ունենալով եզրափակիչ համերգի վերջում։

Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ հայրենակցուհուն եւ մաղթում կանաչ լույս օպերային արվեստի բարձունքներին հասնելու ճանապարհին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում